Ո՞ւր էր, թե կոմպրոմատները միայն մե՛ր քթից բերեին. պետության քթից են բերում

Ո՞ւր էր, թե կոմպրոմատները միայն մե՛ր քթից բերեին. պետության քթից են բերում

Մի ռուսական կինոնկար կա, հիմա դժվար է հիշել անվանումը: Իրադարձությունները տեղի են ունենում Վիտեբսկում, Հայրենական պատերազմից հետո: Գերմանացիները չեն հասցրել իրենց հետ տանել արխիվը, որում իրենց հետ համագործակցած խորհրդային քաղաքացիներին վերաբերող կոմպրոմատներ են: Այն կողմից գործակալներ են ուղարկվում՝ արխիվը գտնելու համար: Պարզ է, հետագայում գործակալական ցանցը զարգացնելու նպատակով։ Այդ քաղաքացիներն ընտրություն չունեն, բացի հլու-հնազանդ ծառայելուց, այլ դեպքում ԿԳԲ-ի ձեռքը կընկնեն: ԿԳԲ-ի մի սպա՝ բարետես, մարդկային բարձր հատկանիշներով, Մոսկվայից գործուղվում է Վիտեբսկ՝ արտասահմանյան գործակալներից առաջ արխիվը գտնելու համար: Գտնում է եւ պահում իր սենյակում, որը վարձակալությամբ տրամադրել էր մի տարեց մարդ: Այդ սպան սիրահարվում է մի կնոջ, որի հետ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ արխիվն իր հետ վերցնելով: Արխիվն ընկնում է այդ տարեցի ձեռքը, ով լավ է ճանաչում իր համաքաղաքացիներին ու գիտի, որ նրանց գերմանացիները ստիպել են համագործակցել: Նա այրում է այդ արխիվը՝ գիտակցելով, որ եթե ԿԳԲ-ի ձեռքն ընկնի, ապա առանց այդ էլ անասելի տառապանքների միջով անցած այդ մարդիկ կհայտնվեն իրական դժոխքում: Սպան հուսահատության մեջ է: Բայց տարեց մարդը բացատրում է, որ չի կարելի մարդկանց կրկին ենթարկել փորձության, մանավանդ, որ նրանք իրենց կամքով չեն հայտնվել նման իրավիճակում: Մի խոսքով, այս սպային ազատում են աշխատանքից, եւ նա իր սիրած կնոջ հետ մնում է Վիտեբսկում ու, կարծես, ավելի երջանիկ է զգում իրեն:

Ինչեւէ: Ռուզան Խաչատրյանը կարեւոր թեմա է շոշափել՝ «Եղեք խելոք, սիրուն աղջկա պես. էդ կոմպրոմատները մեր քթից են բերում» հոդվածում («Հրապարակ», 22 հուլիս, 2021): Հիմա տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ ոչ միայն հատուկ ծառայություններն են տեսնում եւ լսում, այլեւ մասնավոր անձինք: Թեպետ հատուկ ծառայություններում էլ հանդիպում են Ձերժինսկու պատգամները ոտնահարողներ, ովքեր պետության համար ձեռք բերված տեղեկատվությունն օգտագործում են անձնական շահ ստանալու նպատակով:

Ոչինչ անել հնարավոր չէ: Պետք է ապրել դրա հետ: Արտասահմանյան լրահոսում վերջերս հանդիպեց մի հրապարակում, որում միտք կար, որ մարդիկ սովորում են ապրել քովիդի հետ: Անշուշտ, մեր երկիրը խոցելի է բոլոր կողմերից, ցանկալի կլիներ, որ գոնե կոմպրոմատների մասով այդպիսի իրավիճակ չլիներ: 
Տեղեկատվական դարաշրջանում սոցիալական իշխանությունը հիմնված է տեղեկատվության նկատմամբ վերահսկողության վրա: Հետեւաբար, նրանք, ովքեր օրենքով, թե դրա ոտնահարմամբ, տիրապետում են անհատական տեղեկատվության, կարող են իշխանություն ունենալ նաեւ իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնողների նկատմամբ: Հետեւաբար, հնարավորություն է առաջանում՝ ներգործել քաղաքական որոշումների վրա, այսինքն՝ պետության վրա: Հանցագործություն է, ստորություն է, բայց, միաժամանակ, գայթակղիչ է:


Գագիկ Վարդանյան