Տխուր մտքեր…

Տխուր մտքեր…

2020 թվականի պատերազմում մեր խայտառակ պարտությունից անցել է ավելի քան ութ ամիս, սակայն ես չեմ հանդիպել որեւէ տեղեկատվության՝ բանակի վերականգնման եւ սահմանային դիրքերի ամրացման մասին: Եթե, իհարկե, հաշվի չառնենք պաշտոնական կամ կիսապաշտոնական մեկ-երկու կիսատ-պռատ հայտարարություն այդ առումով: Ինչպես նաեւ՝ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ներկայացող անձի պատասխանը ԱԺ դեռեւս գործող պատգամավոր Թ. Թովմասյանի՝ մեր երկրի հյուսիս-արեւելյան սահմանների ամրացման հարցին: ՀՀ վարչապետի ԺՊ-ն ասել էր, եթե չեք մոռացել, որ կատարվում է ակտիվ աշխատանք, սակայն այնպես, որ դրա մասին չիմանան տիկին Թովմասյանն ու ադրբեջանցիները: Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ոչ մի աշխատանք էլ չի կատարվել, եւ ԺՊ-ն երեւի նկատի է ունեցել վիրտուալ ինչ-որ անորոշ երեւույթ: 

Եվ կրկին կարճ ժամանակ անց պարզվեց, որ ադրբեջանցիները չեն բավարարվել մեր արեւելյան սահմաններով եւ որոշել են տարածքային պատառներ պոկել նաեւ Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններից: Եվ առաջին հարվածը հասցրին Երեւանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա գտնվող Երասխի ուղղությամբ: Բնականաբար, ՀՀ զինված ուժերը թշնամու կրակոցներին մի թեթեւ հակադարձելուց բացի ուրիշ ոչինչ չձեռնարկեցին (ասենք, կրակակետերի ոչնչացումը): Բայց մեր բախտից այնտեղ արդեն առկա է ռուսական զորախումբ, եւ հույս կա, որ վերջինս կխոչընդոտի ադրբեջանցիների մուտքը նաեւ այդ ուղղությամբ: Ի՞նչ պատասխանեց Հայաստանի ռազմական ղեկավարությունն ադրբեջանցիների հերթական սադրանքին. ընդամենը մի քանի անատամ հայտարարություն: Իսկ քաղաքակա՞ն ղեկավարությունը. շատ ավելի անատամ մեկ-երկու հայտարարություն եւ խաղաղություն չցանկացող թշնամու հետ խաղաղություն կնքելու մասին մեկ-երկու անիմաստ ելույթ:

Բայց եթե նույնիսկ այս ամենը տեղի չունենար, ես Նիկոլին չէի կարող ներել այն ամենի համար, ինչ նա արեց հեղափոխության անվան ներքո: Ինչի դեմ ես ավելի քան մեկուկես տասնամյակ պայքարել եմ նախկինների ժամանակ: Դա թե՛ դատական համակարգի անկախությունը ոտնահարելն էր՝ հանուն անձնական վրեժխնդրության, թե՛ իր ընտանիքի ազգուտակին խորհրդարան տանելն էր, թե՛ 120 միլիոն դոլար գումարի վատնումն էր պարգեւավճարների տեսքով՝ հանուն իբրեւ թե հեղափոխական նվիրյալներին (իշխանափոխությունից հետո շատ արագ պարզվեց, որ դրանք հեչ էլ նվիրյալ չեն) կաշառելու, թե՛ ժողովրդի իշխանության անվան ներքո բռնապետություն հաստատելու եւ այդ թվում՝ նախկիններից շատ ավելի կոպիտ ձեւով հանուն իշխանության պահպանման իրավապահներին օգտագործելու եւ այդ թվում՝ համապետական ընտրության ընթացքում ոստիկանությունն ընդդեմ ընդդիմադիրների քսի տալու, թե՛ երկակի չափանիշների օգտագործման համար, երբ մարզպետը կամ այլ իշխանավոր կարող է համայնքապետին ստիպողաբար ուղղորդել եւ նույնիսկ ծեծել ընտրության հարցում եւ որեւէ պատասխանատվություն չկրել, իսկ շատ ավելի թույլ արարքի համար անմեղը բանտարկվի, թե՛ հասարակության ստորին խավերի մշակույթը (ավելի ճիշտ՝ հակամշակույթը) իր վարքով եւ բառապաշարով «լեգիտիմացնելու» համար եւ այլն, եւ այլն… 

Այս ամենի դեմ ես կռիվ եմ տվել իմ կյանքի վերջին 15 տարիներին, ու պարզվում է, որ այդ տարիները պարզապես ջուրն են ընկել: 2018-ին համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած Նիկոլը խոստացել է կյանքի կոչել այդ ամենը եւ դրժել է իր խոստումը: Հերիք չէ դրժել է, հլա մի բան էլ ավելի է ծանրացրել այդ երեւույթների դեմ հետագա պայքարը, քանի որ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո դրանք առանձնակի ծաղկում են ապրել: Եվ եթե նախկինների օրոք հնարավոր էր ինչ-որ բան փոխել՝ թեկուզ դանդաղ ու աստիճանաբար, ապա այսօր դրանք դարձել են տասներորդական նշանակության հարցեր: Այսօր մարդ պետք է մտածի առաջին հերթին հայրենիքը փրկելու մասին: Իսկ դա նշանակում է, որ պետք է կարողանա առաջին հերթին Նիկոլին հեռացնել իշխանությունից, այնուհետեւ տանելիության չափ շողուլի բերել կառավարման համակարգը, այնուհետեւ կռիվ մղել ընդդեմ արտաքին թշնամիների ու ամենավերջում մտածել ներքին բացասական երեւույթները վերացնելու մասին: Ասվածը, բնականաբար, չի ընկալել ու չի ընկալելու նիկոլապաշտ զոմբիացված կենսազանգվածը, իսկ առանց այդ կենսազանգվածը վերափոխելու՝ մնացած ամեն ինչը վերածվում է անիրատես երազանքի: Իսկ մենք այնպիսի վիճակում չենք, որպեսզի ընկնենք երազների գիրկը: Ու ստացվում է կախարդական մի շրջան, որից դուրս գալու ելքեր դեռեւս չեն երեւում:

Իսկ եթե վերը նշվածին գումարում ես խայտառակ պարտության հոգեբանական հետեւանքները վերացնելու մասին, ապա քիչ է մնում գլուխդ առնես ու փախչես այս երկրից, քո երկրից: Ու ոչ միայն փախչես, այլեւ անիծես քո հայ լինելը կամ, լավագույն դեպքում, մոռանաս քո հայ լինելն ու վերածվես անհոգի էակի: Ինչը նույնն է, թե վերածվես կենդանու: Այսպիսի տխուր մտքեր…