Եղեք խելոք, սիրուն աղջկա պես. էդ կոմպրոմատները մե՛ր քթից են բերում

Եղեք խելոք, սիրուն աղջկա պես. էդ կոմպրոմատները մե՛ր քթից են բերում

Խելոք, սիրուն աղջիկները գոնե ամենափթթուն շրջանում մի ոսկե կանոնի են հանգում՝ լինի գիտակցաբար, թե ակամայից. իրենցից սպասելիքներ ունեցող, բայց մերժման ենթակա ոչ մի տղամարդուց ավելորդ ծառայություն չընդունե՛լ։ Օրինակ՝ արդո՞ւկդ է փչացել, տանեմ նորոգելու կամ նորն առնեմ. օդանավակայա՞ն պիտի գնաս, իմ մեքենայով կտանեմ. փողի կարի՞ք ունես, սա վերցրո՛ւ, վերադարձնել պետք չի… Խելոք, սիրուն աղջիկները շատ լավ գիտեն, որ եթե մի գեղեցիկ օր առաջարկություն ստանան ու «ոչ» ասեն՝ անողները երեսով են տալու այդ ամենը  (չկարծե՛ք, թե սա արեւելյան նիստուկաց է, ու զարգացած հանրություններում հեչ էլ էդպես չէ)։ Ուրիշ բան, եթե այդ տղամարդը քեզ դուր է գալիս… Մի խոսքով՝ խելոք, սիրուն աղջիկները բնազդաբար գիտեն, որ եթե տղամարդուն մերժելու ես, նման ծառայությունները պետք է քոքից կտրել։ Խելոք, սիրուն աղջիկները շատ լավ գիտեն, որ թեկուզ անմեղ այս «կոմպրոմատները», մոտավորապես՝ ձրի պանիրը, այո՛, միայն թակարդում է լինում, եւ խելոք, սիրուն աղջիկները չեն տրվում գայթակղությանը։  

Ի սեր Աստծո, «ձրի պանիր» ասելով՝ Եվրամիության վերջին փողային խոշոր խոստումը նկատի չունեմ։ Բերածս անմեղ օրինակն ուղիղ տանելու եմ դեպի մեր վերնախավի կոմպրոմատային ոչ անմեղ նիստուկացը։ Կասկածներ վաղուց կան, անկախության դեռ առաջին տարիներից էին սրա մասին խոսում, հիմա՝ ավելի շատ։

Չիմացողների համար բացատրեմ. ամենավերեւինը կամ վերեւներում մի քանիսը թույլ են տալիս, որ դու կամ շատ մերձավոր շրջապատդ՝ ընտանիքիդ անդամները, պարբերաբար ու խոշոր խախտում անեք, դրա ապացույցները խնամքով հավաքում են, բայց աչք են փակում այնքան ժամանակ, մինչեւ դու քաղաքական կամ տնտեսական հերթական մեծ խաղի որոշիչ ֆիգուր ես դառնում։ Ավելին, քո կամ մերձավոր շրջապատիդ ծանր հանցագործությունն անգամ կարող են «թեթեւացնել» կամ պարտակել, որպեսզի, երբ գա նշածս քաղաքական կամ տնտեսական մեծ խաղի «գեղեցիկ օրը», խաղացող իշխանավորը մատը դնի քո ֆիգուրի վրա եւ բազար անի՝ եթե այսինչ բանը չանես, էս նյութերը կհրապարակեմ, կամ կկրես արժանի պատիժդ, որից իմ կամքով ազատվել ես։ Մի խոսքով, եթե խախտմանդ համար օրենքի առջեւ պատասխան չտվեցիր՝ իշխանության թույլտվությամբ գայթակղվելով, ընկնում ես կոմպրոմատի թակարդը։  

Դե, ես էլ եմ ժամանակին խելոք, սիրուն աղջիկ եղել, դրա համար միշտ զարմացել եմ կոմպրոմատներ կուտակողների խելքի վրա. ա՛յ մարդ, ապրե՛ք, աշխատե՛ք, տնտեսվարե՛ք, ոնց որ ասում են՝ մաքուրով, թե մի զանցանք էլ գործել եք, պատասխանն օրենքով տվեք, տեսնեմ, թե ով ոնց ձեզ քթից բռնած կտանի, կդնի իր ուզած տեղը։ Չէ՛, չեք անում, գայթակղությունը շատ է մեծ՝ մեծ փողեր, մեծ սեր, ի վերջո՝ լավ տղա երեւալու մարմաջ… Ո՞րն է ավելի թանկ․ ազատ ու խիղճդ հանգի՞ստ, թե՞ լիուբոլ, բայց վախվորած կյանքը, ու մի բան էլ, երբ գալիս է էդ «գեղեցիկ օրը», էդ լիուբոլը քթիցդ են բերում։ Ու ոչ միայն ձեր, այլեւ մե՛ր քթից. քիչ հետո կասեմ՝ ինչպես հենց մեր։ 
Խոշոր կոմպրոմատները, որքան հետեւել եմ շրջանառվող լուրերին, մեզ մոտ ավելի շատ հարկեր թաքցնելուն ու այլ ոչ թեթեւ հանցագործությունները պարտակելուն են վերաբերում։ Թակարդն ընկար՝ վե՛րջ, կոմպրոմատ հավաքողի գերին ես։

Բայց տարածված կարծիք կա, որ մեզ մոտ բավական աշխատող է սիրեկանների կամ սիրուհիների կոմպրոմատը։ Բայց, ախր, ա՛յ մարդ, սիրում եք՝ պահե՛ք, բայց է՞դ աստիճանի վախկոտ եք։ Հենց կոմպրոմատը դեմ են տալիս, ո՛վ էլ լինի դեմ տվողը (երկրի ղեկավար, թե անբարեխիղճ լրատվամիջոց), ուղարկե՛ք գրողի ծոցն ու ասեք՝ լա՛վ եմ անում, հրապարակի՛ր։ Չունե՞ք էդքան քաջություն, մի՛ արեք կամ էլ մի՛ ձգտեք խոշոր ֆիգուր դառնալուն։ Եթե խոշոր ֆիգուր չդառնաք, լավ էլ կստիպեն խախտման համար օրենքի առջեւ պատասխան տալ։ Բացի այդ, ձեր հույզերի կամ ագահության ձեռքը կրա՞կն ենք ընկել։ 

Ու շատ լավ գիտեք, թե ինչու եմ ասում՝ մե՛նք… Որովհետեւ դուք եք հարկեր թաքցնում, դուք եք բյուջեից ուտում, դուք եք օրենք խախտում, արդարադատությունը ձեզ է խնայում, դուք եք սիրուհի պահում…, բայց վճարում ենք մենք՝ հանրությունը։ Նկատի չունեմ մեր վճարած հարկերը։ Շատ ավելի թանկ ենք վճարում, որովհետեւ դրա պատճառով դո՛ւք եք որոշում մեր ճակատագիրը, ինչի իրավունքը չունեք։ Ու երբ դուք այդ կոմպրոմատների թելադրանքով քաղաքական որոշումներ եք կայացնում, փաստորեն, որոշում եք նաեւ մեր փոխարեն։ Մինչդեռ ես՝ ժողովուրդս, պիտի որոշեի, բա՝ ինձ էր պատկանում իշխանությունը…  

Շատ է խոսվում, որ Փաշինյանին ԱԱԾ-ի տեղեկատվությունն ամենաշատը հետաքրքրում է կոմպրոմատներ ունենալու համար։ Սոցհարթակներում լուրեր կան, թե իր թերթի խմբագիրը եղած ժամանակ էլ թերթի կողմից կոմպրոմատային հարաբերությունների դեպքեր են եղել։ Ստացվում է, որ նախկին ու ներկա կոմպրոմատային պատերազմների դերակատարների մեջ ամենաշատ փորձն ու տեղեկություններն ի՞նքն ունի։ Կասկածում եմ։ Բայց որ կոմպրոմատների նիստուկացում մեծ խաղացողների մեջ է՝ կասկած չկա։ 

Ավանդույթը դրել են ու ինչքան էլ ժողովրդավարություն գոռան, մեկ է՝ կոմպրոմատային իշխանավարման շրջանից դուրս չենք եկել։ Գիտեմ, որ ոչ մեկին էլ հաճելի չէ, երբ կոմպրոմատ են դեմ տալիս ու հրամայում՝ այսինչ բանը պիտի անես, թե չէ՝ կհրապարակենք, կամ արժանի պատիժդ կկրես։ Մի հատ հաշվեք, թե վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած քանի՜ կարեւոր իրադարձության լուրերում փայլատակեց «կոմպրոմատ» տերմինը։ 
Բայց աղաչում եմ՝ էն գլխից մի՛ գայթակղվեք, որեւէ խախտում մի՛ արեք ու մեզ էլ կրակը մի՛ գցեք, մեր կամքին հակառակ որոշումներից շնչահեղձ ենք արդեն։ Եղե՛ք խելոք, սիրուն աղջկա պես…

Ռուզան Խաչատրյան