Ես ընդհանրապես միանձնյա որոշում չեմ կայացնում

Ես ընդհանրապես միանձնյա որոշում չեմ կայացնում

Մայիսի 3-ին տպագրված՝ «Ֆինանսավորել է այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել» հոդվածում դիրիժոր Հարություն Արզումանյանը նշել էր, որ նախարարությունը, ի դեմս Ն․ Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր ֆոնդերի, ՀԿ-ների՝ մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ՝ թատրոնի աջակցման հիմնադրամին, որի շուրջ վերջին օրերին լայն քննարկումներ ծավալվեցին։ «Օրինակ՝ Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում»,- ասել էր Արզումանյանը եւ հավելել, որ Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն է, ֆինանսավորել է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն, մի հաջողություն ունենան, բայց բոլորն առաջին փուլից դուրս են մնացել։

«Նույն Անի Պիվազյանը, որին ոչ մեկը չէր ճանաչում մինչեւ իր ելույթը՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հանկարծ Նազենի Ղարիբյանը ֆինանսավորում է նրան, ով գնում է Իսպանիա՝ մրցույթի մասնակցում ու դուրս է մնում, Գեւորգ Կոջոյանը, որն էլի հանրությանն անհայտ երգիչ է, բայց Օպերայի դեմ բողոք է գրել, ֆինանսավորել են, գնացել է Ռուսաստան՝ մրցույթի, եւ էլի դուրս է մնացել 1-ին փուլից»,- ասել էր Արզումանյանը եւ նկատել, որ հանձնաժողովի անդամներից ոմանք չեն մասնակցել նիստերին։   

Նազենի Ղարիբյանն այս առիթով ցանկացավ պարզաբանում տալ՝ նախ անդրադառնալով նախարարության կողմից տրվող աջակցության կարգին։ «Մենք ունենք նախարարի հրամանով հաստատված դրամաշնորհային մրցույթի անցկացման նոր կարգ եւ հանձնաժողովների աշխատակարգ։ Դրանք երկուսն էլ նախարարության կայքում դրված են, որտեղ 10 անվանակարգերին համապատասխան՝ երեւում են նաեւ չափորոշիչները, թե ինչ չափորոշիչների համապատասխան պետք է հայտը ներկայացվի։ Հիմնական նպատակը եղել է՝ նվազագույնի հասցնել անձնական որոշումների ամպլիտուդը եւ կամայական որոշման տեղ չթողնել»,-ընդգծեց Նազենի Ղարիբյանը։  

Հանձնաժողովները կազմված են եղել 9-11 անդամներից, գնահատումն արվել է գնահատման թերթիկի միջոցով՝ բաղկացած 7 չափանիշներից, որոնց մեջ, օրինակ՝ ծրագրի արդիականությունը, նորարարությունը, բյուջեն, համապատասխանությունը նախարարության առաջնահերթությունների հետ եւ այլն։ Անդամներից յուրաքանչյուրը գնահատման թղթում՝ չափանիշների տակ դնում է իր գնահատականը՝ կողմ կամ դեմ։ Ապա ընդհանուր հանրագումարի են բերվում գնահատման արդյունքները, որից հետո 2-րդ փուլն է սկսվում․ որոշվում է հատկացվող գումարի չափը՝ ըստ ծրագրի կարեւորության, նախարարության ռազմավարական ուղղություններին համապատասխան, համաձայն հայտերի քանակի եւ ըստ ունեցած բյուջեի հնարավորության։  

Հարցին՝ հանձնաժողովի նիստերին բոլո՞րն են մասնակցել, Ղարիբյանը պնդում է՝ այո, ապա հավելում՝ ամեն դեպքում քվորում եղել է․ «Եղել է հանձնաժողովի 1 կամ 2 նիստ, եթե չեն էլ մասնակցել, դա որեւէ կապ չունի, որովհետեւ քվորում եղել է, եւ նիստը եղել է»։ 
10 անվանակարգերից ամեն մեկն ունեցել է իր հանձնաժողովը, նախարարությունից ներգրավված են եղել նախարարը (հանձնաժողովի նախագահը), ֆինանսական եւ մոնիտորինգի բաժնից ներկայացուցիչներ, քարտուղարը, որը ձայնի իրավունք չունի, եւ եւս մի մասնագետ, որը, ըստ Ղարիբյանի, ամեն հանձնաժողովում չէ, որ ներկա է եղել, մնացած բոլոր անդամները եղել են դրսից՝ ոլորտի մասնագետներ։

Ն․ Ղարիբյանը տեղյակ չէ, թե ինչ հիմքերի վրա է մերժվել Օպերայի երիտասարդական ծրագիրը եւ աջակցություն տրվել Օպերայի աջակցման հիմնադրամին․ «Ոչ, տեղյակ չեմ, շա՞տ եմ հիշում, ես կենտրոնացել եմ ծրագրերի վրա եւ չեմ էլ հիշում, որ Օպերայի հիմնադրամը դիմել է։ Մենք կենտրոնանում ենք ծրագրի վրա, թե նախկինում ինչպես է արվել, ինչ ծրագիր է դա, ինչ հաջողության պատմություններ է ունեցել։ Ինձ համար ամենակարեւորը ծրագրի կոնցեպտն է, ինչ է նախատեսում, ազդեցության եւ թիրախային ինչ խմբեր է ընդգրկում։ Դիմումատուի անունը վերջին տեղում է, ինձ համար ծրագիրն է կարեւոր»։

Օպերային երգիչներ Անի Պիվազյանին եւ Գեւորգ Կոջոյանին նախարարությունն ի՞նչ սկզբունքով է ֆինանսավորել․ Ղարիբյանը նկատեց, որ Անի Պիվազյանը մրցութային կարգի որեւէ հայտ չի ներկայացրել, նա դիմել է նախարարությանը՝ դրսում անցկացվող մի մրցույթի մասնակցելու համար, խնդրելով աջակցություն տոմսերի գնման համար, ինչին ընդառաջել են։ Նա ընդգծում է․ իր եւ նախարարության քաղաքականությունն է՝ ամեն կերպ աջակցել, որպեսզի մարդիկ գնան դուրս։ «99 տոկոսով ես ոչ մեկի չեմ մերժել, եթե եղել է որեւէ մերժում, եղել է օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ շատ ուշ ներկայացնելու հանգամանքով պայմանավորված, կամ համապատասխան վարչությունը տվել է բացասական եզրակացություն։ Ես ընդհանրապես միանձնյա որոշում չեմ կայացնում»,- ընդգծեց Ղարիբյանը։  

Օպերային թատրոնի 92 մլն դրամի պարտքը որքանո՞վ կապ ունի թատրոնի աջակցման հիմնադրամի հետ․ մամուլում նաեւ նման վարկած է շրջանառվում։ Ղարիբյանն ասաց․ «Դա որեւէ կապ չունի այն գումարների հետ, որի մասին ես խոսել եմ մի քանի շաբաթ առաջ։ Այդ 92 մլն-ն բոլորովին ուրիշ գումար է, որի մասին ես խոսել եմ, եւ որի մասին արդեն 2 տարի է՝ գիտենք, պարզապես մեր աշխատակազմի ղեկավարը 2 ամիս առաջ ինձ տեղեկացրեց, որ թատրոնն այսպիսի պարտք ունի, եւ 2 տարի է՝ այդ պարտքից միայն 10 մլն են տվել, եւ մենք չենք կարող դա թողնել այդպես։ Սա արդեն ԱԱԾ-ի խնդիր էր, եւ իմ որոշումը եղել է այն, որ մինչեւ այդտեղ հասնելը նամակ գրեք իրենց՝ հիշեցնելով, որ ունեն այդքան պարտք»։ 

Ինչ վերաբերում է թատրոնի կոլեկտիվի կողմից վարչապետին ուղղված նամակին, Ղարիբյանն ասաց, որ նամակի հետ կապված՝ վարչապետն իր հետ որեւէ խոսակցություն կամ քննարկում չի ունեցել, նամակում ներկայացված թատրոնի հակափաստարկներին էլ ծանոթ չէ, միայն նրանց, որոնք հրապարակավ մամուլով ներկայացրել են։