Թավշյա իշխանական բուրգից ազատվելու դժվարությունը

Թավշյա իշխանական բուրգից ազատվելու դժվարությունը

Փաշինյանն իր աղջիկ, այսինքն` ընդդիմադիր ժամանակներում սիրում էր խոսել Սերժ Սարգսյանի կառուցած իշխանական բուրգի մասին` չմոռանալով նշել, որ Հայաստանում տեղի ունեցող այլանդակությունների հիմնական մեղավորն այդ բուրգի գլուխն է` Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն այսօր, ինչպես հավատացնում են հանրապետականները, չկա, եւ Հայաստանում բոլորովին նոր իշխանություն է` Փաշինյանի իշխանությունը: Արդեն մեկ տարի է՝ հին բուրգը քանդվել է, ստեղծվել է նորը, այսպես կոչված՝ Փաշինյանի բուրգը, որն իր սրածայրությամբ շատ չի զիջում Սերժ Սարգսյանի բուրգին, եթե չասենք` նույնիսկ գերազանցում է, քանզի ուզածդ սուպերվարչապետ ամենաուժեղ նախագահից ավելի շատ լիազորություններ ունի եւ ավելի մեծ ձեռնահասություն միանձնյա կառավարմանը: Սուպերվարչապետի դեպքում նույնիսկ բացակայում է նախագահ-վարչապետ հարաբերությունը, որ մի տեսակ բուֆերի դեր էր կատարում նախագահի եւ կառավարության միջեւ: Այսօր այդ բուֆերը չկա: Ամբողջ երկիրը մեկ մարդու համար է աշխատում, նրա թուրը կտրում է աջուձախ:

Իսկ ցանկացած «թավշյա» բուրգ` նրա միանձնյա ղեկավարությամբ, լուրջ վտանգ է երկրի ու ժողովրդի գլխին: Նման բան չի կարելի հանդուրժել, ինչքան էլ ասենք, որ Փաշինյանի նախորդների միանձնյա կառավարումն ավելի կոշտ էր, նրանց կառուցած իշխանական բուրգերը՝ ավելի սրածայր: Տեսեք, առաջին նախագահը ճնշումների տակ վաղաժամկետ հրաժարական տվեց, երկրորդը ժամկետն սպառելուց հետո իրավահաջորդ նշանակեց ու հեռացավ, երրորդը չկարողացավ հավերժանալ եւ նույնպես հեռացավ: Իսկ ի՞նչ է լինելու, որ Փաշինյանը հեռանա: Նրան ճնշումների ենթարկել հնարավոր չէ, որովհետեւ կիսափչած փուչիկի նման մի կողմը հուփ ես տալիս, մյուս կողմն է ուռչում: Ո՛չ տնտեսությունից է հասկանում, ո՛չ անվտանգությունից, ո՛չ արտաքին ու ո՛չ էլ ներքին քաղաքականությունից: Կառավարության նիստերը հռչակել է բաց շոու բոլորի համար եւ այդ նիստերի ժամանակ հրճվում է իր կարգավիճակով: Մարդը մեկ տարի ոչինչ չի արել, բայց անընդհատ խոսում է արածների մասին: Ես չգիտեմ, դեռ ինչքա՞ն կարելի է այս ամենին լուրջ վերաբերվել, հեռուստատեսությամբ ցույց տալ, թերթերում գրել, նկարներ տպել: Ասես` հրաշքների թագավորությունում լինենք:

Արարատի մեծ ֆորումի մասին, կարծում եմ, բոլորն իմացան: Մի հատ էդ ֆորումի վերնագիրը լսեք․ «Իմ քայլը՝ հանուն Արարատի մարզի»: Անունն էլ դրել են համաժողով: Եթե դա տնտեսական ֆորում էր, ապա ի՞նչ գործ ունի «Իմ քայլը» արտահայտությունը ֆորումի գլխագրում: Սա ի՞նչ նոր քաղաքական մշակույթ է, կուսակցական քարոզ: Մեր նախկին վարչապետները տասնյակ նմանատիպ հանդիպումներ ու քննարկումներ են անցկացրել մարզերում, բայց երբեք չեն հայտարարել` «ՀՀԿ-ն՝ հանուն տվյալ մարզի»: Հավաքվեցին, Փաշինյանը հերթական ճառն ասաց հեղափոխության մասին, «հավատացրեց» մեզ, որ մեր փիլիսոփայությունը փոխվել է, ու գնաց քաղցը հագեցնելու: Սա Դավոսի հայկական տարբերակը կհամարեինք, եթե հեկտարը կոկորդիլոսից չտարբերող մարզպետի փոխարեն գոնե մի տնտեսագետ ներկայացներ մարզի վիճակը: Ապառնի ժամանակով լոլոներից բացի` շինելու ենք, մեծացնելու ենք, բազմացնելու ենք, արտահանելու ենք, ծախելու ենք, փողերը բերելու ենք, ոչինչ չլսեցինք այդ «Դավոսում»: Բայց թուքներս մի լավ կուլ տվեցինք լավաշը պատռելու եւ թթվասերը կոստյումին թափելու տեսարաններից: Ասում է` Գյումրիում լավ «Քյալլա» են տալիս: Հաջորդ Դավոսը Գյումրիում չգումարե՞նք: Մի՞թե վատ է հնչում` «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի»:

Հայրենասիրությունը միայն թույլ չի տալիս ասելու, որ Փաշինյանը մեզ խայտառակել է բոլոր հնարավոր ոլորտներում: Դե իհարկե` Մեդվեդեւն անկիրթ է, Պուտինը՝ զոռբա, Թրամփը` մեր հեղափոխությունը չընկալող բիձա, ՀԱՊԿ-ն՝ անկապ կառույց, Իրանն ու Վրաստանը՝ անհուսալի գործընկեր, իսկ Ալիեւը․․․: Ինչպես ասում են` կարեւորը մենք ենք ու Ավստրիան, յա թե չէ` Կանադան: Վարչապետ ունենք` աշխարհը չունի: Հայրենասիրությունը պետք է վառ պահել նրա պարագայում, ծպտուն չհանել, երբ մի նույնասեռական ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից, մեկ ուրիշը՝ 3-6 տարեկաններին այլասերում, ընտանիք պղծում, երբ անհավատը եկեղեցի է հայհոյում, թմրամոլը մարիխուանա է գովազդում, երբ առողջապահության նախարարը պահանջում է դպրոցներում անհասկանալի պատվաստումներ կատարել աղջիկներին: Տվեք ինձ երեք մտավորական մարդու անուն, որ բողոքել է այս ամենի դեմ: Չե՞ք կարող: Իսկ ինչո՞ւ: Հա՛ա՛ա՛, այս ամենի գլխին Փաշինյանն է, իսկ Փաշինյանին բան ասել չի կարելի, որովհետեւ հնարավոր չէ հեղափոխության առաջնորդին բան ասել եւ միեւնույն ժամանակ հայրենասեր լինել: Մի՞թե կարելի է Փաշինյանի նման առաջնորդին կոպիտ ձեւով ասել` մի ապականիր երկիրը, խայտառակ մի արա մեզ աշխարհի առաջ, վերցրու էդ թավշյա բուրգդ ու գնա: Մյուս կողմից էլ` ի՞նչ օգուտ այն բանից, որ ներսից մեզ ուտում ենք, իսկ դրսում ցույց տալիս, որ ամեն ինչ լավ է: 

Հայաստանում մի երկու տնտեսվարող, մի երկու գործատու է մնացել, իսկ դավոսներում թոզուդուման անող տնտեսագետ Նիկոլ Փաշինյանն ընկել է նրանցից թերեւս ամենահզորի` Գագիկ Ծառուկյանի հետեւից: Եթե մենք այս գզվռտոցից անկորուստ ու շահած դուրս գանք, ապա, հավատացնում եմ, հենց դա կլինի «հայկական տնտեսական հրաշքը»: «Սպայկան» դաս չեղավ, հիմա էլ` «Մուլտի գրուպը»… Բայց… սպասեք: Փաշինյանն է, կարծեմ, ասել` ո՛չ Հայաստանի «ռոբոտացմանը», ո՛չ «սերժանտացմանը», ո՛չ «դոդացմանը»: Չլինի՞ իր այս կոնցեպցիան է ամբողջացնում` օրենքի առաջ բոլորն են հավասար «թավշյա» նշանաբանով: 

Իսկ ե՞րբ պետք է օրենքը գործի անձամբ Փաշինյանի ու նրա մերձավորներից կազմված իշխանական թավշյա բուրգի համար, որը գոյատեւում է բյուջեի հաշվին: Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս են ինքնապարգեւատրվում, իրենք իրենց աշխատավարձերը կրկնապատկում, միլիոններ արժեցող կոստյումներ հագնում, թանկարժեք ավտոմեքենաներ գնում… Իսկ ժողովո՞ւրդը… Ի՞նչ ժողովուրդ: Հա՛ա՛ա՛, ժողովուրդը: Ժողովրդի համար էլ սիրուն տոնածառ են առնում, Քաղաքացու օր նշում, «Երեւանի գինետոն» կազմակերպում, «Crocodile-Show հանուն Արարատի մարզի» ու այսպիսի էկզոտիկ բաներ: