Լայքի համար սպառնում են կարգապահական տույժով (լուսանկար)

Լայքի համար սպառնում են կարգապահական տույժով (լուսանկար)

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ՝ ՔՊ-աական «դեմոկրատիան» այսօր նոր ռեկորդ է սահմանել․ այսօրվանից ֆեյսբուքյան լայքը պաշտոնապես դարձել է աշխատակիցներին վարչական պատասխանատվություն ենթարկելու հիմք։ 

Բանն այն  է, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նամակ է ուղարկել իր աշխատակցին՝ տեղեկացնելով, որ նա լայքել է իմ ֆեյսբուքյան գրառումը, ինչով «անհարգալից վերաբերմունք է դրսեւորել» կազմակերպության հանդեպ։ Դրա համար ծառայողին սպառնում են կարգապահական տույժի ենթարկել։

Այսպիսով, պաշտոնապես հաստատվում է այն, ինչի մասին մենք բազմիցս ասել ենք ․ ՔՊ-ականները երկիրը կառավարում են ֆեյսբուքի միջոցով ու մարդկանց հետապնդումների են ենթարկում «անցանկալի լայքերի» համար։ 

Ինչպես ասում են, սա ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ 

Հուսով եմ՝ իրավապաշտպան կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը գնահատական կտան սրան, իսկ մինչ այդ հավաստիացնում եմ, որ կոռուպցիոն պատմությունների մեջ թաթախված բոլոր չինովնիկները պատասխան են տալու օրենքի առաջ»։