2018-ից հետո եկել է անհանգիստ ապրելու կամ մեռնելու ժամանակը

2018-ից հետո եկել է անհանգիստ ապրելու կամ մեռնելու ժամանակը

2020 թվականից ավելի քան 4 տարի անց Արցախում ադրբեջանցիներ չեն բնակվում: Այսօր Ստեփանակերտում ընդամենը 500 ադրբեջանցի կա` ոստիկաններ, պարեկներ, առեւտրականներ, վարչական աշխատողներ: Ինչո՞ւ. զրուցել ենք ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ:

- Հայաթափված Արցախում ադրբեջանցիները բնակություն չեն հաստատում: Ինչո՞ւ:

- Ժամանակի հարց է, ի՞նչն է խնդիրը: Մեծ պատերազմ է սպասվում, այնտեղ հիմա բնակչություն տանելն անիմաստ է, որովհետեւ տարածքը դեռ վնասազերծված չէ, ցանկացած պահի կարող է ռումբ ընկնել: Ադրբեջանն այսօր Սյունիքի օտարման ծրագիր է մշակում, եւ նորմալ է, որ Արցախում բնակչություն չեն տանում, միայն ռազմական եւ սպասարկման ոլորտի աշխատողներ են: Երբ պատերազմն ավարտվի, այն ժամանակ բնակեցնելու են, անգամ եթե ոչ մի պատերազմ էլ տեղի չունենա, բայց սկսվելու է: Ի՞նչն է խնդիրը` այսօր չեն բնակեցնում, վաղն են բնակեցնելու: Հարցն այն է, որ այնտեղ հայեր չեն ապրելու, Արցախը չի լինելու հայկական, իսկ թե ովքեր կապրեն այնտեղ ու ինչ պայմաններում, դա արդեն երկրորդական հարց է: Բնակչություն բերելն այնքան էլ հեշտ բան չէ: Կան շատ ու շատ հարցեր:

- Ի՞նչ հարցեր:

- Տրանսպորտային, լոգիստիկ, ապահովագրական, ենթակառուցվածքային: Երբ այդ ամենը կյանքի կոչվի, բնակչություն կտանեն: Սա այն հարցն է, որ մեզ արդեն չպետք է հետաքրքրի, մերը մեր հայկական Արցախն էր, որի համար պետք է պայքարեինք: Եթե պատրանք կա, որ ադրբեջանցիներն այդ տարածքներն իրենցը չեն համարում, դրա համար չեն գնում Արցախ ապրելու, ապա ասեմ, որ չկա նման բան: Նրանք կոնկրետ ծրագիր ունեն եւ այդ ծրագիրը փուլ առ փուլ լուծելով առաջ են գնում:

- Մեր` հայերիս պարագայում այլ էր` մարդիկ Հայաստանից գնում էին Արցախում ապրելու:

- 30 տարվա մեջ 120 հազար մարդ էր ապրում Արցախում: Եթե Հայաստանից գնային, 120 հազարը կդառնար 500 հազար, այդ դեպքում կարող էինք վստահ արձանագրել, որ հայերն Արցախում վերաբնակեցվում են, բայց իրականությունն այլ է: Մի բան եկեք արձանագրենք` Ադրբեջանում գոյություն չունեն քաղաքացու իրավունք եւ ցանկություն, երբ նրանք ստանան հրաման, այդ ժամանակ էլ ավտոբուսներով կգնան Արցախ` առանց իրենց ցանկության:

- Տարիներ շարունակ նույն Ադրբեջանը հայտնի 7 շրջանների համար կռիվ էր տալիս: Ինչո՞ւ անգամ այնտեղ մարդիկ չեն բնակվում: 4 տարի է անցել պատերազմից:

- Այնտեղ դատարկություն է, մինչեւ չկառուցապատվի, չվերականգնվի, չի կարող բնակեցվել:

- Իսկ ինչո՞ւ անգամ այնտեղ աշխատանքներ չեն տարվում:

- Տարվում են, ինչի՞ չեն տարվում:

- Կառուցապատման աշխատանքներ տարվո՞ւմ են:

- Այո, օրինակ` Ֆիզուլիում, Կովսականում, Շուշիում շենքեր են կառուցում: Շուշին լրիվ քանդել, նորից սարքում են:

- Դուք կարծում եք, որ առաջիկայում պատերազմ է լինելու: Կա տեսակետ, որ ոչ մի պատերազմ էլ չի սպասվում, Փաշինյանն ուղղակի սպառնում է մեր հանրությանը:

- Պատերազմ լինելու է եւ այդ պատերազմը լինելու է Ադրբեջանի համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Դրա համար նախ պետք է Տավուշը վնասազերծեն:

- Եթե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ հանձնում է, պատերազմի իմաստը ո՞րն է:

- Ադրբեջանին հարկավոր է Սյունիքն ամբողջությամբ: 4 գյուղ հայաթափելն ու 120 հազար մարդ վռնդելը մի թեմա է, 500 հազար հոգի վռնդելը` այլ թեմա:

- Փաշինյանն ինչո՞ւ այդ մասին չի հայտարարում, սա էլ է, չէ՞, նոր սպառնալիքի թեմա:

- Իմ տպավորությամբ՝ կա՛մ նա կատարյալ «իդիոտ» է եւ իր արարքների հետեւանքները չի հասկանում, կա՛մ էլ ուղղակի ծառայում է Հայաստանի Հանրապետության թշնամիների շահերին եւ չունի ցանկություն՝ հայ ժողովրդին ճշմարտությունն ասելու: Ասում է` տանք, որ հանգիստ ապրենք, բայց մեր հանգիստ ապրելն ավարտվել է 2018 թվականին: 2018-ից հետո եկել է անհանգիստ ապրելու կամ ուղղակի մեռնելու ժամանակը:

- Գուցե Սյունիքն էլ առանց պատերազմի հանձնի, ինչո՞ւ եք վստահ, որ պատերազմով են վերցնելու:

- Չէ, պատերազմով է հանձնելու: Բայց պատերազմ ասելով սովորաբար մարդիկ հասկանում են երկու կողմերի կռիվ, մեր պարագայում ուղղակի Ադրբեջանն իր տանկերով ներխուժելու է Սյունիքի մարզ եւ կտրի Երեւան-Թեհրան մայրուղին: Արցախի նման՝ մի տարի մարդկանց բլոկադայի մեջ կպահեն ու կասեն` «ռադներդ քաշեք»: Արցախում ի՞նչ եղավ, մարդն առանց մի կրակոցի հայաթափեց…. որպեսզի Ադրբեջանը կարողանա իր տանկերը մտցնել Սյունիք, պետք է վնասազերծի Տավուշը, որովհետեւ եթե Ադրբեջանն իր զինուժով ՀՀ մտավ, Հայաստանն իրավունք ունի մյուս կետից խոցել Ադրբեջանին, որպեսզի դա տեղի չունենա, վնասազերծվում է Տավուշը, որ անվտանգ լինի, կարողանան հանգիստ սրտով մտնել Սյունիք: