Շահեկան Հայաստանի համար…

Շահեկան Հայաստանի համար…

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուժեղի իրավունքով շարունակում է Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնության ներկայացնելու վարքագիծը: Պետական լրատվական գործակալության՝ Ալիևի հերթական հայտարարությունը մեկնաբանելու խնդրասնքին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից ասվել է (պատասխանի մի մասը).

«… Ուժի, ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով»: Ինչպես ասվում է՝ խելացի մտքեր, ուղղակի դրանք նման են «Գելի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ» հայկական առածին: Այս պատասխանը տարբեր ձևակերպումներով շրջանառվում է արդեն 8-9 ամիս: Եվ ոչինչ, բացարձակ ոչինչ չի արվում, որ մի գեղեցիկ օր ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը հնչի այլ տոնայնության մեջ: Ինչը, բնականաբար, կախված չէ ԱԳՆ-ից, սակայն ամբողջովին նրա վերադասի՝ ՀՀ վարչապետի լիազորությունների տիրույթում է: Իսկ ի՞նչ է անում վերջինս այդ ուղղությամբ:

Այստեղ ևս ստիպված ենք ասել՝ ոչինչ, բացարձակ ոչինչ: Ինքը խոսում է թուրքերի հետ թշնամի չհամարվելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու երազանքի մասին: Ընդամենը մեկ անգամ անդրադարձել է հյուսիս-արևելյան սահմանների ամրացման խնդրին, ինչն էլ կարճ ժամանակ անց պարզվել էր, որ երևի նկատի ուներ վիրտուալ ամրացումը, քանի որ իրականում ոչինչ չէր արվել: Անցած ընտրության քարոզարշավի ժամանակ էլ, եթե հիշում եք, խոսում էր պարտադիր զորակոչի վերացման, պրոֆեսիոնալ բանակի ձևավորման և դրա թվակազմի կրճատման մասին: Ինչն արդարացվում է ռուսական ներկայությունը սկզբում Արցախի մնացած տարածքից, իսկ այնուհետև Հայաստանից վերացնելու փաշինյանական մտադրությամբ: Կամ էլ նույնիսկ հակառակ հերթականությամբ՝ ռուսական զորքերի դուրս բերման պահանջ՝ սկզբում Հայաստանից, իսկ հետո Արցախից:  

Բայց նման մտադրության առկայությունը պետք է տրամաբանորեն ենթադրեր ԱԳՆ-ի կողմից օգտագործվող բառապաշարի փոփոխություն: Եթե երկրի ղեկավարը մտադրվում է քոքից կտրել թուրքերի նկատմամբ թշնամությունը, իսկ ադրբեջանցիների հետ քիրվայություն հաստատել, ապա Իլհամի սպառնալիքներին ի պատասխան ԱԳՆ-ն պետք է հայտարարեր, որ դրանք 100 տոկոսով շահեկան են Հայաստանի համար: Կրկնենք՝ հարյուր և ոչ թե իննսունինն ամբողջ ինը տասնորդական տոկոսով: ԱԳՆ-ի հարցը ոնց որ թե լուծեցինք, բայց լուրջ խնդիր է առաջացնում ՀՀ պաշտպանության նախարարության անընդհատ կրկնվող հայտարարությունն առ այն, որ պետական այդ կառույցը «խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը։ Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»: 

Ողջ ցավն էլ այն է, որ Նիկոլի հավանական «քիրվա» Իլհամն անընդհատ խնդիրներ է ստեղծում մեր զինվորների ու սահմանային բնակավայրերի բնակիչների համար, ու ՊՆ-ն էլ ստիպված արձագանքում է այդ խնդիրներին: Ի տարբերություն ԱԳՆ-ի, որ պատասխանում է Իլհամի ընդամենը սպառնալիքներին, ՊՆ-ն գործ ունի իրական գործողությունների հետ: Ու այս դեպքում չենք կարող խորհուրդ տալ ՊՆ-ին, որպեսզի վերջինս նույն դիրքորոշումը հայտնի՝ ինչ ԱԳՆ-ն: Կամ էլ պետք է դիմենք Իլհամին, որպեսզի վերջինս ռազմական միջադեպերը տեղափոխի վիրտուալ տարածք՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլն էր սահման ամրացնում վիրտուալ տարածքում: Հայերեն իմացող չեզոք դիտորդին (նույնն է, թե ս. թ. հունիսի 20-ին ընտրություններին չմասնակցած 50 տոկոսին կամ պակաս չափով անտարբեր զանգվածին) ներկայացվածը կարող է զավեշտական թվալ, սակայն այն դառն է, դառն ավելի, քան  «Carolina Reaper» կոչված, ամենադառը համարվող պղպեղի կծվությունը: Իսկ որպեսզի խուսափենք թե՛ զավեշտից և թե՛ դառնությունից՝ պետք է ամեն ինչ արվի, և այն էլ հնարավորինս ամենակարճ ժամկետում, որպեսզի Փաշինյան Նիկոլը հեռացվի իշխանությունից: Փաշինյան Նիկոլին պետք է հեռացնել իշխանությունից, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ ՊՆ-ն ու ՀՀ վարչապետը խոսեն և գործեն նույն տրամաբանությամբ՝ չհակասելով իրար, ու դա իրապես շահեկան լինի Հայաստանի համար: Շահեկան ոչ թե Նիկոլի ու նիկոլապաշտ զոմբիների, այլ հայաստանյան գիտակից հանրության տեսակետից: