Աստված մի արասցե, եթե այդ ողջ զոհողություններից հետո ժողովրդի թիկունքում լինեն նոր զիջումներ

Աստված մի արասցե, եթե այդ ողջ զոհողություններից հետո ժողովրդի թիկունքում լինեն նոր զիջումներ

Արդեն 26-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է բլոկադայի մեջ մնալ: Չնայած այս ամենին՝ արցախցի ակտիվիստ, «Արդարություն» կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ Արշակ Աբրահամյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ խուճապային տրամադրություններն Արցախում իսպառ բացակայում են: Նրա խոսքով՝ Արցախում կա պայքարի ցասում, որը կրիտիկական կետի է հասնում:

-Արշա՛կ, 26-րդ օրն է՝ Արցախը շարունակում է մնալ բլոկադայի մեջ: Այս պահի դրությամբ ինչի՞ պակաս կա այդտեղ:

-Կարելի է ասել՝ ամեն ինչի։ Եթե առավել հրատապ և առաջնային պլանում ներկայացնելու լինեմ, կնշեմ մանկական սնունդը, քանի որ մրգերի և բանջարեղենի բացակայության պատճառով շատ դժվար է երեխաների համար վիտամիններով հագեցած սնունդ պատրաստելը, նկատվում է նաև ջերմիջեցնող դեղերի բացակայություն։ Այս պայմաններում, երբ անգամ մեկ լիմոն գտնելն է անհնար, որոշ տեղերում բացակայում է անգամ շաքարավազը։ Այսինքն՝ պատկերացրեք, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ երեխան հիվանդանում է։ Այնուհետեւ կնշեմ նաև այն հանգամանքը, որ բանկոմատների մեծ մասը չի աշխատում, մարդկանց մոտ արդեն գումար չկա, ալյուրի բացակայության պատճառով փակվում են հացի արտադրամասեր, ցուցափեղկերի դատարկ լինելու և ապրանքի բացակայության պատճառով իրար հետևից փակվում են նաև սննդի վաճառքի կետերը։

-Իսկ Ամանորն ինչպե՞ս նշեց շրջափակված Արցախը:

-Արցախում Ամանորը չի նշվել որպես այդպիսին։ Միայն երեխաների համար տեղի է ունեցել մի փոքր միջոցառում՝ այսպես ասած տոնածառի բացում, որովհետև ճիշտ չէր լինի փոքրիկներին զրկել այդ ամենից։ Իսկ ամսի 31-ին մենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարից մեկնարկել ենք լուռ քայլերթ դեպի Եղբայրական պանթեոն։

-Տրամադրություններն այժմ ինչպիսի՞ն են Արցախում: Խուճապ կա՞:

-Ոչ, խուճապ չկա։ Կա միայն պայքարի ցասում, որն արդեն հասնում է իր կրիտիկական մակարդակին։ Իրավիճակը լարվում է... անհրաժեշտ են հրատապ լուծումներ։ 120000 մարդ չի կարող հավերժ մնալ շրջափակման մեջ։ Չեմ ուզում վաղաժամ ենթադրություններ անել, բայց եթե այսպես շարունակվի, ապա ժողովրդի ռեակցիան շատ անկանխատեսելի է լինելու։ Ժողովուրդը կարող է շատ բան հանդուրժել, զոհողությունների գնալ հանուն նպատակի։ Բայց Աստված մի արասցե, եթե այդ ողջ զոհողություններից հետո ժողովրդի թիկունքում լինեն նոր զիջումներ։

-Ի՞նչ կանի այդ դեպքում ժողովուրդը:

-Երևի կհիշեք, որ մի քանի ամիս առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթղթեր և իրեն չի հետաքրքրում, թե հետո իր հետ ինչ կլինի։ Եվ կհիշեք, թե Արցախում ինչպիսի բողոքի ալիք բարձրացավ։ Այդ հանրահավաքի ժամանակ, երբ ես բեմահարթակից արտասանեցի (բառացի մեջբերում-արցախցին իր հողում անկախ ապրելու համար երեք պատերազմներում հերոսաբար պաշտպանել է այն։ Անհրաժեշտության դեպքում քարով լինի թե մահակով, նորից կանեն դա) հրապարակում հավաքված ժողովրդի ցասումը գտնվում էր այն նույն մակարդակին, ինչ այսօր։ Արցախի ժողովուրդը լուռ չի կհամակերպվելու իրեն թելադրված անարդար պայմաններին։

-Այժմ Արցախում բողոքի ակցիա նախատեսված չէ՞:

-Որպես այդպիսին դեռ ոչ, բայց արդեն փողոցներում նկատելի են մարդկանց ակտիվ քննարկումներ, ինչը բնական է նման պայմաններում, երբ արդեն խնդիրներ են առաջանում՝ անգամ հիգիենայի պարագաներ և զուգարանի թուղթ ձեռք բերելու հետ կապված։ Ժողովրդի (այս պահին դեռ) լուռ ցասումը պայթելու է։