«Իմ քայլի» խոշոր դոնորների անունները չեն հրապարակվում

«Իմ քայլի» խոշոր դոնորների անունները չեն հրապարակվում

«Իմ քայլը» կազմակերպության հիմնադիր Աննա Հակոբյանին այս անգամ էլ հաջողվեց խուսափել հրապարակայնության պահանջից։ Նա հետաքրքիր տրյուկ բանեցրեց․ որոշ խոշոր դոնորների անուն-ազգանվան կամ ՍՊԸ-ի անվան փոխարեն նշված է՝ «անանուն»։ Հենց «անանունների» առկայությունն էլ վկայում է կոռուպցիոն ռիսկի առկայության մասին, մանավանդ, որ նրանց փոխանցած գումարներն ամենախոշորն են։ 

Մարտի 25-ին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում, տեղադրեց կազմակերպության նվիրատուների ցանկը, որը վերջին երկու ամսում ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նրանից պարբերաբար պահանջում էին ու չէին ստանում։ Մինչդեռ «Հիմնադրամների մասին» օրենքում հստակ ասվում է, որ յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հիմնադրամն azdarar.am կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին, «որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում»։ 

Սակայն azdarar.am-ում մարտի 25-ով թվագրված փաստաթղթում տվյալներ չկան ֆինանսական աղբյուրների մասին։ Դրամական նվիրատվությունների ընդհանուր գումարն է ներկայացված, ինչն արդեն օրենքի խախտում է։ Լավ գիտակցելով, որ աղմուկն անխուսափելի է լինելու, կազմակերպությունը, այնուամենայնիվ, օրերս գործարկված իր կայքէջում տեղադրեց դոնորների անունները։ Պարզ դարձավ, որ հիմնադրամին շռայլ նվիրատվություններ են արել, օրինակ, Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, նվիրաբերելով 12 մլն դրամ, ֆինանսների նախկին նախարար  Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգասպորտ» ընկերությունը՝ մոտ 6 մլն դրամ։ Նվիրատուների թվում են նաեւ ոչ այնքան հարուստ հիմնարկներ, որոնց ղեկավարները մշտապես դժգոհում են միջոցների բացակայությունից ու իրենք են դոնորի կարոտ։ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է վարչապետի կնոջ կազմակերպությանը 1 մլն դրամ հանգանակել, «Քյավառ հեռուստաընկերությունն» էլ 500 հազար դրամ է տվել։ Նույնիսկ ամենամութ, ամենակասկածելի հիմնադրամները, ներառյալ Արթուր Աղաբեկյանի «Իմ մարտիկը» եւ Լեւոն Սարգսյանի «Փյունիկը», իրենց հաշվետվությունների մեջ չէին օգտագործում «անանուն» եզրույթը։ 

Ինչո՞ւ չեք հրապարակում անանունների տվյալները, ի՞նչ է սա նշանակում։ «Իմ քայլը» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Արմինե Անտոնյանը պատասխանում է․ «Մենք մեր բոլոր նվիրատուներին, որոնք քիչ թե շատ հայտնի էին, հարցումներ ենք ուղարկել, եւ նրանց, ովքեր որ դեմ են եղել, որ իրենց անունը հրապարակվի, նշել ենք որպես «անանուն»»։ 

Չե՞ք կարծում, որ խախտում եք «Հիմնադրամների մասին» օրենքը, որ հանրությունը կարող է ենթադրել, թե Ձեր նվիրատուն, օրինակ, Սաշիկ Սարգսյանն է կամ, ասենք, Սերժի Վաչոն։ «Մենք դիմել ենք արդարադատության նախարարությանը, որ մեկնաբանվի «Հիմնադրամների մասին» օրենքը, այդտեղ հակասություն կա, որ եթե մարդը չի ուզում իր անունը հրապարակի, ինչպե՞ս կատարենք այդ օրենքի պահանջը։ Դեռ պատասխան չունենք։ Եթե մեզ պատասխանեն, որ պարտադիր է դա, հիմնադրամների մասին դրույթը գերակայություն ունի անձնական տվյալների եւ բանկային գաղտնիքի նկատմամբ, մենք կհրապարակենք։ Իրականում այդտեղ անհստակություն կա, ամեն դեպքում՝ պետք է հարգվի տվյալ անձի իրավունքը»,- պատասխանեց խոսնակը։ 
«Իմ քայլը» մի անգամ արդեն փորձել է «Հրապարակից» թաքցնել  նվիրատուների անունները՝ հղում կատարելով անձնական տվյալների պաշտպանության եւ բանկային գաղտնիքի մասին օրենքներին, ուստի ստիպված ենք կրկնել․ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով ֆինանսական աղբյուրները համարվում են բաց տեղեկատվություն, եւ  բանկային գաղտնիքի տիրապետող սուբյեկտը բանկն է եւ ոչ թե հիմնադրամը։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին հղում կարող է անել բանկը, եթե մենք պահանջենք տեղեկատվություն, օրինակ, նրա հաճախորդի կարողության,  հաշիվների շարժի վերաբերյալ։ Իսկ եթե մի օրենքով տվյալը համարվում է հրապարակային, ապա մյուսով այն չի կարող պաշտպանված լինել հրապարակումից։ 

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին խնդրեցինք պատասխանել հարցին, թե արդյոք կարո՞ղ է հիմնադրամն իր հաշվետվության մեջ ֆինանսական աղբյուրը չնշել, մանավանդ նկատի ունենալով այդ տեղեկությունների վերաբերյալ հասարակական պահանջարկը։ «Ֆինանսավորման աղբյուրները պետք է հաշվետվության մեջ պարունակվեն,- ասաց փաստաբանը,- բայց եթե անգամ օրենքը նախատեսեր, որ դրանք կարող են չհրապարակվել, դա կհակասեր հիմնադրամների գործունեության բուն նպատակին։ Քանի որ հիմնադրամները հետապնդում են հանրօգուտ նպատակներ, հետեւաբար, հանրությունից չեն կարող թաքցնել ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը»։ Հանրօգուտ նպատակները նաեւ հանրօգուտ հարցեր են առաջացնում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Մեղրիի մանկապարտեզի նորոգման համար 500 հազար դոլար նվիրաբերող անձը ցանկանում թաքցնել իր անունը, եթե նրա կյանքն ու բիզնեսը չեն հակասում օրենքին։ Կամ՝ ի՞նչ կլիներ, եթե, ասենք, զինհաշմանդամների վերականգնողական բուժման համար 400 հազար դոլար նվիրաբերած անձնավորության անունը հրապարակվեր։ Իհարկե, դա կախված է նրանից, թե ով է այդ անձը, եթե նա, օրինակ, անցնում է մի որեւէ քրեական գործով, որը նվիրատվություն կատարելու շրջանում անսպասելիորեն կարճվել է, կամ եթե այդ անձը հանրային գիտակցության մեջ որոշակի բացասական իմիջ ունի, բացասական մեկնաբանություններն  անխուսափելի են։ 

Մենք հաշվեցինք, որ Աննա Հակոբյանի հիմնադրամն անանուն աղբյուրներից, ընդհանուր առմամբ, ստացել է 950 հազար ԱՄՆ դոլար եւ մոտ 179 մլն 850 հազար դրամ, որը քիչ չէ։ 

Հիմնադրամներն ամբողջ աշխարհում փողերի լվացման տեսանկյունից վտանգավոր կառույցներ են համարվում, ուստի որքան ավելի հրապարակային է դրանց գործունեությունը, այնքան ավելի ցածր է ռիսկայնությունը, եւ այնքան ավելի անվտանգ է համարվում երկիրը՝ փողերի լվացման տեսանկյունից։ Ի դեպ, ըստ Եվրոպական խորհրդի՝ փողերի լվացման դեմ պայքարի MONEYVAL գործակալության անցյալ տարի ներկայացված զեկույցի, Հայաստանի փողերի լվացման ռիսկերի գնահատման համակարգը բավարար է եւ վերջին տարիներին «մասամբ համապատասխանող»-ից դարձել է «մեծապես համապատասխանող»։