Նախարարը շփոթե՞լ է

Նախարարը շփոթե՞լ է

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը մարտի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ, որից հետո լրագրողներին ասել է, որ ԱՀ մոտեցումը կարգավորման բանակցային գործընթացին այն է, որ «եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը»:

Ինչպես հայտնի է, միջնորդներն առաջարկում են ԼՂ հակամարտությունը կարգավորել Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա, որտեղ ամրագրված են երեք սկզբունքներ՝ ուժ կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների հավասարություն ու ինքնորոշում: «Հնացած» ասելով՝ Արցախի արտգործնախարարը նկատի է ունեցել ա՞յդ սկզբունքները: Այդ դեպքում նոր ի՞նչ կարող են առաջարկել միջնորդները, եթե միջազգային հանրությունը նշված սկզբունքները համարում է ունիվերսալ:

Այսինքն, գործնականում բոլոր վիճելի հարցերը ենթակա են խաղաղ կարգավորման, պետությունները փոխադարձաբար ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ էլ՝ ժողովուրդների հավասարությունը եւ ինքնորոշումը: Գուցե Մասիս Մայիլյանը «հնացած» է անվանել ԼՂ կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հնչեցրած վեց տարրե՞րը, եւ լրագրողնե՞րն են ոչ ճիշտ փոխանցել նրա միտքը: Ըստ երեւույթին, ասվածը պետք է հասկանալ այնպես, որ Արցախի համար «հնացած» եւ սկզբունքորեն անընդունելի են կարգավորման այն քայլերը, որ առաջարկում են միջնորդները: Մասիս Մայիլյանը փորձառու դիվանագետ է եւ հազիվ թե «հնացած» անվաներ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները: