Անկում՝ Հայկական ժամանակով

Անկում՝ Հայկական ժամանակով

Ինչ մեղքս թաքցնեմ, երկու տարի եղավ՝ սկսել եմ շաբաթը գոնե մի քանի անգամ աչքի անցկացնել «Հայկական ժամանակը»: Կարդում եմ` ինչպես 1930-ական թվականներին «Պրավդա» կկարդային: Չէ, ներողություն. նկատի ունենալով մեր իշխանավորների թավշյա հասակը` ինչպես «Կոմսոմոլսկայա պրավդա» կկարդային: Իսկ «Հայկական ժամանակ» կարդալ անհրաժեշտ է` հասկանալու համար, թե ինչ է շնչում Նիկոլ Փաշինյանը: Կարդալ պետք է նաեւ այն բանի համար, որ կարողանաս ճշտել` լրագրողության հետ վարչապետություն անելը կամ վարչապետության հետ` լրագրողություն, արդյո՞ք փոխադարձաբար վնասակար չէ: Վերջապես, կարդալ պետք է, քանի որ պարբերականը կատարում է վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները, իսկ դա ինքնին հետաքրքիր է:

Ասեմ նաեւ, որ իբրեւ ոչ միամիտ, ժամանակին նույնիսկ մի թեթեւ «Պրավդա» աչքի անցկացրած մարդ` բոլորովին չեմ խաբվում «ՀԺ»-ի բովանդակությամբ, մասնավորապես` լուրերի շինծու, «ցրողական» բազմազանությամբ: Չեմ խաբվում, քանզի հստակ գիտեմ, թե որտեղ է բաբախում պարբերականի «սիրտը». խմբագրականը: Ես միայն դա եմ կարդում, եթե լինում է: Իսկ «ՀԺ»-ի խմբագրականները հետաքրքիր են, որովհետեւ երեւան են բերում եթե ոչ իշխանության, ապա գոնե Նիկոլ Փաշինյանի խոհերը, վախերը, հույզերն ու մտասեւեռումները: Նաեւ`մանիպուլյացիաները: 
Եվ ուրեմն՝ գրել «ՀԺ»-ի խմբագրականների մասին, նշանակում է քննարկել այս կամ այն խնդրի վերաբերյալ «օդում կախված» իշխանական տեսակետը: Իսկ դա իսկապես անհետաքրքիր չէ, մանավանդ որ ամեն անգամ առնչվում է մարդկային հոգեբանության, ավելի ստույգ՝ ախտահոգեբանական ինչ-ինչ դրսեւորումների հետ:

Անշուշտ, շատերս ենք հասկանում, որ ժամանակին (հետիշխանափոխական ավելի առաջացած շրջանում) սեփական «պրավդան» պահելը վարչապետի համար ամենեւին չէր նշանակում` պահել սեփական բիզնեսը: Գուցե դա էլ կար, բայց կարեւորը, կարծում եմ, «պրավդայի» թերապեւտիկ նշանակությունն էր. վարչապետն ուղղակի հոգեբանական վերականգնման կուրս է անցնում ամեն անգամ, երբ հերթական խմբագրականն է երկնում:

Ինչպես որ այս մեկը` «Ներքաղաքական պայքարի անվան տակ» (05.07.2020) վերնագրով, որի ամբողջ իմաստն այն է, թե Հայաստանում չկա ներքաղաքական պայքար, իսկ եղածն ընդամենը նախկին թալանչիների, «մանր ժուլիկների ու ջեբկիրների» (մեջբերում է խմբագրականից) ընդվզումն է թալանածը ետ բերելու համար մղվող իշխանությունների հերոսական պայքարի դեմ: «Իրականում Հայաստանում ընթացող «ներքաղաքական պայքարը» կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ հեղափոխական իշխանությունները փորձում են վերադարձնել տասնամյակներ շարունակ պետությունից ու ժողովրդից թալանած միլիարդները, իսկ թալանողները դիմադրում են ու փորձում թույլ չտալ։ Սա է, ուրիշ բան չկա»։ Տեսնո՞ւմ եք՝ գնահատականներում որքա՛ն անվերապահորեն կտրուկ, հանճարեղորեն պարզ է խմբագրականի հեղինակը. նրա համար այլ քաղաքական ուժեր պարզապես գոյություն չունեն. իրենք են ու… էլ ոչ ոք չկա: Մյուսներն այնքա՛ն «չկան», որ դրանց բոլորի կուսակցական միջոցառումները խմբագրականում ՔՊ առաջնորդի կողմից որակվում են… «սխոդկա» տերմինով:

Եվ ամբողջ այս «գողականի» հեղինակը ոչ այլ ոք է, քան երկրի վարչապետը: Խմբագրականի հեղինակը ձեռի հետ բացահայտում է նաեւ ռեւանշի ձգտող նախկինների քաղաքական պայքարի մեթոդիկան։ «…Պետք է հանրությանը ներշնչել, թե իբր իշխանությունները նախկինում կատարած հանցանքների համար հետապնդում են միայն նրանց, ովքեր քաղաքական հավակնություններ ունեն եւ իշխանությունների համար որոշակի վտանգ են ներկայացնում, իսկ նրանք, ովքեր գլուխները կախ մի կողմ են քաշվել, դուրս են մնում իշխանությունների տեսադաշտից»,- ասվում է խմբագրականում։ Տեսնո՞ւմ եք՝ նաեւ ի՛նչ օբյեկտիվ է խմբագրականի հեղինակը. նա չի խորշում շոշափել մի թեմա, որի համար վերջին շրջանում ամենաշատն է քննադատվում` նախկինում կատարված ընտրակեղծիքների համար ինչո՞ւ միայն Գագիկ Ծառուկյանը պետք է պատասխանատվության կանչվեր, չէ՞ որ կան ուրիշ անուններ եւս, որոնք նախկինում պատգամավոր են դարձել ընտրակաշառքով, ընդ որում` անհամեմատ ավելի «ժուլիկ» եղանակներով: Այդ մարդիկ ժամանակին «հարազատ» կուսակցության համար նույնպես հսկայական ներդրումներ են արել: Բայց մեր բազմամյա խմբագիրը հրաշալի է տիրապետում լրագրողական ձեռնածություններին. նա միայն ակնարկում է թեմայի մասին` հավասարատեսության պատրանք ստեղծելով, բայց նաեւ արագ «թռնում» է թեմայից, քանի որ խորանալը՝ անուններ տալու չափ, արդեն ձեռնտու չէ:

Խմբագրականը հեղինակն ավարտում է ֆալշ նոտայով. իբր այնքա՜ն ցանկալի է, որ Հայաստանում վերջապես նորմալ ընդդիմադիր դաշտ ձեւավորվի, այնքա՛ն անհրաժեշտ է, որ նորմալ քաղաքական պայքար ընթանա, բայց աստվածահաճո այս նպատակները չեն իրագործվում, որովհետեւ նախկինները, մի քանի «մանր ժուլիկ-ջեբկիր» էլ` վրադիր, խանգարում են… Խեղճ վարչապետ, արի ու եղած «թափթփուկներով» քաղաքակիրթ քաղաքական դաշտ ձեւավորիր…

ՀԳ. Մի նկատառում էլ՝ «ՀԺ» պարբերականի մասին: 2018-ի մայիս-հունիսին միամտաբար կարծում էի, թե 20-ամյա ընդդիմադիր լրատվամիջոցն իր առաքելությունը փառքով պսակածի գոհունակությամբ վերջակետ կդնի գործունեությանը, հենց թեկուզ հանուն այն բանի, որ իսկապես նորմալ քաղաքական դաշտ ձեւավորվի: Հետո նույնը սպասում էի 2018-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց լրատվամիջոցը համառորեն մնաց եւ սկսեց պայքարել այս անգամ էլ իշխանության ընդդիմախոսների դեմ, ասել է թե` հանուն իշխանության:
Ինչպիսի՛ անկում…