Հայաստանյան կրթության գորդյան հանգույցը

Հայաստանյան կրթության գորդյան հանգույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի սուպերնախարարությունը, Ալեքսանդր Մակեդոնացու պես, թրի մեկ հարվածով կտրեց գորդյան հանգույցը՝ լուծելով հայաստանյան կրթության բարեփոխումների խնդիրը՝ «Հանրակրթության մասին ՀՀ օրենքով սահմանելով հանրակրթության պետական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի ձեւավորման ու հաստատման նոր կարգ», որի կիրարկմամբ նոր Հայաստանի դպրոցներում կրճատվելու են հայոց լեզվի ժամերը, եւ դպրոցական ծրագրերից հանվելու է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Եվ եթե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շահագրգիռ կառույց ուներ՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու, որ պայքար է կազմակերպել հանրակրթության նոր կարգի դեմ, ապա հայոց լեզուն մնաց գրեթե անպաշտպան եւ եկեղեցու բարձրացած աղմուկի, նախկինների եւ ներկաների ձեռնամարտերի եւ համաճարակի անկանգ աճի պայմաններում հիմնականում մոռացվեց:
Ամիսներ առաջ հիշյալ նախարարությունն անզիջում համառությամբ բուհական ծրագրերից դուրս թողեց հայոց լեզվի դասավանդման «պարտադիր» բաղադրիչը՝ հայերենի ուսուցումը վերապահելով բուհերի հայեցողությանը:

Այս տարակուսելի ուղենիշի շուրջ նախարարության հիմնավորումները, ըստ էության, հանգում են հետեւյալին՝ - հայ երեխան տառաճանաչ լինի՝ միանգամայն բավարար է, - դպրոցներն ու բուհերը որակյալ կրթություն չեն ապահովում, քանի որ հայոց լեզվի դասերի մեծաքանակությունը խոչընդոտում է այլ առարկաների դասավանդումը: 

Փլուզվող կրթական համակարգի սխալների ու մեղքերի ծանրության տակ առաջինը կքեց հայերենը: Հայոց լեզուն դարձավ այն գորդյան հանգույցը, որն անգթաբար թրատվեց: Հայոց լեզուն, որ օտար իշխանությունների աչքի փուշն է, դարձել է նաեւ հեղափոխական իշխանությունների ապազգայնության ցուցիչը: Անծրագրայնությամբ տառապող իշխանությունների դեպքում դժվար է հասկանալ՝ սա ծրագրայի՞ն մոտեցում է, թե՞ պարզ համընկնում, թեպետ այն համառությունն ու հետեւողականությունը, որ ցուցաբերվում են հայոց լեզվի եւ հայագիտության լուսանցքայնացման համար, լուրջ կասկածներ են առաջացնում, որ ազգային կրթությունը ծրագրայնորեն նշանառվում է:
Միաժամանակ, հանրակրթության եւ բուհական համակարգում հայոց լեզվի ուսուցման եւ նրա գերակայության թրատման խնդիրը վերստին պատճառ դարձավ, որ քննարկումներ ծավալվեն հայաստանյան կրթության խնդիրների շուրջ:

Հայաստանյան կրթությունից դժգոհ են բոլորը՝ աշակերտները եւ ուսուցիչները, ուսանողները եւ դասախոսները, իշխանությունները եւ ընդդիմությունը, նախկինները եւ ներկաները, դժգոհ էին երեկ, դժգոհ են այսօր, հաստատապես կարելի է պնդել՝ դժգոհ կլինեն նաեւ վաղը: Եվ թեպետ դժգոհ են բոլորը, իրականում հայաստանյան կրթության փլուզման համար մեղավոր են բոլորը: 
Հետխորհրդային Հայաստանում ոչինչ այնպես չի ենթարկվել ցնցումների եւ այլակերպումների, ինչպես կրթական համակարգը: Հանրակրթությունից մինչեւ բուհական եւ հետբուհական կրթություն համակարգն անցել է տարտարոսի միջով՝ ոչ միայն այդպես էլ չկայանալով որպես անկախ Հայաստանի կրթություն՝ հիմնված ազգային արժեքների, առաջադիմական սկզբունքների, նորարարական գաղափարների վրա, այլեւ կազմաքանդելով այն լավագույնը, որի վրա կանգուն էր խորհրդային կրթական համակարգը, սակայն պահպանելով այն արատավոր երեւույթները, որ կային խորհրդային կրթական համակարգում: 

Ներկա եռաստիճան կրթական համակարգը վերապրել է անցումային ժամանակների վայրիվերումները, բախվել է ավտորիտար քաղաքական համակարգի անգթությանը եւ հասարակական արատավոր բարքերին՝ սպունգի պես ներծծելով այդ արատները եւ դառնալով այդ համակարգի պատվարը: Կրթության ոլորտի պաշտոնական թագադրյալները՝ ՀՀ կրթության եւ գիտության տարբեր նախարարները, հայաստանյան կրթական համակարգը ձեւավորվել կամ ձեւախեղել են ըստ իրենց պատկերացումների: Աշոտ Բլեյանի անփառունակ կրթական նորարարություններից մինչեւ Սերգո Երիցյանի անողոք օպտիմալացում, Լեւոն Մկրտչյանի եւ Արմեն Աշոտյանի անժամկետ պաշտոնավարումից մինչեւ Արայիկ Հարությունյանի վտանգավոր լեզվաքաղաքականություն՝ կրթության համակարգն անվերջ ենթարկվել է փոփոխությունների՝ անփոփոխ թողնելով երկու բան՝ քաղաքական համակարգը եւ հանրային մտածողության արատավոր կարծատիպերը կրթության մասին: 

Հայաստանյան կրթական համակարգը, անխնա կուսակցականացվելով, միշտ եղել է քաղաքական նպատակահարմարության եւ սակարկությունների պատանդը: Քաղաքական իշխանության խնդիրը մեկն է եղել՝ այնպես անել, որ կրթությունն ու գիտությունը, որտեղ ներգրավված է մտավորականությունը, չընդվզի իշխանությունների եւ քաղաքական համակարգի դեմ, այլ դառնա իշխանության հպատակը: Սա է եղել գլխավոր խնդիրը, որը հաջողությամբ լուծվել է, եւ մտավախությունը, որ ուսյալ հանրությունը ավտորիտար իշխանության հավերժական հակառակորդն է լինելու, փարատվել է՝ պարտադրելով իշխանություններին ամբողջապես վերահսկել ոլորտը: Նմանօրինակ իրավիճակում կրթության համակարգի բարեփոխումները կա՛մ հետաձգվել են, կա՛մ այնպիսի փոփոխությունների են ենթարկվել, որոնց հետեւանքով կրթական համակարգն անվերջ ցնցումներից վերջնականապես խարխլվել է: 

Հայաստանյան կրթության համակարգի կարեւոր խնդիրները միշտ եղել են՝ 
1. հայեցի կրթության ապահովումը՝ ազգային ինքնության անխաթար պահպանման եւ զարգացման հնարավորություններով,
2. ժամանակակից եւ մրցունակ որակյալ կրթության ապահովումը՝ հագեցած նոր տեխնոլոգիաներով, դասավանդման նոր մեթոդներով, նոր բովանդակությամբ եւ նոր ուղղությունների ներառմամբ, 
3. համակարգի ամբողջական ապակուսակցականացումը,
4. կրթությունը որպես բիզնես ոլորտ դիտարկելու քաղաքականության վերանայումը, 
5. ուսուցիչների եւ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի սոցիալական երաշխիքների, բարձր վարձատրության ապահովումը, 
6. համակարգում արմատակալած կոռուպցիայի եւ կաշառակերության հաղթահարումը եւ ամբողջական ախտահանումը, 
7. առկա եւ ապագա մասնագետների վերապատրաստումը տնօրինող գործող կլանների կազմաքանդումը, 
8. կրթության հանդեպ հանրային մտածողության խորքային փոփոխությունը, գիտելիքի վերարժեւորումն ու վերագնահատումը, 
9. ազատ մտածող քաղաքացու ձեւավորումը, 
10. արդարության հաստատումը եռաստիճան կրթական համակարգում՝ հենված օրինականության պահպանման, բարոյական սկզբունքների գերակայման, թափանցիկության ապահովման, հավասար հնարավորությունների ընձեռման, համակարգի հանդեպ հանրության վստահության վերականգնման վրա:

Ապրիլյան հեղափոխությունը, անկատար թողնելով կրթության համակարգի բարեփոխումների այսեւայլ խնդիրները, կրթության գորդյան հանգույցը պարզապես թրատեց, որի առաջին զոհը դարձավ հայոց լեզուն: 

Ես հայաստանյան բուհական համակարգում դասավանդում եմ 1998-ից ի վեր։ Այդ տարիների ընթացքում մերժել եմ արատավոր մեթոդներով գնահատական ստանալու բոլոր խնդրանքներն ու պահանջները, որպես կանոն, լսելով՝ «հարգում ենք քո սկզբունքները, բայց…»: Ի պատասխան՝ ես միշտ նկատել եմ, որ դրանք ոչ թե իմ, այլ կրթության սկզբունքներն են: Ես, հավանաբար, մասամբ սխալվել եմ՝ հայաստանյան կրթական համակարգի սկզբունքները եթե անհայտ չեն, ապա խիստ մտահոգիչ են: 

Երբ Բրազիլիայի կրթության նախկին նախարար Պաուլո Սոուզալին հարցրեցին, թե ինչ կուզենար անել հինգ տարի անց, նա պատասխանեց. «Երբ ես նախարար նշանակվեցի, ինքս ինձ խոստացա լինել Բրազիլիայի պատմության ամենալավ կրթության նախարարը: Դա հիմա էլ է իմ նպատակը՝ այնպես անել, որ կրթությունը դիտվի որպես երկրի զարգացման կարեւորագույն գործոն. այդ դեպքում լուրջ հիմնախնդիրների փոխարեն մենք կունենանք լուրջ լուծումներ»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հարկ է, որ հարցնի ինքն իրեն, թե ինչ է ուզում ինքն այժմ եւ հինգ տարի անց՝ թրատե՞լ հայաստանյան կրթության գորդյան հանգույցը, թե՞ բացել այն՝ առկա լուրջ հիմնախնդիրները փոխարինելով լուրջ լուծումներով: