Ինչ կպատահի, եթե Փաշինյանը հրաժարական չներկայացնի

Ինչ կպատահի, եթե Փաշինյանը հրաժարական չներկայացնի

Ֆեյսբուքում, որպես գովազդ, շրջանառվում է անհայտ գործարարի գրությունը, թե ինչ կպատահի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի: Եվ հենց գովազդի կանոններով գրված այդ տեքստը չի տալիս որեւէ հիմնավորում՝ ընթերցողն ընդամենը պետք է հավատա հեղինակին, ճիշտ այնպես, ինչպես հավատում է հենց Փաշինյանին: Այդ տեքստն առիթ ծառայեց, որպեսզի ներկայացնեմ, թե ինչ կպատահի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի: 
Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է վերջին երկու եւ կես տարում՝ դրան գումարած արցախյան երկրորդ գոյամարտում մեր կրած ծանր պարտության հետեւանքները: Իսկ ի՞նչ էր առկա երկրում՝ նախքան պատերազմը: Երկրի տնտեսությունը զարգանում էր նախկին գերակայությամբ՝ հանքարդյունաբերություն եւ գյուղատնտեսության վերամշակում, թեեւ խոստում էր տրվել, որ այդ գերակայությունը պետք է փոխվի:

Նախորդ տարիների հետ համեմատած, հսկայական չափով կրճատվել էին ներդրումները, չնայած խոստում էր տրվել, որ դրանք աննախադեպ աճ կունենան: Խոստում էր տրվել, որ մարդիկ կդադարեն երկիր լքելը, եւ կունենանք ժողովրդագրական ցուցանիշների բարելավում՝ ներհոսքի եւ ծնունդների աճի շնորհիվ: Իրականում նման երեւույթ գրանցվեց շատ կարճ ժամանակահատվածով՝ պայմանավորված հեղափոխական էյֆորիայով, իսկ հետո, երբ էյֆորիան մնաց անցյալում, ամեն ինչ ընկավ իր տեղը՝ շարունակվեց մարդկային ռեսուրսների արտահոսքը: Տնտեսական առումով Հայաստանը չդարձավ այն դրախտը, որ ներկայացնում էր իշխանությունը 2018 թվականի մայիսից:  
Իշխանությունը խոստացել էր ստեղծել անկախ դատական համակարգ, սակայն դրա փոխարեն դատական համակարգը դարձավ ավելի կախյալ. համակարգում մնացին առանձին դատավորներ, որոնք գլուխները կախ չէին կատարում անձամբ վարչապետի հրահանգները: Դա հասավ այն աստիճանի, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը վերջերս հայտարարություն տարածեց, որ դատավորները պարտավոր են հետեւել զուտ օրենքներին եւ վճիռներ կատարել իրենց մասնագիտական փորձառության եւ խղճի մտոք, որպեսզի երկրի արդարադատության համակարգը չենթարկվի կոլապսի: Այն, որ դա կպատահեր, մատնացույց է անում Ալբանիայի օրինակը, որում եվրոպական հանձնարարություններով իրականացված վեթինգից հետո դատական համակարգն ընկել էր կոլապսի գիրկը. զարմանալիորեն, դրա վերաբերյալ հոդվածը հրապարակել էր օտար ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող լրատվամիջոցներից մեկը (անունը տալ չեմ ցանկանում՝ լրացուցիչ գովազդից խուսափելու նպատակով):  

Նիկոլ Փաշինյանը խոստացել էր օրինականության շրջանակներում ունեզրկել նախկին կոռումպացված պաշտոնյաներին եւ նրանցից ստացված գումարներն ուղղել տնտեսության զարգացմանն ու երկրի անվտանգության ամրապնդմանը: Այդ առումով մենք տեսանք բազմաթիվ դատական պրոցեսներ, հայաստանյան մասշտաբով հսկայական գումարների գրավադրումներ, սակայն իրական գումարների ներհոսք այդպես էլ տեղի չունեցավ: Միակ իրական «ձեռքբերումը» Ծաղկաձորում գտնվող հինգաստղանի «Գոլդըն Փելըս» հյուրանոցն էր, որը հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակում պետությանն էր «նվիրել» նախկիններից մեկը (տվյալ դեպքում անունն էական չէ): Հյուրանոցը սեփականաշնորհելու երկու, թե երեք անհաջող փորձից հետո այն վերածվեց կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման վայրի, իսկ թե ինչ կլինի համավարակի հաղթահարումից հետո՝ Աստված գիտի:

 Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ