Պոկել, ապամոնտաժել, վերջապես՝ աթոռով դուրս բերել նրան… 

Պոկել, ապամոնտաժել, վերջապես՝ աթոռով դուրս բերել նրան… 

Սիրելի ընթերցող, եթե դու հիմա կարդում ես այս հոդվածը, դա նշանակում է, որ Փաշինյանը դեռեւս հրաժարական չի տվել: Այո, այդ հրաժարականը մոտ է այնքան, որ չգիտես՝ մեկ ժամ հետո ինչ կարող է տեղի ունենալ: Այս իրավիճակում հոդված գրել Փաշինյանի հրաժարականի պահանջով, նշանակում է՝ վստահ լինել, որ վաղը նա դեռ իր աթոռի վրա է լինելու: Ես այդքան մեծ վստահություն չունեմ, այդ պատճառով էլ, սիրելի ընթերցող, նախապես ապահովագրեցի ինձ:

Արժե՞ երկար-բարակ բացատրել, թե ինչու պետք է Փաշինյանը հրաժարական տա եւ հեռանա: Կարծում եմ՝ ոչ: Բավական է ասել, որ նա ջախջախիչ պարտություն է կրել եւ ստորագրել կրակի դադարեցման կապիտուլյացիոն ակտ: Սրան ասում են՝ վերջ: Իսկ այն, որ Փաշինյանն ասում է, թե սա պայմանագիր չէ, ֆլան-ֆստան, ընդամենը մանկամտություն է: Ով չի հավատում, որ դա մանկամտություն է, կարող է մտքով պատկերացնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը վերելակի մեջ Ալիեւին համոզում՝ հետ տալ Հադրութն ու Շուշին, հրաժարվել Քարվաճառից ու Կովսականից: Հա, ի դեպ, Պուտինն ասել է, որ ինքը կապ չունի այս խայտառակ թղթի հետ, որ, չգիտես ինչու, «եռակողմ» է կոչվում: Այդ թուղթը Ալիեւի եւ Փաշինյանի համատեղ մտավոր թռիչքի արգասիքն է, որ «ադաբրյամս» է արել Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ ծիծաղելով թե՛ մեկի եւ թե՛ մյուսի վրա: Փաշինյանը, ահա, պետք է հասկանա, որ Ալիեւի հետ համահեղինակած այդ «տեքստը», մեղմ ասած, իր իշխանության վերջի վերջն է, եւ ինքն այլեւս անելիք չունի:

Ես չեմ հասկանում, թե ինչ աստիճանի աներես պետք է լինի մարդ, որ կնոջն առած՝ գնա մասնակցելու իր անփառունակ ղեկավարության պատճառով զոհված տղաների հոգեհանգստյան արարողությանը: Խի՞ղճն է տանջում նրան… Ոչ, երիցս՝ ոչ: Խիղճ ունենար՝ հրաժարական տված կլիներ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եւ այդ արարողությանն էլ կմասնակցեր հայոց համեստագույն եկեղեցիներից մեկում եւ ոչ թե Մայր տաճարում՝ իր ԵՍ-ը պաշտպանող մի ամբողջ զորախմբի հետ:

Քրոնիկ ստախոսը ճանապարհային քարտեզ հրապարակեց, ապա՝ Արցախի Հանրապետության նախագահին նստեցրեց կողքին ու սկսեց հետպատերազմյան լոլոներ կարդալ: Էս Արայիկ Հարությունյանին էլ Աստված տվել, չի խնայել՝ համեստության մարմնացում է: Ինչո՞ւ ես Ստեփանակերտը թողել, հասել Երեւան: Կարգը պահանջում էր, որ Նիկոլը գար Արցախ եւ զորակցություն հայտներ քեզ, եւ ոչ թե դու գայիր Երեւան՝ Նիկոլի ասածները թութակելու: Իսկ գուցե «եռակողմ» թղթով արգելվա՞ծ է Նիկոլ Փաշինյանի այցն Արցախ: Մարդու մտքով ինչ ասես՝ անցնում է արդեն:

Ո՞վ իմացավ՝ ի՞նչ խոսեցին Լավրովն ու Շոյգուն Երեւանում: ՌԴ թիվ 1 դիվանագետի եւ թիվ 1 գեներալի համատեղ այցը Հայաստան, թույլ տվեք ասել, ամենահարմար ձեւաչափը չէր, որից եզրակացնեինք, թե եկել են Նիկոլ Փաշինյանին իրենց զորակցությունը հայտնելու: Թե դա ինչ էր՝ դժվար է ասել, մանավանդ որ ռուսական կողմը գրեթե պաշտոնապես այն որակեց «դրամատուրգիա»: Այս բառն ամեն ինչ կարող է նշանակել՝ կոմեդիա, տրագիկոմեդիա, տրագեդիա, վերջապես՝ քաղաքական կամ հոգեկան դրամա, որ հաստատ Շոյգուն ու Լավրովը չեն ապրում, այլ՝ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս պետք է մի քիչ հարգանք դրսեւորի յուր անձի նկատմամբ եւ հեռանա, որովհետեւ յուրաքանչյուր հաջորդ հանդիպում եւ յուրաքանչյուր քննարկում արցախյան թեմայով նրա համար վերածվելու է իսկական դրամայի: Խնդիրն աստիճանաբար տեղափոխվում է հոգեբանական ծառայությունների իրավասության դաշտ: Նման խայտառակություն կարող է թույլ չտալ մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, որը, ասացեք խնդրեմ, չի ուզում հրաժարական տալ եւ գնալ:

Ի՞նչ կտա այս իրավիճակում իշխող քաղաքական թիմի անդամներին հատ-հատ օդ կրակելը: Թերթերը գրում են, թե սա նախկին ռեժիմներից մնացած հին ու բարի սովորություն է՝ մեղքերը բարդել կողքինների վրա ու խուսափել բուն պատասխանատուի կարգավիճակից: Եթե նույնիսկ կա այդպիսի բան, ապա դա Փաշինյանի պարագայում չի կարող աշխատել: Բացատրեմ՝ ինչու: Նախկիններից ոչ մեկը ընտանյոք հանդերձ պատերազմներ չի ղեկավարել, ՀՀ նախագահներից ոչ մեկը չի հայտարարել, որ երկրում չկա որեւէ դատավոր, որ իր ասածը չանի, նրանցից ոչ մեկը արցախյան բանակցությունները սեփական կետից չի սկսել, ոչ մի նախարար նրանց օրոք չի շարունակել աշխատել, երբ նրան վստահված ոլորտը ոտքի է կանգնել նախարարի դեմ, նախկինների ժամանակ ձախողված պաշտոնյային փոխարինում էին առավել հաջողակով… Կարելի է երկար թվարկել այս շարքը, որից միայն պարզ է դառնում, որ երկրում ամեն ինչ իրենով արած Փաշինյանը պարզապես չի կարող իր ԿԳՄՍ նախարարին «պայթեցնելով»՝ պլստալ պատասխանատվությունից: Նա կարող էր դա ավելի վաղ անել, բայց կրծքով պաշտպանեց նրան: Սա էլ է ցուցիչ, որ այսօր Փաշինյանը զբաղված է ոչ մի բանով: Նախարար թռցնելու այս շոուին հավատացող չկա ուղղակի:

Փաշինյանն իր ճանապարհային քարտեզով խոստանում է հոգեբանական ծառայություն տրամադրել պատերազմով անցածներին, զոհված զինծառայողների հարազատներին եւ այլն: Անշուշտ, մարդասիրական քայլ է: Միակ անհարմարությունը, սակայն, այն է, որ ոչ միայն մեր ժողովուրդը, այլեւ ողջ մարդկությունն է հայտնվել հոգեբանական ծանր կացության մեջ: Կարծում եք՝ կանադացիներին, ամերիկացիներին, եգիպտացիներին, ռուսներին, ադրբեջանցիներին, մյուսներին, հոգեբանական ծառայություն պետք չէ՞, որպեսզի հաղթահարեն այն շոկը, որ առաջացրել է ՀՀ կապիտուլացված վարչապետը՝ կառչած մնալով աթոռից: Լուկաշենկոն իրեն նման բան թույլ տար, գուցե ոչ ոք շոկ չապրեր, բայց երբ դա անում է Սահակաշվիլու եւ Պորոշենկոյի նման մեկը, որ Հայաստանում իշխանության է բերվել իբր ժողովրդի իշխանություն հաստատելու համար, ոչ ոք չի հասկանա:

Այսքան խոսեցի… Ասածիս միտք բանին էլ այն էր, որ Փաշինյանը վերջացել է բոլոր առումներով: Առջեւում խնդիրներ կան լուծելու, որոնք նրա խելքի բանը չեն, հաստատ: Թող ների ինձ, եթե կարող է, բայց մարդիկ մեկ կյանք են ապրում, եւ ոչ ոք չի ցանկանա իր այդ մեկ կյանքը նվիրել Փաշինյանի նման մի ձախլիկ երեւույթի, որ 2.5 տարի ստել է՝ բավական չէ, որ կառավարման համակարգից մինչեւ արդարադատություն ապականել է՝ բավական չէ, որ հազարավորների կյանքը մսխել է՝ բավական չէ, որ Արցախն Ալիեւին է նվիրել՝ բավական չէ, որ խայտառակ կապիտուլյացիոն ակտ է ստորագրել՝ բավական չէ, հիմա էլ ուզում է մնալ վարչապետի պաշտոնում՝ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա:

Չգիտեմ դուք ինչ կորոշեք, բայց անձամբ ես այս գժանոցում ապրելու ցանկություն չունեմ: Փաշինյանին պետք է պոկել, ապամոնտաժել վարչապետի աթոռից, աթոռով հանդերձ դուրս բերել այդ մոգական շենքից, միայն թե բացվեն այս գժանոցի դռները: