Առողջապահական գործակալության  նախկին պետի դեմ գո՞րծ են հարուցել

Առողջապահական գործակալության  նախկին պետի դեմ գո՞րծ են հարուցել

«Հրապարակին» տեղեկություններ են հասել այն մասին, որ  առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ահարոն Բարսեղյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ կա։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Բարսեղյանը «Ուիգմոր քլինիքին» հսկայական պետ պատվեր է տվել, իսկ հետո իր հետ փոխկապակցված ընկերությամբ Ուգիմորին խորհրդատվություն է տվել, որի արժեքը նույնպես փոքր չի եղել։

Ըստ մեզ հասած լուրերի, հենց սա է հիմք հանդիսացել վարույթ սկսելու համար: Մեր աղբյուրներն ասում են, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում չի բացառվում, որ անգամ արդեն նախկին պետին կալանավորեն։ Վերջերս նման պրակտիկա է կիրառում իշխանությունը` աշխատանքից ազատում են, ապա մեղադրանք առաջադրում:

Մեզ հետ զրույցում Բարսեղյանը, որ ՊԱԳ պետ նշանակվելուց առաջ աշխատել է Ուիգմորում, ասաց․«Աշխատանքից դուրս գալուց հետո Ուիգմորի հետ որևէ նման հարաբերություն ես չեմ ունեցել, Ուիգմորին ծառայություն մատուցողների հետ կապված որևէ տեղեկատվություն որպես այդպիսի չունեմ»։

Հիշեցնենք, որ Ահարոն Բարսեղյանը հեռացել է «Ուիգմոր քլինիքից», երբ ստանձնել է պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնը։

Հակակոռուպցիոն կոմիտեում ՊԱԳ- ի հետ կապված վարույթ կա, թե ոչ, ասաց, որ նման տեղեկատվություն չունի։

Արդյո՞ք մտավախություններ չունի, ինչպես օրինակ եղավ Վահան Քերոբյանի պարագայում՝ աշխատանքից ազատվելուց հետո նրա դեմ քր․ գործ հարուցվեց, ինչին առողջապահական գործակալության նախկին պետն ասաց․«Ես նման մտավախություն չունեմ, եթե իրավապահ մարմիննները իրենց իրավասության շրջանակներում որոշակի գործողություններ են իրականացնում կամ հարմար են գտնում իրականացնել՝ ես դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ։ Ես որպես այդպիսին՝ որևէ տեղեկատվություն չունեմ»։