Ուկրաինան պատրաստ է ՌԴ-ի հետ խաղաղ բանակցություններին․ ԱԳ նախարար

Ուկրաինան պատրաստ է ՌԴ-ի հետ խաղաղ բանակցություններին․ ԱԳ նախարար

Ուկրաինան կարող է խաղաղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Խաղաղության բանաձևի շրջանակներում, որն առաջարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան։

Նրա խոսքով, Կիևը պատրաստ է դիվանագիտական ​​գործընթաց սկսել գագաթնաժողովների միջև, որտեղ կքննարկվի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։

«Մենք ասել ենք, որ առաջին գագաթնաժողովում մենք համախմբելու ենք բոլոր այն պետություններին, որոնք կիսում են մեր սկզբունքները (սահմանված են Զելենսկու խաղաղության բանաձևում), նրանք կընտրեն ցանկի այն կետը, որի վրա ցանկանում են աշխատել։ 

Այնուհետև առաջին և երկրորդ գագաթնաժողովների միջև շփումը Ռուսաստանի հետ կարող է տեղի ունենալ մասնակիցների կողմից հաստատված կանոնների համաձայն»,- ասել է Կուլեբան հնդկական NDTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Բեռնին խնդրել էր բարձր մակարդակի խաղաղության համաժողով կազմակերպել՝ քննարկելու ռազմական հակամարտության կարգավորման տարբերակները։ Փետրվարի վերջին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խոստովանել էր, որ ռուսական կողմը հրավիրվելու է երկրորդ համաժողովին։ Զելենսկին հաստատել է, որ Կիևը մտադիր է կարգավորման ծրագիրը փոխանցել Մոսկվային, սակայն ընդգծել է, որ դա բանակցություններ չի համարում։