Ժողովուրդն ատելու ուժ չունի, ուրիշ բան մտածեք

Ժողովուրդն ատելու ուժ չունի, ուրիշ բան մտածեք

Որոշ ընդդիմադիր ուժերի անհրաժեշտ է սանձել իշխանության գալու իրենց հիվանդագին ցանկությունները՝ ժողովրդին նոր արկածախնդրությունների չտանելու համար։ Ոմանց թվում է, թե քաղաքականությամբ զբաղվել՝ նշանակում է քննադատել իշխանություններին եւ ինչքան սուր ու անտակտ, այնքան` հաջողված։ Այժմ այդ մեթոդը չի աշխատում, դա պետք է հասկանալ ու ոտատակ չընկնել։ Սուրբ гիրքը մեզ սովորեցնում է․ «Ամենեցուն ժամանակ է` եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից»: 

2018 թվականին ատելության խոսքը լիցքավորում էր հային ու մղում պայքարի, որովհետեւ ժողովուրդն առողջ էր, լի պայքարելու էներգիայով, հաղթանակած ու, բառի լավ իմաստով, հպարտ էր իր հաղթանակների համար։ Անհերքելի է, որ կար նաեւ, մեղմ ասած, դժգոհություն սոցիալական բնագավառում։ Մենք տեսանք, թե ինչպես կարող է ժողովուրդն արձագանքել, երբ նրա ֆինանսական եկամուտներին վտանգ է սպառնում, նկատի ունեմ վերջերս արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին Հայաստանում եւս հարկելու իշխանությունների մտադրությունը, երբ տեսանք, թե ինչպես արագ հետ քաշվեցին «օրենսդիրները»։ Իսկ այն ժամանակ, խոստովանենք, ժողովրդի մեծ մասի եկամուտներն էին վտանգված, ու ժողովուրդը պարզապես հնարավորություն չուներ օրինական ճանապարհով քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել իր ընտանիքի համար։ Իսկ դա հայ տղամարդու համար ավելի քան օրինական առիթ է՝ ոտքի կանգնելու ու պայքարելու համար, ինչը եւ արեց ու հաջողեց։

Հիմա, բնականաբար, խաբված ու հիասթափված է ժողովուրդը, որովհետեւ ավելի վատ վիճակում հայտնվեց թե՛ ֆինանսապես, թե՛, որ շատ ավելի կարեւոր է՝ բարոյապես ու հոգեպես։ Հայ առաքելական եկեղեցին ու ազգային ուժերն ամեն ջանք գործադրում են՝ մեր ժողովրդին այդ հոգեվիճակից դուրս բերելու համար, ու վստահ եմ, որ Տիրոջ կամքով հաջողելու ենք։ Մեր ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, մեջքը կուղղի, բայց ո՛չ այնպես, ինչպես 2018-ին։ Նույն մեթոդով, այսինքն՝ ատելության խոսքով նրան ոտքի հանել չի հաջողվի։ Առանց անուններ հնչեցնելու կրկնեմ՝ սիրելի որոշ ընդդիմադիրներ, ժամանակից առաջ մի ընկեք, ժողովուրդն ատելու ուժ չունի, ուրիշ բան մտածեք։

Գենադի Մնացականյան