Ձեռնտու շահարկո՞ւմ

Ձեռնտու շահարկո՞ւմ

Կանադահայ հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» արձանը կարծես թե այսուհետ անհասցե չի դեգերի-«քայլի» Երեւանի փողոցներով եւ վերջապես կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում՝ մշտական գրանցումով։ Կառավարությունը մայիսի 21-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին, որով նախատեսվում է 37 մլն 80 հազար դրամ հատկացնել քանդակի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար։

«Քայլող մարդու» ոդիսականը երկար տարիների պատմություն ունի՝ մեկ տասնամյակից ավելի, ուստի հազիվ թե տեղյակ մարդիկ այդ արձանը՝ իր անվանումով, որեւէ կերպ առնչեն մերօրյա իշխանությունների կամ Ազգային ժողովի իշխանական իմքայլական ֆրակցիայի հետ։ (Փակագծերում նկատենք, որ արձանը զուտ ուրվագծային առումով թեեւ հեռավոր զուգորդումներ արթնացնում է 2018-ին Գյումրիի մոտ անհայտ հեղինակի ստեղծած՝ ուսապարկով քայլող Նիկոլ Փաշինյանին պատկերող արձանի հետ, բայց դա շատ հեռավոր նմանություն է)։ Այնպես որ, կառավարության նիստում վարչապետի արտահայտած մտահոգությունը, թե «Քայլող մարդու» տեղադրման հետ կապված քաղաքական շահարկումներ կարող են լինել, ոչ միայն տեղին չէ, այլեւ, կարծես, ենթատեքստային մեսիջ ունի՝ ուղղված հանրությանը, որ արձանն ընկալեն հենց այդ՝ փիառ տեսանկյունից իրենց համար ձեռնտու շահարկման պրիզմայով։ Արտո Չաքմաքչյանը հայտնի արվեստագետ է, եւ նրա ստեղծագործության հետ թեկուզ հետին թվով ասոցացվելը մեծ պատիվ կլիներ թե՛ իմքայլականների, թե՛ Նիկոլ Փաշինյանի համար։ Իշխող կուսակցության եւ վարչապետի՝ օրեցօր առավել նկատելի դարձող վարկանիշային անկման ֆոնին այդ զուգորդումը նրանց յուրովի հավերժացնում է՝ արձանի հետ մեկտեղ։


Եվ ո՞վ կարող է բացառել, որ տասնամյակներ հետո ներկա իշխանությունների արած-չարածից ամենաակնառուն կմնա․․․ հենց «Քայլող մարդը»։

Լեւոն 
ՍԱՐԳՍՅԱՆ