Ժամանա՞կ է փոխվում

Ժամանա՞կ է փոխվում

Երրորդ օրն է՝ ադրբեջանական մամուլը մտասեւեռված է Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Շուշիում անցկացնելու որոշմանը: Բաքվում դա ընկալում են որպես հայկական կողմի բանակցություններից «վերջնականապես հրաժարվելու» որոշում:

Ինչ խոսք, իրողությունն աննախադեպ է: Մինչ այժմ Արցախի նախագահի երդմնակալությունը տեղի էր ունենում Ստեփանակերտում՝ առանց Հայաստանի իշխանության առաջին դեմքի ներկայության: Եթե հավատանք Բաքվի լրատվամիջոցներին, ապա վերջին օրերին սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում  նոր հեշթեգ է հայտնվել՝ «Խփիր Շուշիին»: Օգտատերը կոչ են անում, որ իշխանությունները, օգտագործելով զորավարժությունների առիթը, հրթիռային հարված հասցնեն Շուշիին՝ խափանելու նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի արարողությունը: Սա կազմակերպված քարոզչություն է: Minval.az-ի փորձագիտական խումբը Շուշիի հրթիռակոծումը նպատակահարմար չի դիտում:

Փոխարենն առաջարկում է, որ ԱԳՆ-ն ձեւավորի փորձագիտական խումբ, որը պետք է նախապատրաստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին «Ադրբեջանի պահանջների փաթեթը եւ վերջնագիր ներկայացնի՝ եթե Երեւանը չի հայտարարում բանակցություններից դուրս գալու մասին, ապա դա կանի Բաքուն՝ զգուշացնելով, որ հետագա իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»: 

Մի տեսակ մշուշոտ է ձեւակերպված, բայց հասկացվում է, որ Ադրբեջանը պատերազմի «իրավունքը» լեգիտիմացնելու փնտրտուքի մեջ է: Անշուշտ, բացառված չէ, որ դա ընդամենը տեղեկատվա-քարոզչական հարձակում է՝ ստուգելու հայկական կողմի նյարդերի ամրությունը: Բայց միաժամանակ էլ չպետք է անուշադրության մատնել, որ աշխարհում իրավիճակ է փոխվում, եւ նոր ժամանակներ են գալիս: Հայկական կողմն, ամենայն հավանականությամբ, իր համար «կարմիր գիծը» սահմանել է: Անորոշն Ադրբեջանի կեցվածքն է, որ մերթ «մադրիդյան հայեցակարգի,» մասին է խոսում, մերթ՝ «կազանյան փաստաթղթի» եւ «նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների»՝ առանց կոնկրետացնելու, թե խոսքն ինչի մասին է, մերթ էլ բացառում սեփական սահմանադրությունից դուրս ենթադրվող ցանկացած քննարկում: Ըստ երեւույթին, Ադրբեջանում չեն կարողանում կողմնորոշվել: Հավանաբար հայկական կողմը պետք է օգնի: Շուշիում նախագահի երդմնակալության կազմակերպումը բավական աներկմիտ ուղերձ է: