Վարչապետին միայնակ մնալու հնարավորություն չպետք է տրվի

Վարչապետին միայնակ մնալու հնարավորություն չպետք է տրվի

Որոշեցի անդրադառնալ վարչապետի մայիսի 16-ի մամուլի ասուլիսում արտահայտած մի քանի տեսակետներին։ Վարչապետը, պատասխանելով իր երբեմնի գործընկերների հետ համագործակցության հարցին, ուշագրավ միտք արտահայտեց․ անդրադառնալով իր ընդդիմադիր գործունեության ժամանակաշրջանին՝ նշեց, որ եղել է ժամանակ, երբ ինքը մենակ է մնացել իր ընտանիքի հետ եւ միայնակ մնալուց չի վախենում։

Վարչապետը լավատեղյակ է, որ շատ ընդդիմադիր գործիչներ էին ընտանիքով պայքարում մարդակեր ռեժիմի դեմ, հաճախ ընտանիքի անդամներով քրեական գործեր շալակում կամ պարբերաբար հայտնվում օսիպյանների, հունանպողոսյանների, աշոտհակոբյանների մահակների տակ, որոնք հեղափոխությունից հետո դասվեցին սրբերի շարքը։

Մեկ շատ կարեւոր հանգամանք․ վարչապետը պետք է ընդունի, որ երբ ընդդիմադիր գործունեության ժամանակ միայնակ էր մնում ընտանիքի հետ, ապա դրա բացասական հետեւանքների կրողն ինքն էր ու իր ընտանիքը, իսկ եթե իշխանության ժամանակ է միայնակ մնում, ապա թույլ տրված սխալների բացասական հետեւանքների կրողը դառնում են հայ ժողովուրդը եւ մեր պետությունը, ուստի վարչապետին որեւէ ձեւով չպետք է թույլ տրվի միայնակ մնալ։
Վարչապետը շատ հաճախ է կրկնում, որ իրենք ստացել են ժողովրդի աջակցությունը եւ իրավունք ունեն անել այն, ինչ նպատակահարմար են գտնում, սակայն այն արտահայտությունը, որ եթե ժողովուրդը դեմ է պարգեւավճարներին, թող նոր հեղափոխություն անի եւ նախկիններին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բերի իշխանության, ժողովրդի նկատմամբ հարված է գոտկատեղից ներքեւ։ Նաեւ համամիտ չեմ վարչապետի այն տեսակետին, որ շատերը չէին հավատում, որ ընտրակաշառքով ընտրողները կարող են ազատ քվեարկել առանց կաշառքի։

Այստեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես վարչապետն է ներկայացնում, մասնավորապես՝ 2019-ին ընտրակաշառք չի եղել, առիթ ունեցել եմ ասել, որ հանրապետականները ձայներ հավաքել են 20 հազար դրամով, ԲՀԿ-ին եւս որոշակի ազատություն էր տրվել, իսկ ԼՀԿ-ի նկատմամբ եղել է բարի կամքի դրսեւորում՝ առանձին տարածքներից ընտրազանգվածների քվոտաների հատկացում, մնացած մեծ զանգվածը, չունենալով այլ առաջարկ, հեղափոխական տրամադրություններով իր ձայնը տվել է Նիկոլ Փաշինյանին։ Անհասկանալի էր նաեւ վարչապետի՝ կադրային հարցում ազնիվ եւ պրոֆեսիոնալ մասնագետների ցուցակ պահանջելը։ Արձանագրենք, որ ժողովուրդն ինչպես պարգեւավճարների, այնպես էլ կադրային քաղաքականության հարցում արդարացի դժգոհում է իշխանություններից։ Փաշինյանի կադրային քաղաքականությունը կարելի է խմբավորել հետեւյալ կերպ․ նախկինում եւս առիթ ունեցել եմ անդրադառնալ՝ 1-ին խումբը հեղափոխական երիտասարդներն են, որոնք հիմնականում ունեն զրո պրոֆեսիոնալիզմ, բայց խոսելու կարողություն, իսկ մի զգալի մասը՝ նախկին իշխանությունների հետ համագործակցության մեծ փորձով։ Մեծ տոկոս են կազմում նաեւ ամբարտավան, մեծամիտ ջահելները, իհարկե, կան նաեւ սկզբունքային, անփորձ կադրեր, որոնք ձգտում են ինչ-որ բան անել, նույնիսկ, ըստ տարածված լուրերի, կան նաեւ պարգեւավճարներից հրաժարվողներ։

Հաջորդ խումբը նախկինից եկած ու մեծ մասը պահպանված, կոռուպցիոն, պետական եւ ինքնակառավարման համակարգն է, որոնց մեջ քիչ չէ նաեւ մաֆիոզ կրիմինալ տեսակը։ Մինչեւ պրոֆեսիոնալիզմի, փորձի ու առավել եւս ազնվության հատկանիշներով ցուցակ պահանջելը, վարչապետը պետք է իմանար, որ մարդիկ փորձ եւ պրոֆեսիոնալիզմ ձեռք են բերում աշխատելով, իսկ կոռումպացված քրեաօլիգարխիկ համակարգում ազնիվ ու սկզբունքային մարդիկ տեղ չունեին, եւ հիմա լավագույն դեպքում նրանք կարող են ներկայացնել հանրահավաքների իրազեկման թերթիկների, տեսաերիզների եւ այլ նյութերի տարածման, հանրահավաքներից հետո տուն չգնալու՝ ոստիկանների եւ քննչական մարմինների ոտնձգություններից խուսափելու տասնամյակների փորձ։ Օրվա իշխանությունների կադրերը, ցավոք, ժառանգորդն են նախկին համակարգի՝  բոլոր բացասական հետեւանքներով, իսկ կադրային հարցում պետք է ականջալուր լինել հանրային կարծիքին եւ հետեւություններ անել, մասնավորապես՝ արագ ազատվել նախկին կոռուպցիոներներից, ատեստավորել «հեղափոխական» ջահելներին եւ օգտագործել ամբողջ ազգային կադրային հնարավորությունները, հատկապես՝ նվիրյալներին։

Պետրոս ՄԱԿԵՅԱՆ