Կենտ թվով մրցամարտեր անցկացնելը մարզական իմաստով տգիտություն է, զավեշտ

Կենտ թվով մրցամարտեր անցկացնելը մարզական իմաստով տգիտություն է, զավեշտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան օրերս մարզասեր հասարակությանը ներկայացրեց հերթական մրցաշրջանին վերաբերող փոփոխությունները։ Սեպտեմբերին մեկնարկող գլխավոր ասպարեզում` Պրեմիեր լիգայում, վերստին հանդես կգան 10 թիմեր, որոնք չորս շրջանով անցկացվելիք մրցումներում վիճարկելու են հանրապետության չեմպիոնի կոչումը։ Պատվավոր տիտղոսի համար պայքարի ասպարեզ կմտնեն «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը», «Արարատ-Արմենիան», «Վանը», «Փյունիկը», «Սեւանը» եւ երկու նորեկ` Բանակի կենտրոնական մարզական ակումբն ու Վայոց Ձորի «Նորավանքը»: Վերջիններս մասնակից են դառնալու ոչ թե մարզական ցուցանիշներին համապատասխան, այլ ֆուտբոլի առավել լայն զարգացմանը նպաստելու նպատակով։

Մտադրությունը վատը չէ, ափսոս միայն, որ ուժեղագույնի կոչման համար պայքարից առաջին անգամ դուրս են մնալու գյումրեցիները, նրանք, որ մեր ֆուտբոլի բարձր հեղինակության պահպանման համար միշտ էլ եղել են պայքարի առաջին շարքերում։ Իսկ հիմա «Շիրակը», ցավոք, հանդես է գալու համեմատաբար թույլ` առաջին խմբի մրցաշարում, մի ասպարեզում, որտեղ ընդգրկված է ընդամենը եւս վեց ախոյան․ «Լեռնային Արցախ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ-ակադեմիա», «Ալաշկերտ-2» եւ «Ուրարտու-2» թիմերը, որոնք հիմնականում ներկայացնում են Պրեմիեր լիգայի ակումբների 18-19 տարեկան պատանիները։ Հարկ է ասել, որ այս խումբը կարելի էր համարձակորեն խոշորացնել, դարձնել ավելի պատկառելի։ Պարզապես անհասկանալի է, թե ինչու այստեղ ներկայացված չեն, ասենք, «Նոան», «Վանը» եւ, մանավանդ՝ «Արարատը», որոնք նույնիսկ կանոնակարգով պարտավոր են ունենալ վաղվա փոխարինողներ համարվող պատանեկան թիմեր։ Թե չէ ի՞նչ է ստացվել` փաստորեն, առաջին խմբում հանրապետական մակարդակով պետք է մրցի սոսկ յոթ թիմ։

Սակայն ամենազարմանալին դա չէ, այլ այն, որ, պարզվում է, այս խմբի մրցաշարը որոշվել է անցկացնել, ուշադրություն` հինգ շրջանով։ Ակամա դիմում եմ մարզասերներին` դուք երբեւէ տեսած կամ լսած կա՞ք, որ ֆուտբոլի որեւէ ազգային առաջնության կանոնակարգով՝ մրցակից թիմերը միմյանց միջեւ անցկացնեն… կենտ թվով հանդիպումներ։ Դժվար չէ պատկերացնել, որ եթե մեր Պրեմիեր լիգայում մրցաշարը որոշվել է անցկացնել չորս շրջանով, նշանակում է՝ թիմերի համար, ինչն անչափ կարեւոր է, ստեղծվում են միանգամայն պարզ ու հավասար պայմաններ (երկուական հանդիպում ե՛ւ հարազատ հարկի տակ, ե՛ւ հակառակորդի դաշտում)։ Իսկ ի՞նչ է նախատեսված կողմերի համար, եթե նրանք միմյանց հետ պետք է մրցեն հինգ անգամ։ Կարո՞ղ եք երեւակայել, թե որտեղ է կայանալու, եւ ընդհանրապես՝ հնարավո՞ր է կայանա սահմանված հինգերորդ մրցամարտը։

Երկար խորհելով այդ մասին՝ կարծես հասկացա նման կանոնակարգ նախատեսած հեղինակների հեռուն գնացող «նորարարության» իմաստը։ Զույգ կազմած մրցակիցների միջեւ կենտ, տվյալ դեպքում՝ հինգերորդ խաղում հավասար հնարավորություններ ապահովելու համար կա պարզից էլ պարզ մի նախապայման` հանդիպման առաջին կեսն անցկացնել կողմերից մեկի դաշտում, երկրորդ խաղակեսը` մյուսի։ Դե ասացեք, խնդրեմ՝ մի՞թե սա չէ նման դեպքերում մրցակիցների համար նորմալ, հավասար իրավիճակներ ստեղծելու ամենաարդար տարբերակը։

Իսկ հիմա` լուրջ։ Ֆուտբոլային մրցաշարի վերոհիշյալ կանոնակարգի ընդունումը համարձակորեն կարելի է բնորոշել որպես ինֆանտիլ մոտեցման բացահայտ դրսեւորում, պարզ տրամաբանության կոպիտ խախտում, ինչը, հատկապես սպորտում, բնականաբար, անընդունելի է։ Օրերով սպասում էի՝ ենթադրելով, որ համացանցում հայտնված այդ անհեթեթությունը շատ շուտով կջնջվի կամ կշտկվի։ Սպասումները, համոզված եմ`ոչ միայն իմ, ավաղ, զուր էին։ Սակայն, միեւնույն է, կրկնեմ` կենտ թվով մրցամարտեր թիմերի միջեւ անցկացնելը մարզական իմաստով տգիտություն է, զավեշտ, ուստի անհապաղ անհրաժեշտ է տրամաբանական տեսքի բերել կանոնակարգը։

Միսակ Նազարյան