Երկու հավանական հաղթող՝ Վանաձորի համալսարանում

Երկու հավանական հաղթող՝ Վանաձորի համալսարանում

Վանաձորի մանկավարժական համալսարանում մարտի 1-ին տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ։ Հոգաբարձուների խորհրդի փետրվարի 21-ին կայացած նիստում գրանցվել է ռեկտորի հինգ թեկնածու, որոնք եւ այժմ պայքարում են թափուր պաշտոնի համար։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, թեկնածուներից առավել մեծ աջակցություն է վայելում բուհի դասախոս Զարուհի Վարդանյանը՝ գոնե բուհի ներսում։ Բայց աջակցություն իշխանությունների կողմից, ըստ լուրերի, վայելում է նաեւ բուհի մեկ այլ դասախոս՝ Արմեն Ծատուրյանը, որը միաժամանակ վանաձորցիներին հայտնի «Էվրիկա» անունով դպրոցի տնօրենն է։

Վերջինիս շանսերը պակաս մեծ չեն, եթե նկատի առնենք այս թեկնածուի նախկին ՀՀՇ-ական լինելը, ըստ օդում կախված լուրերի՝ նաեւ մարզպետի կողմից աջակցություն վայելելը։ Ասում են, որ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի զինակից Արամ Մանուկյանի ազգականն է։ Բայց այս թեկնածուի հաղթանակը, անկասկած, կզարմացնի Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի բոլոր այն աշխատողներին, որոնք լավ գիտեն, որ Ա. Ծատուրյանը, մեղմ ասած, աչքի չի ընկել իր փոքրիկ դպրոցի փոքրիկ կոլեկտիվն անշահ ղեկավարելիս։ 

Մյուս երեք թեկնածուները բուհի ուսանողությանը, աշխատողներին հայտնի անուններ չեն, իսկ ներկայացրած ռազմավարական ծրագրերը, որ տեղադրված են այս  բուհի կայքում, նրանց մեկը մյուսից, ինչպես նաեւ առաջին երկու նշվածներից ոչ մի բանով չի առանձնացնում։

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ