«Հրապարակ». Թյուրքական աշխարհի միասնականություն չի լինելու

«Հրապարակ». Թյուրքական աշխարհի միասնականություն չի լինելու

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում էր, նախագահ Տոկաեւի հետ հանդիպման ժամանակ նրանք խոսել են երկու երկրների սերտ եւ ավելի սերտացող հարաբերությունների մասին։ Զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ։

- Պուտինի այցը Տոկաեւը որակել է որպես պատմական նշանակություն ունեցող։ Ո՞րն էր դրա նշանակությունը, եթե հաշվի առնենք, որ վերջերս Ղազախստանը Ռուսաստանից որոշակիորեն «անջատվելու» քաղաքականություն է վարում։

- Ռուսաստանից հեռանալու Ղազախստանի ձգտման քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Նա բոլոր առումներով օգտագործում է այն փաստը, որ Ռուսաստանը ներքաշված է հատուկ ռազմական օպերացիայի մեջ, որպեսզի իր հեռացումն ավելի ռադիկալ դարձնի։ Այդ իսկ պատճառով Ղազախստան այցելությունը նպատակ ունի կա՛մ այդ գործընթացը մինիմիզացնելու, ինչը դժվար թե հաջողվի, կա՛մ էլ դրա հնարավորությունները գնահատելու։

- Պուտինը 2 անգամ սխալ է արտաբերել Տոկաեւի հայրանունը, իսկ վերջինս էլ ռուսերենի փոխարեն՝ ղազախերեն է սկսել իր խոսքը։ Միտում տեսնո՞ւմ եք այս «վրիպումների» մեջ։

- Հայրանվան սխալ արտաբերումը զուտ պատահականություն է, իսկ հյուրին ղազախերենով դիմելը Ռուսաստանից հեռանալու Ղազախստանի քաղաքականության դեմոնստրացիան է ընդամենը։

- Նույն Տոկաեւը, սակայն, Բեռլինում Շոլցի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ միանում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։

- Ղազախստանը վաղուց է միացել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Սա, Հայաստանի քաղաքական գործողությունների հետ զուգահեռ, ոչնչացնում է ԵԱՏՄ-ն։

- Տոկաեւը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն էլ է արել՝ ասելով, որ թյուրքական պետությունները պետք է համագործակցեն անվտանգային հարցերի շուրջ։

 - Թյուրքական բլոկը եւս հին լուրերի շարքից է։ Դրա ակտիվացումը հիմա փորձ է՝ իսլամական միավորումն ընդդեմ Իսրայելի հնարավորինս չեզոքացնելու համար։ Այն չի հաջողվելու։ Էրդողանը բացահայտ աջակցում է Պաղեստինին՝ ընդդեմ Իսրայելի, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Այնպես որ, միասնականություն այստեղ եւս չի լինելու։

- Բայց դա ավելորդ գլխացավանք չի՞ լինի Ռուսաստանի, Իրանի կամ մեր տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ այնտեղ Էրդողանն է գլխավորը։

- Ես այդ ոլորտում մասնագետ չեմ, բայց ենթադրում եմ, որ Ադրբեջանի եւ Ղազախստանի թյուրքական ջանքերն իրենց մանյովրներն են Արեւմուտքի շահերի օգտին՝ ի աջակցություն Իսրայելի։ Ես վստահ չեմ, որ այս ամենը հստակ համաձայնեցված է Էրդողանի հետ։ Բաքուն եւ Աստանան հեռու են Պաղեստինից, իսկ Անկարան մոտ է, այնպես որ, Հայաստանի սովորական վախերը՝ թյուրքական ինտեգրացիայի մասով, պետք է կենտրոնացնել ոչ թե Ղազախստանի վրա, այլ Հայաստանի՝ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ինտեգրացիայի ուղղությամբ, որտեղ Հայաստանի համար ՆԱՏՕ-ի դեմքը հենց Թուրքիան է։