«Հրապարակ». Ամբողջ աշխարհը պատերազմների է պատրաստվում, իսկ այդ անձը խաղաղությունից է խոսում 

«Հրապարակ». Ամբողջ աշխարհը պատերազմների է պատրաստվում, իսկ այդ անձը խաղաղությունից է խոսում 

Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետը Փարիզում մասնակցեց Խաղաղության 6-րդ կոնֆերանսին: Նա հույս հայտնեց, որ մոտակա ամիսներին Ադրբեջանը կստորագրի խաղաղության համաձայնագիրը։ Եվ վերահաստատեց 3 սկզբունքները, որոնք բազմաչարչար «խաղաղության» հիմքում են դրված՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, Ալմա Աթայի՝ 91 թվականի դեկլարացիայի հիման վրա դելիմիտացիա եւ ճանապարհների ապաշրջափակում։ Ձեռքի հետ էլ բողոքեց, թե Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությունն անվանել «Արեւմտյան Ադրբեջան», դպրոցներում քարոզվում է հայատյացություն: Իսկ «Արեւմտյան Ադրբեջան» հայեցակարգը, ըստ Փաշինյանի, «Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է»։ Եվ կրկին ՀՀ քաղաքացին չհասկացավ` եթե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, ապա ի՞նչ խաղաղություն կամ ի՞նչ ճանապարհների բացում։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ քննարկեցինք այս հարցերը։ 

- Քաղաքական առումով ի՞նչ է տալու մեզ այս ելույթը Ֆրանսիայում։

- Փարիզը կամ Ֆրանսիան մեր տարածաշրջանի գլխավոր խաղացողներից չէ, եւ չեմ կարծում, որ նման հարթակներում եւ նման ելույթներով հարցեր են լուծվում: Ամբողջ աշխարհը մեծ պատերազմների է պատրաստվում, իսկ այդ անձը խաղաղությունից է խոսում: Դա փրկության կոչ է, բայց չեմ կարծում, որ ճիշտ հասցեով է դիմել:

- Փաշինյանը բողոքում է, թե Ադրբեջանը Հայաստանի տարածքն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան», հայերի էթնիկ զտման պլան ունի, միաժամանակ ասում է, որ ինքն ուզում է խաղաղություն։ Ինչպե՞ս կարելի է խաղաղություն հաստատել մեկի հետ, ով ուզում է էթնիկ զտում: 

- Ալիեւը հստակ քաղաքականություն է վարում Թուրքիայի պատրոնաժի տակ, իսկ նրանց գլխավոր մոդերատորը Բրիտանիան է: Աշխարհի վերաձեւման գործընթաց է գնում, եւ եկել է սահմանների փոփոխության ժամանակաշրջանը: Դա անգամ Եվրոպայում է կատարվում՝ ուկրաինական պատերազմը: Դա կատարվում է Գազայում, կատարվում է մեր տարածաշրջանում եւ ողջ Մերձավոր Արեւելքում է լինելու: Այդ ելույթում Փաշինյանը փորձում է փոխել աշխարհաքաղաքական վեկտորը, քանի որ Ռուսաստանին հեռացնում են մեր տարածաշրջանից, ու շատ բան կախված է լինելու Վրաստանում սպասվող պրոցեսներից: Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցն է շտապ դրվում` Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար: Այս առումով մեծ փոփոխություններ կամ մեծ պայքար է սպասվում նաեւ մեր տարածաշրջանում: Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ է հիմա: Այդ ելույթով Փաշինյանը փորձում է տեղավորվել նոր ձեւավորումների մեջ:

- Ալիեւը չի մասնակցում նման հանդիպումներին, ի՞նչ է դա նշանակում` որ չի՞ ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, թե՞ նեղացած է եվրոպական երկրներից, մանավանդ՝ Ֆրանսիայից:

- Ալիեւը թուրքական ու բրիտանական հովանոցի տակ է եւ մասնակցում է այդ գործընթացին, Հայաստանը դուրս է մնացել այդ տրամաբանությունից: Ալիեւը չի գնում Փարիզ, որովհետեւ այդ հարթակն իրենը չէ: Պատահական չէ, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն արդեն գնում են Բրիտանիա, այնտեղ են գլխավոր հարցերը լուծվում, եւ պատահական չէր ամիսներ առաջ բրիտանական ՄԻ 6-ի ղեկավարի այցը Հայաստան: Կարծում եմ` այդ այցի ժամանակ են գլխավոր պայմանավորվածությունները ձեռք բերվել, նաեւ՝ Արցախից Հայաստանի հրաժարվելու որոշումը, նաեւ՝ հայերի տեղահանությունը, որին, ըստ դեպքերի տրամաբանության, Հայաստանի կառավարությունը վաղուց էր համաձայնել:

- Փաշինյանն այդքան խոսում է ճանապարհներ բացելու մասին, ի՞նչ է մեզ տալու այդ ճանապարհը` Ադրբեջանով, մենք դրանից օգտվելո՞ւ ենք, չէ՞ որ դա ավելի շատ նրանց է պետք, ոչ թե մեզ։ 

- Ճանապարհներն ամենակարեւոր հարցն է, դրանք ե՛ւ մեզ են պետք, ե՛ւ մյուս կենտրոններին, բայց խնդիրն այդ ճանապարհների վերահսկողության հարցն է։ Ո՞վ  է վերահսկելու, ո՞ւմ համար են դրանք հնարավորություն, ո՞ւմ համար՝ վտանգ: Դա է հիմնական խնդիրը: Ռուսները ցանկանում են իրենք վերահսկել Սյունիքը, բայց կատարեցին ամենամեծ աշխարհաքաղաքական սխալը` հանձնեցին Արցախը մարտավարական շահերի համար՝ կորցնելով Ադրբեջանի վրա իրենց ունեցած հիմնական լծակը, Հայաստանի մասով էլ կորցնելով «փրկչի» դերը: Կարծում եմ՝ Ֆրանսիայի համար կարեւոր է Իրան-Սեւ ծով՝ Հայաստանի վրայով ճանապարհը։ Սա Իրանի համար էլ է կարեւոր, բայց անընդունելի է Ռուսաստանի համար: Ռուսաստանին պետք է Իրան-Ռուսաստան ճանապարհը՝ Ադրբեջանի վրայով, բայց կորցնելով Հայաստանը, Ռուսաստանը չի ունենալու այդ ճանապարհը վերահսկելու լծակ։ Բրիտանիային պետք է թուրքական աշխարհը, բնականաբար, Սյունիքը պետք է լինի թուրքական, իսկ Միացյալ Նահանգներին պետք է իր վերահսկողության տակ Հայաստան, որպես լծակ` Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի վրա: Շատ բարդ իրավիճակ է:

- Իսկ Մերձավոր Արեւելքի գործընթացներում մենք հիմա ո՞ւմ ենք պաշտպանում` Իսրայելի՞ն, թե՞ Պաղեստինին, ո՞ւմ հետ ենք՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի՞, թե՞ ՌԴ-ի։ Մեր դիրքորոշումը ո՞րն է։ 

- Արցախում կատարվածը Գազայի փորձարկումն էր: Համարյա մեկը մեկին նույն տեխնոլոգիան է, եւ տեխնոլոգներն էլ կարծես նույնն են: Հիմա շատերն են Գազայի պրովոկացիայի մեջ թուրք-բրիտանական ձեռագիր տեսնում, նկատի ունեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումը հոկտեմբերի 7-ին: Գազայի հետ էլ վարվում են ճիշտ նույն սցենարով, ինչ արեցին Արցախում: Իմ տպավորությամբ՝ Հայաստանը դիրքավորվում է «թուրքական աշխարհի» նախագծում, սակայն փորձում է որոշակի երաշխիքներ ստանալ՝ գոնե Սյունիքի ճանապարհների վերահսկողությունը պահելու մասով: Նաեւ փորձում է Իրան-Սեւ ծով՝ Վրաստանով անցնող ճանապարհը բացել եւ դրանով ինչ-որ կերպ հավասարակշռել թուրքական ազդեցությունը: