Գժանոց

Գժանոց

Այս մեկը, որ խարդախության հոդվածով նստել ելել է, թուրն առած՝ քլնգում է ընդդիմությանը, ասում է՝ իրավունք չունեք հրապարակ ու փողոց զբաղեցնելու, ես՝ իմ թղթի վրա գրանցած կուսակցությամբ գալու եմ՝ զբաղեցնեմ հրապարակն ու իշխանություն դառնամ։ Այս մյուսը, որը միմիայն Փաշինյանի բարեհաճության եւ տականքների հանդեպ ունեցած անհասկանալի սիրո պատճառով է հայտնվել խորհրդարանում, ծաղրում է ու քլնգում ընդդիմադիրներին, որ ընդամենը մի 10-20 հազար մարդ կարողացան հանել փողոց։ Իսկ ինքը, որ մեջտեղից կիսվի էլ, 10 հոգուց ավել չի կարողանա հանել, դրանք էլ կլինեն իր ազգուտակը, օգնականն ու վարորդը։

Այս մյուսը, որ հայտնի լեւոնական է՝ սրբապատկերի պես պաշտում է ՀՀ առաջին նախագահին, ամեն օր խունկ ծխում եւ մոմ վառում նրա արեւշատության համար, պեղում հանում է Տեր-Պետրոսյանի հին ելույթները, նրա ամեն բառը որպես աստվածաշնչյան ճշմարտություն փոխանցում եւ աշխարհին նայում է նրա աչքերով։ Իսկ այնտեղ, որտեղ պաշտելի նախագահը լռում է՝ փորձում է գուշակել, թե նա ինչպես կմեկնաբաներ տվյալ երեւույթն ու խոսքը։ Այս մյուսը զբաղված է խորհրդավոր ու անհասկանալի տեքստեր գրելով․ մի օր արեւմտամետ է, մի օր՝ ռուսամոլ, երրորդ օրը Իրանին է պաշտպանում, չորրորդ օրը խոստանում է աշխարհացունց բացահայտումներ անել եւ իր ներսում եղած չարությունն ու ագրեսիան էլ արդարաբար է բաշխում․ մի շերեփ՝ ընդդիմությանը, մի շերեփ՝ իշխանություններին, որ օբյեկտիվ հիմարի կարգավիճակը հանկարծ չկորցնի եւ իր մի քանի հարյուր լայքը մշտապես ստանա։ Այս մյուսն էլ պաշտոնաթող ուսուցիչ է, նախկին պայքարող, որ 18-ից հետո «աշխատանքի» է անցել նոր իշխանությունների մոտ եւ հայհոյախառն լեքսիկոնով ակնհայտ պատվերով ստատուսներ է գրում՝ երբեւէ չշեղվելով իշխանական գծից։