Վտանգավոր գաղափար

Վտանգավոր գաղափար

Բանաստեղծ, հրապարակախոս Մհեր Արշակյանը մեր օրերին համահունչ մի հրապարակմամբ է հանդես եկել («Հրապարակ», 02․10․2020), որտեղ ադրբեջանական ժողովրդին բնորոշում է որպես «холостой» ազգ (սա նաեւ հրապարակման վերնագիրն է)։ Ձեւակերպման առնչությամբ չեմ ուզում բանավիճել հեղինակի հետ, թեեւ պնդման վիճելիությունը գոնե ինձ համար ակնհայտ է։ Ավելի էական եմ համարում հրապարակման վերջին՝ եզրահանգումային հատվածը, որտեղ նշված է․ «Ռազմահայրենասիրությունը վատ ուղեկից է ապագա քայլելու համար: Այն միշտ ամայացնող է, նույնիսկ եթե այդ ոգին չի կիրառվում: Ռազմահայրենասերի հետ շատ բաներից երկար չես խոսի: Նա միշտ հիշեցնելու է, թե ինչեր ունի «ազատագրելու»: Իսկ դա ո՞ւմ ինչ գործն է: Ահա ինչու քո երեսին շնչող թնդանոթների դեմ դու միշտ պիտի ունենաս մի ապագա, որը նրա կրակոցը դարձնում է «холостой»»: 

Ասեմ, որ «ազատագրել» բառը եւ դրա  չակերտներն ուղղակի հիշեցնում են մեր առաջին նախագահի եւ նրա հոգեզավակների հեգնած հայդատականությունը․ սա՝ իմիջիայլոց։
Հեղինակը, տարբեր դիտանկյուններից միեւնույն մտքին վերադառնալով («Ռազմահայրենասիրությունը վատ ուղեկից է ապագա քայլելու համար»՝ սա դրանցից մեկն է), փորձել է համոզիչ դարձնել այն պնդումը, թե ոչ մշակութային ազգերը, միայն ռազմահայրենասիրությամբ, ապագա չունեն։ Նախ՝ այս պնդման մեջ հակասություն կա, որովհետեւ ռազմահայրենասիրությունը սովորաբար եւ անպայման նաեւ մշակութային հիմք է ունենում, այդ մշակույթի հարատեւությունն ապահովելու առաքելություն է ունենում, եւ հենց ինքն է ըմբռնվում որպես մշակույթ, այնպես որ՝ «մաքուր» ռազմահայրենասիրություն չի լինում։ Բայց ավելի էական է ռազմահայրենասիրության մերժումն ընդհանրապես, որով Մհերը ոչ «холостой» ազգերին, նրանց թվում, բնականաբար, նաեւ հայերին, վերապահում է հնարավոր թշնամու վրա  ապագայում միայն մշակույթով «կրակելու» կամ այդ թշնամուց մշակույթով «պաշտպանվելու» առաքելություն։ Սա իբրեւ յուրօրինակ մտախաղ կամ մտավարժանք՝ թերեւս հետաքրքիր է, մանավանդ որ մտածված եւ մատուցված է օրիգինալ կերպով, բայց նաեւ վտանգավոր է։

Որովհետեւ առանց «ռազմահայրենասիրության», որը նրբորեն հեգնվում է հոդվածի տողատակերում, մենք «զինաթափում» ենք ազգը՝ նրան թողնելով սոսկ իր հնամենիության ու մշակութային արժեքների, իր արվեստի եւ բանական այլ հարստությունների «հույսին»։ Մինչդեռ հայ ժողովրդի պատմությունը դարեր շարունակ ապացուցել է հակառակը՝ համեմատաբար ցածր մշակութային եւ ինտելեկտուալ մակարդակ ունեցող ցեղերը հենց ռազմահայրենասիրությամբ պետություն ու ազգ են ձեւավորել եւ կառուցել, հիմա էլ փորձում են ուժի դիրքերից իրենց վաղեմի երազը ձեւել մեր երկրի քարտեզին, երկրի, որը թեեւ հարյուրապատիկ հին է եւ հազարապատիկ մշակութային, սակայն առանց ռազմահայրենասիրության կարող է ոչնչանալ։

Ես չեմ ուզում, որ Մհերը նեղանա (անձամբ չեմ ճանաչում), բայց նրա տեքստից սորոսական, գլոբալիստական՝ ապազգային գաղափարաբանության «հոտ» եմ առնում։ Դա նաեւ հիշեցնում է շատ մոտիկ անցյալի՝ ընդամենը մեկ-երկու ամիս առաջվա իրադարձությունները (որոնք այս օրերի հայրենական պատերազմի գաղափարական ու նաեւ մշակութային հրետանային «նախապատրաստություններ» էին կարծես), երբ հանրությունը միահամուռ դեմ կանգնեց ապազգային կրթական չափորոշիչներին։ Այդ օրերին (հիմա էլ) բազում սորոսականների ջանքերով փորձում էին հայ մանկան  գիտակցությունից վտարել «հայ գրականություն», «հայ եկեղեցի», «հայ դատ» եւ այլ գաղափարներ՝ տեղը, թուրք գործընկերների հետ աշխատած մի «գիտնականուհու» ջանքերով, դնելով համակեցությունը որպես հիմնաբառ (չափորոշիչների հիմնական հասկացություններից մեկն է)։ Իսկ թե ի՛նչ դուրս եկավ այդ համակեցությունից՝ այսօր բոլորս ենք տեսնում։ Ուրեմն մեզ ոչ թե համակեցության քարոզ է պետք, որի կարիքը, լինելով խաղաղասեր ու բարձր մշակութային ազգ, մենք երբեւէ չենք ունեցել, այլ՝ ռազմահայրենասիրության, որով կկարողանանք ապահովել  մեր մշտնջենական գոյության իրավունքը հայրենի հողի վրա։

Մեզ ռազմահայրենասիրություն է պետք, որպեսզի համակեցությունը ո՛չ միայն մեր, այլ նաեւ (եւ ամենից առաջ) մեր թշնամիների համար դառնա սերունդների դաստիարակության պահանջված գաղափար։