Холостой ազգը

Холостой ազգը

Հայաստանի մշակութային կյանքում «հրադադար» է: Մուսաները լռել են, ինչպես ասում են, երբ խոսում են թնդանոթները: Մինչդեռ հայ-ադրբեջանական հակամարտությունը քաղաքակրթական է: 

Մշակույթն իր սեւ գործն արել է: Այն պարզ պատճառով, որ մշակույթը զգացմունքների, երեւակայության եւ անցյալի վերարժեւորման աշխարհ է: 

Հայաստանը բավարար պատմություն ունի՝ իր քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհին բացատրելու, թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը: Ադրբեջանին այդ պատմությունը մատուցվել է, իրենց ուժերով նրանք երբեք պատմություն չեն ստեղծել, որը կարող են դնել աշխարհի առջեւ: 

Հայաստանում գիտեն շունչները պահել, երբ երկիրն անհանգիստ է, այդ իմաստով ադրբեջանցին թոքեր չունի, թոքերը ձեւավորվում են նաեւ պատմությամբ, ադրբեջանցին հրամանների ժողովուրդ է, այսինքն, նրա գործողությունները մեխանիկական են՝ ասվել է, պիտի արվի: Նույնիսկ նրա վախը փորձառություն չունի, նրան չես կարող ասել, որ գլուխդ կուտեն, եթե գլխիցդ մեծ գործեր բռնես: 

Մի կողմ թողնենք, որ նրա ամբողջ պատմությունը հովանավորչական պատմություն է, այդ ժողովուրդն ինքն իրենով զբաղվելու ժամանակ չի ունեցել: Մի քանի տաղանդավոր ադրբեջանցիներ, իհարկե, կան, նույնիսկ քաղաքացիական հասարակության մեջ են նորմալ դեմքեր երեւում: Արվեստն ինչո՞վ է կարեւոր: Այն անընդհատ մարդկանց հաղորդում է դրական տրամադրություններ, կերակրում է նրանց երազանքները, գունավորում: Ադրբեջանում թնդանոթներն իշխանությունների գլխում են միշտ, նրանք երբեք չեն լռում, հենց թնդանոթներով էլ նրանք կերակրում են իրենց ժողովրդին: 

Ի՞նչ կարող է անել շարքային ադրբեջանցին: Դժվար է ասել: Այնտեղ ժողովրդի առջեւ արարելու հարց դրված չէ՝ ինչպե՞ս արարել, երբ Ղարաբաղը «մերը» չէ: Ավելին, հիմա ուղիղ հակառակն է արվում՝ հայերը մարդասպաններ են, քոչվորներ, ցեղասպաններ եւ այլն: Այսինքն, կրկին փակում են ապագայում առանց հայերի, հայերից անկախ պետություն, մշակույթ ու պատմություն ունենալու դուռը: Սա վտանգավոր է այն իմաստով, որ մեզ նույնպես ներքաշում է այդպիսին լինելու սպառնալիքի մեջ: Սա դժվարացնում է մարդու խոսքը եւ գործը առանց Ադրբեջանի: Սա մկանները մարզելու իրականությունն է, որը մի ամբողջ ժողովրդի դարձնում է քարոզիչ կամ քարոզվող: 

Ոչ մեկը չպետք է մոռանա արվեստի մասին: Պետք է հիշել, որ այն, ինչ ստեղծվում է, միայն սեփական լսարանի սպառման համար չէ: Վաղը կարիք կլինի, որ աշխարհը մեզանից նոր իրականության արվեստի գործեր ուզի: Որովհետեւ մեր նոր պատմությունը նրանց աչքի առաջ է: Բայց ժողովուրդը միայն իր պատմությունը չէ, այլեւ՝ ստեղծագործությունը: Վաղը թնդանոթները կլռեն մարդկանց գլուխներում: Պետք չէ, որ մյուս օրը լսվեն դրանց արձագանքները: 

Սա մի բան է, որը երբեք ադրբեջանցուն չեն բացատրել վերջին 30 տարում: Իսկ բացատրել պետք է: Ժողովուրդները քաղաքակրթության օգնությամբ են դառնում մշակութային միավոր: Ադրբեջանում հաստատ Շեքսպիր կամ Բորխես թարգմանել են: Եվ կգտնվեն մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել Կաֆկային կամ Սերվանտեսին: Այնտեղ աշխարհի հետ համաքայլ լինելն առաջին պլանում չէ: Եվ ես չգիտեմ, թե ինչու աշխարհը նրանց չի ոգեշնչում համաքայլ լինելու համար: Ադրբեջանի ողբերգությունը կլինի, եթե աշխարհը նրան ընկալում է զուտ իբրեւ քաղաքական միավոր: Այդ երկիրը՝ ինքը, դա չպետք է թույլ տա: Որովհետեւ մեծ մշակույթն օգնում է աշխարհի այլ ժողովուրդների մոտ կառուցել քո սեփական արդարացիության պատկերացումը: 

Այսօր ո՞վ կհավատա, որ Ադրբեջանն ընդհանրապես ինչ-որ բանի հավակնելու իրավունք ունի՝ երկու, ըստ էության ֆինանսական կարողություններով պետություն կռվում են մի մատ Հայաստանի դեմ, ու ոչինչ դուրս չի գալիս: Դա նրանից է, որ այդ ազգն իր ներսում թիկունք չունի: Ռազմահայրենասիրությունը վատ ուղեկից է ապագա քայլելու համար: Այն միշտ ամայացնող է, նույնիսկ եթե այդ ոգին չի կիրառվում: Ռազմահայրենասերի հետ շատ բաներից երկար չես խոսի: Նա միշտ հիշեցնելու է, թե ինչեր ունի «ազատագրելու»: Իսկ դա ո՞ւմ ինչ գործն է: Ահա ինչու քո երեսին շնչող թնդանոթների դեմ դու միշտ պիտի ունենաս մի ապագա, որը նրա կրակոցը դարձնում է «холостой»:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ