Ախր շատ որակով ընտրություններ էին

Ախր շատ որակով ընտրություններ էին

Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները ցույց տվեցին, որ, չնայած ՀՀ իշխանությունների մեծ ցանկությանը, թավշյա հեղափոխությունը Արցախ չի հասել: Եվ դա լավ է: Լավ է առաջին հերթին այն առումով, որ Արցախի խորհրդարանի քաղաքական գունապնակը ՀՀ ԱԺ-ի համեմատ շատ ավելի հարուստ տեսք ունեցավ, և արդեն իսկ հասկանալի է, որ այն նախագահի կամ կառավարության որոշումներ դակող մարմին չի լինելու: Փաշինյանն Արցախի ընտրությունները գնահատեց «շատ որակով» այն դեպքում, երբ գոհացուցիչ արդյունքների պարագայում սիրում է գործածել այլ էպիտետներ, օրինակ՝ փայլուն, աննախադեպ և այլն: Սա նույնպես վկայում է, որ ՀՀ հեղափոխական իշխանությունների հույսերը չեն արդարացել այն չափով, որ իրենք կցանկանային: Ինչի՞ց պետք է գոհ լինի Փաշինյանը՝ որ ԱՀ խորհրդարանը մեծամասնության առումով գրեթե նո՞ւյնն է մնացել:

Վարչապետի մերձավոր շրջանակները տարակուսած գրում են. «Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի կուսակցությունը դիտարկում է իշխանական կուսակցություն: Ըստ այդմ, հարց է ծագում՝ դա Արցախի նո՞ր իշխանությունն է, թե՞ հին: Որովհետև, եթե նոր իշխանությունն է, ապա ինչի՞ հիման վրա, եթե հինն է, ապա դարձյալ՝ ի՞նչ հիմքով»: Մենք հասկանում ենք նրանց անհանգստությունը, որովհետև հանկարծ պարզվել է, որ ոչ միայն Արցախը հնի ու նորի տարանջատել չի հաջողվել, այլև օրենսդիրում բավականին ծանրակշիռ ներկայություն են ապահովել գեներալները, որոնց հանդեպ Փաշինյանը, մեղմ ասած, «լիչնի նեպրիյազն» ունի:

ՀՀ իշխանության սատարումն ունեցող Մասիս Մայիլյանի կուսակցությունը խորհրդարան չմտավ և միակ մխիթարությունն այս պահին այն է, որ Մայիլյանը դեռ հնարավորություններ ունի ընտրությունների երկրորդ փուլով դառնալ նախaգահ: Մայիլյանի շանսերը զուտ տեսական են, քանի որ նրան սատարելու ցանկություն խորհրդարան անցած ուժերից որևէ մեկի մոտ հազիվ թե առաջանա, իսկ անհաջողակների ունեցած «ընտրազaնգվածն» էլ բավարար չէ Արայիկ Հարությունյանին շրջանցելու համար, մանավանդ, եթե վերջինիս օգտին հանդես գան ապագա կոալիցիայի հավակնորդները: Նիկոլ Փաշինյանը կհամոզի՞ «սիրելի» գեներալներին՝ սատարել Մայիլյանին, թե՞ կբավարարվի Արայիկ Հարությունյանի տարբերակով, որն, այս պահին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ չեղածից լավ է: Մանավանդ որ Արայիկ Հարությունյանը մի կողմից թավշյա հեղափոխության և ՀՀ-ում ակնկալվող փոփոխությունների հանդեպ բավականին լոյալ է տրամադրված, իսկ մյուս կողմից էլ այն մեծահարուստներից չէ, որոնց հետապնդում ու ասֆալտին են փռում հեղափոխական Հայաստանում:

Նկատենք նաև, որ Մայիս Մայիլյանի «անսպասելի» հաղթանակը կարող է անհաղթահարելի իրավիճակ ստեղծել նախագահ-խորհրդարան հարաբերություններում: Սովորաբար, կամ խորհրդարանում փոքրամասնություն ունեցող նախագահը երկար չի ձգում, կամ այդ խորհրդարանը երկար կյանք չի ունենում: Նման իրավիճակ Արցախին հաստատ պետք չէ, և բոլոր քաղաքական ուժերն էլ, կարծում ենք, հասկանում են դա:    

Մի խոսքով, որպեսզի Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն էլ անցնի «շատ որակով», Փաշինյանին, իր հերթին, հարկ կլինի Արցախից հետ կանչել սորոսական վարձկանների ջոկատները, որպեսզի նրանք «չմունդռեն» այն գործը, որ բավականին լավ է սկսվել: Այս տեսանկյունից մեր անհանգստությունն անհիմն չէ, մանավանդ որ ընտրությունների օրը փորձեր արվեցին շանտաժի ենթարկելու առաջատար ուժի ներկայացուցիչներին: Այդ ամենը լայն տարածում ունեցավ համացանցում և, ըստ էության, կարող էր ստվեր նետել ԱՀ համապետական ընտրությունների վրա:

Արցախի ընտրությունների միակ և աննախադեպ կուրյոզը, թերևս Սամվել Բաբայանի և Մասիս Մայիլյանի «դաշինքն» էր, որտեղ մարդիկ ոչ թե դաշնակցում էին, այլ պայքարում միմյանց դեմ: Դրա արդյունքում՝ «դաշինքի» մի կուսակցությունն անցավ խորհրդարան՝ մյուսը՝ ոչ: Սա արդեն կոմեդիա է, մանավանդ որ դուրս մնացած կուսակցության առաջնորդն էլ անցել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ: Կարելի է ասել՝ այս մեծ վիճակախաղում անսպասելի մեծ շահում է ունեցել Սամվել Բաբայանը՝ ստանալով մանևրելու և, ինչու ոչ, ՀՀ իշխանություններին խնդիրներ առաջադրելու լայն հնարավորություններ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատը Սամվել Բաբայանի կուսակցությանը դիտարկում է ընդդիմադիր դաշտում, բայց ի՞նչ իմանաս, թե ինչ կանի Բաբայանը: Սատանան, ասում են, մանրուքների մեջ է: