Չարիքների շքերթ

Չարիքների շքերթ

Այսօր ամբողջ աշխարհն է տագնապահար, խուճապի մատնված դաժան կորոնավիրուսի պատճառով: Ամեն ժամ սարսափով լսում ենք, թե քանի մարդկային կյանք է խլել ահավոր համաճարակը: Մյուս կողմից էլ՝ սա ասես բնության վրեժն է նրանց հանդեպ, ովքեր, ըստ սովորության, արհամարհում են կարգուկանոնը, ծուլություն եւ անտարբերություն դրսեւորում մեր շրջապատի նկատմամբ: Այսօր արդեն կարելի է տեսնել, թե ինչպես է արձագանքում բնությունը, երբ ժամանակավորապես դադարել է մարդկանց հոսքը, երբ աղբ չի թափվում ծովը, ձկների վտառներ են հայտնվել, ծովի հատակն է սկսել պարզ երեւալ…

Սա անպայման պետք է հուշի մեզ՝ հայաստանցիներիս, մշտապես հոգ տանելու մեր շրջապատի մաքրության մասին: Մի քանի տարի առաջ «Հրապարակը» տպագրել էր իմ հոդվածն այն մասին, թե ինչպիսի աղբանոցի են վերածվել Երեւանի Արզումանյան փողոցի 18 հասցեում գտնվող մանկական խաղահրապարակն ու հատկապես դրա հարեւանությամբ գործող՝ Աջափնյակի թաղապետարանին պատկանող էլեկտրակայանի շրջակայքը: Ի՞նչ է փոխվել հիմա. մի բան էլ ավելի է տարածվել գարշահոտ աղբը: Նման պայմաններում, երբ քեզ շրջապատում են տարատեսակ ավգյան ախոռները, հնարավոր է վարակվել ցանկացած հիվանդությամբ:

Եվ կորոնավիրուսը պետք է ստիպի մեզ սթափվել, քաղաքակիրթ ձեւով կարգի բերել մեզ շրջապատող աշխարհը, որ համընդհանուր ջանքերով հաղթահարենք այս մղձավանջը: Լինենք լավատես եւ հուսանք, որ այդպես էլ կլինի՝ վիրուսն աստիճանաբար կնահանջի, կվերանա: Այո, բժիշկների օգնությունն այս գործում անգնահատելի է, բայցեւ շատ բան կախված է մեզնից: 
Այս օրերին ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվում էր «Մագոմաեւ» ֆիլմը, կինոնկար, որը ստեղծվել է հանրահայտ Աղալարովի ֆինանսական աջակցության, երգչի այրի Տամարա Սինյավսկայայի թելադրանքով եւ, իհարկե, Իլհամ Ալիեւի կամքով: Սերիալի մասին ինտերնետում հայտնված արձագանքներն իրարամերժ են: Իսկ մեզ համար ամենատարօրինակն ու, ավաղ, ոչ անսպասելին այն էր, որ ֆիլմում բնավ չի հիշատակվում տաղանդավոր երգչի ստեղծագործական կյանքում ամենածանրակշիռ դերակատարություն ունեցող կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը: Ստացվում է, որ վերոհիշյալ չարամիտ եռյակը, ըստ էության, արհամարհել է հենց Մուսլիմ Մագոմաեւի հանրահայտ խոստովանությունը․ «Իմ կատարմամբ երգերի 90 տոկոսի հեղինակը Առնո Բաբաջանյանն է…»: Եվ ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ հայատյացության դրսեւորում, նացիստական վերաբերմունք:

Այս առումով ակամա հիշեցի, թե անցյալ տարի ինչպիսի պսիխոզի վիճակում էր հայտնվել Ադրբեջանի նախագահը, որը, լինելով հայրենական պատերազմի դասալիք հոր՝ Հեյդար Ալիեւի լիարժեք ժառանգորդը, ամեն կերպ ջանում էր փնովել հայերին ու նացիստ ճանաչել Նժդեհին եւ պահանջում էր վերացնել Երեւանում կանգնեցված մեր ազգային հերոսի արձանը: Ի դեպ, պակաս զարմանալի չէր եւ այն, որ այդ զառանցանքին ձայնակցում էին նաեւ որոշ ռուսաստանցի գործիչներ: Ի գիտություն նրանց, կցանկանայի հիշեցնել, որ Նժդեհն անձնուրաց պայքար էր մղում բոլշեւիկների հակահայկական անարդար որոշումների դեմ, կռվել ու հաղթել է Զանգեզուրը Հայաստանի կազմում պահպանելու համար պայքարում: Ու դեռ ավելին՝ Նժդեհը, ըստ էության, պատերազմել է՝ պաշտպանելով նաեւ Ռուսաստանի քաղաքական շահերը: Իսկապես, պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե Զանգեզուրը հանձնվեր իսլամիստներին՝ սահմանակից պետություններ Թուրքիայով ու Ադրբեջանով՝ իրենց հեռուն գնացող չար մտադրություններով: Եվ, իհարկե, կարելի է երեւակայել, թե ինչպիսի բարդ քաղաքական խնդիրների առաջ կկանգներ նաեւ Ռուսաստանը: Պակաս տարօրինակ չէր եւ այն, որ ընդառաջ գնալով Թուրքիայի քմահաճույքներին՝ լենինյան քաղաքականությունը հույսեր էր փայփայում, որ այդ երկիրը շուտով կհայտնվի սովետների կողքին, կդառնա հուսալի գործընկեր: Եվ Թուրքիան, ի վերջո, ինչպես համոզվեցինք, գործընկեր դարձավ, սակայն… հիտլերյան Գերմանիային՝ ԽՍՀՄ-ի դեմ պատերազմում: 

Սա է իրական փաստը, ու, որքան էլ զարմանալի է, այսօր էլ Թուրքիայի հետ Ռուսաստանի կապը շարունակվում է, հակառակ այն բանին, որ թե՛ կովկասյան, թե՛ սիրիական, թե՛ լիբիական, թե՛ ուկրաինական դաշտում ռուս-թուրքական շահերը շարունակ բախվում են, նրանց համագործակցության ճանապարհը ծուռ ու խոտոր է: Սկզբունքային լուծում պահանջող հարցերում առանցքային է ժամանակը: Իսկ թե երբ է թունելի վերջում երեւալու լույսի շողը, ոչ ոք չգիտի: Ճար չկա, մնում է սպասել:

Չարիքների շարքում է նաեւ Խոջալուի շուրջ աղմուկը, որ շարունակ բարձրացնում են ադրբեջանական իշխանությունները, մեղադրելով հայերին: Ինչպես «Մագոմաեւ» ֆիլմի հարցում, այս անգամ էլ նրանք թքել են մոտ 30 տարի առաջ երկրի այն ժամանակվա վարչապետ Ա. Մութալիբովի հետ չեխ լրագրողուհի Մոզալովայի՝ շատ բան հերքող հարցազրույցի վրա, որը տպագրվել է «Независимая газета»-ում: Այստեղ պարզ ու տրամաբանորեն բացատրվում է, որ տեղի բնակիչների ջարդի հետ ոչ մի առնչություն չունեն հայերը: Այս առթիվ ինձ թույլ կտամ մի հատված ներկայացնել հիշյալ հարցազրույցից.

«Հարց: Ի՞նչ կարծիքի եք այն իրադարձությունների վերաբերյալ, որ տեղի ունեցան Խոջալուում: Խոջալուցիների դիակները հայտնաբերվեցին Աղդամից ոչ հեռու: Սկզբում կրակել են նրանց ոտքերին, որպեսզի անկարող լինեն հեռու գնալ: Այնուհետեւ գործի է դրվել կացինը: Փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել են նրանց: Նոր նկարահանումների ժամանակ, մարտի 2-ին, այդ նույն դիակները գլխամաշկվել էին: Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում…
Պատասխան: Ինչպես ասում են փրկված խոջալուցիները, այդ ամենն արվել էր այն նպատակով, որպեսզի առիթ ստեղծվի իմ պաշտոնաթողության համար:

Եթե ես հայտարարում եմ, որ դա ադրբեջանական ընդդիմադիրների մեղքն է, կարող են ասել, որ նրանց զրպարտում եմ: Սակայն դատողությունների ընդհանուր համայնապատկերն այն է, որ միջանցքը, որով կարող էին հեռանալ մարդիկ, հայերի կողմից, այնուամենայնիվ, թողնվել էր: Այդ դեպքում ո՞րն է նրանց վրա կրակելու իմաստը…»։

Թարմ տպավորությունները, ինչպես միշտ, ավելի անկեղծ են եւ իրականությանը համապատասխանող: Այնպես որ, Իլհամը զուր է կեղծիքներ տարածում՝ ամեն կերպ աղավաղելով փաստերը, մեղադրելով հայերին: Այդուհանդերձ, ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի: Ադրբեջանական չափը կորցրած հայատյացությունը գալիս է հաստատելու, որ արցախցիները, բնականաբար, երբեք չեն կարող նորից հայտնվել ազգայնամոլների ենթակայության տակ: Դա մեր հայրենակիցների կենաց ու մահվան հարց է, որի լուծումն արմատապես բացառում է ցանկացած նահանջ:

Միսակ ՆԱԶԱՐՅԱՆ