Մեծ տառերով գրեք, որ ես ոչ մի տենդերի չեմ մասնակցել

Մեծ տառերով գրեք, որ ես ոչ մի տենդերի չեմ մասնակցել

Մեզ երեկ տեղեկություն հաղորդեցին, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերը՝ Արտակ Գասպարյանը, շուտով հեռացվելու կամ հեռանալու է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից։ «Ոչ, ես այդպիսի ակնկալիքներ եւ տրամադրություններ չունեմ դեռ, բայց այս կյանքում մարդիկ էլ հավերժ չեն»,- պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ պատրաստվում է աշխատանքից ազատման դիմում ներկայացնել վարչապետի խորհրդականի պաշտոնից, ասաց Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը՝ Կավեէնշչիկ Արտաչոկը։

Գասպարյանին հարցրինք, թե ինչու է իր անունը կապվում Մարությանի, քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ միանձնյա գնումների հետ՝ մասնավորապես «ԿամԱԶ»-ների՝ մեկ անձից գնման աղմկահարույց պատմության հետ։

«Այդ մասին ինչ գրված է, սուտ է, ոչ թե չափազանցրած է, այլ սուտ է։ Ես ոչ մի մեխանիզմ չունեմ դրա վրա ազդելու կամ մասնակցելու, որովհետեւ ես քաղաքապետարանի աշխատակից չեմ եւ տենդեր չեմ դնում։ Ոչ մի կապ ես չունեմ քաղաքապետարանի տենդերների եւ այլ հարցերի շուրջ։ Հայկ Մարությանն իմ շատ մտերիմ ընկերն է շատ վաղուց՝ 25 տարուց ավելի՝ 93-94 թվականներից։ Մենք իրար հետ աշխատել ենք, ընկերություն ենք արել եւ այլն, եւ այլն»։ Արտակ Գասպարյանը վարչապետի խորհրդականն է 2018 թվականի հոկտեմբերից։ Նրան հարցրինք, թե այս ընթացքում ինչ խորհուրդներ է տվել վարչապետին, որ ոլորտներն են իր համակարգման ներքո։ «Այ, այդ մեկը Ձեզ պետք է դիմել կառավարություն եւ պատասխան ստանալ, որովհետեւ կառավարությունն ունի լրատվական վարչություն, ես եղել եմ օգնական, հետո նոր՝ հասարակական հիմունքներով խորհրդական։ Ես կարող եմ այդ հարցին չպատասխանել, չէ՞, դե ուրեմն այդ հարցին չեմ պատասխանում, այդպես էլ գրեք՝ «հարցին, թե ինչ հարցերի շուրջ է խորհուրդներ տվել, չուզեց պատասխանել»։ Խնդրում եմ՝ մեծ տառերով գրեք, որ ես Հայաստանի որեւէ իշխանության ժամանակ ոչ մի տենդերի ոչ մի կերպ չեմ մասնակցել ո՛չ էն կողմից, ո՛չ էս կողմից, եւ աշխատանքս միմիայն ի նպաստ Հայաստանի է»,- ասաց Գասպարյանը։

Ի դեպ, խորհրդականների հաստիքները մեզանում այդպես էլ մնացին չկարգավորված եւ նրանց գործառույթներն էլ՝ ոչ կանոնակարգված, եւ միայն դա է պատճառը, որ խորհրդականի հաստիքը ոչինչ չանող, պարզապես բարձր կարգավիճակ ունեցող ու բարձր աշխատավարձ ստացող պաշտոն է դարձել, որով իշխանությունները «պարգեւատրում» են իրենց տարբեր ծառայություններ մատուցող անձանց, ընկեր-բարեկամներին, եւ նրանք երբեք չեն կարողանում հստակ ասել, թե որն է իրենց առաքելությունը, եւ ինչ խորհուրդներ են տվել այն պաշտոնյային, ում կցված են ի պաշտոնե։