Փաշինյանը պետք է զգույշ լինի

Փաշինյանը պետք է զգույշ լինի

Հայաստանը, որ ընդամենը մեկ տարի առաջ դեռ համարվում էր Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանող ֆակտոր, այսօր վերածվել է անկայունության կղզյակի եւ գործող իշխանությունների ֆանտաստիկ մտասեւեռումների պատճառով կարող է սեփական նախաձեռնությամբ խաչ քաշել Արցախի Հանրապետության առանց այն էլ ոչ հստակ ապագայի վրա: Չենք կարծում, որ Նիկոլ Փաշինյանին լիովին երջանիկ լինելու համար հենց դա է պետք, բայց նրա վերջին սպառնալից հայտարարությունը, թե Արցախում էլ ժողովուրդը հեղափոխություն կանի, մեղմ ասած` մտահոգիչ է: Մտահոգիչ է այն առումով, որ դա մի տեսակ խոստովանություն է այն բանի, որ Արցախի ու Հայաստանի ջրերն այս պահին նույն առվով չեն գնում:

Իմ բարեկամական խորհուրդը Փաշինյանին հետեւյալն է` չբզբզել անբզբզելին, որովհետեւ քաղաքական ավանտյուրան մի բան է ՄԱԿ-ի անդամ Հայաստանում եւ միանգամայն այլ բան` չճանաչված հանրապետությունում, որն ի լրումն այդ կարգավիճակի, նաեւ «ոչ մի կերպ չսառչող» հակամարտության օբյեկտ է: Արցախում ամենափոքր ներքին խռովությունն անգամ, ոչ ոք թող չկասկածի, աշխարհին կներկայացվի որպես արցախցիների` անկախ պետություն ունենալու եւ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների վրա իշխանություն հաստատելու անկարողության ապացույց: Փաշինյանը խաղում է կրակի հետ: Նախկին իշխանությունների հանդեպ ունեցած անբացատրելի վախերը, որոնք իրականում պայմանավորված են բոլոր ուղղություններով տապալվող նրա քաղաքականությամբ, տրանսֆորմացվում են Արցախի ուղղությամբ, իսկ դա կարող է վերջնականապես թաղել Արցախի հարցի հայանպաստ լուծման բոլոր հույսերը:
Այն, որ Արցախում միանշանակ քաղաքական վերաբերմունք չկա Հայաստանում տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» նկատմամբ, թաքցնել այլեւս հնարավոր չէ: Դրա վառ վկայություններից մեկն էլ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի եւ Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի միջեւ կայացած «նյարդային» փոխհրաձգությունն էր, ինչը փաշինյանամետ մամուլը փորձում է ներկայացնել որպես պայքար ՀՀ «հեղափոխական» իշխանության եւ արցախյան հակահեղափոխական գեներալիտետի միջեւ:

Այս հարցում, սակայն, իրականությունն այնքան մակերեսին չէ, ինչպես  կարծում են որոշ մեկնաբաններ, որոնք համարում են, որ Փաշինյանն ամեն գնով իշխանություն պետք է հաստատի նաեւ Արցախում: Նկատենք, որ դա ոչ միայն լրացուցիչ հոգս է ՀՀ իշխանությունների համար, այլեւ վտանգավոր խաղ` երկու հայկական պետությունների միջեւ առաջացած անհամաձայնությունները խորացնելու, Արցախը հին ու նոր իշխանությունների միջեւ կռվախնձոր դարձնելու, Բաքվի ջրաղացին ջուր լցնելու առումներով: Մեր կարծիքով, սակայն, ոչ մի անպատեհություն չկա, որ Արցախում «հայկական հեղափոխությունն» այլ կերպ են ընկալում, քան, ասենք, Գյումրիում, Վանաձորում կամ Գավառում: Աննորմալ կլիներ, երբ, ասենք, Ստեփանակերտը ցնծությամբ դիմավորեր մի բան, որի ինչ լինելը նույնիսկ Հայաստանում պարզ չէր: Ավելին ասենք` Փաշինյանի հաղթանակից հետո Ստեփանակերտում սկսված հակաիշխանական խլրտումներն առավել զգուշավոր դարձրին արցախցիներին, որոնց համար հասարակական համերաշխությունն ու կայունությունը բոլորովին այլ ընկալում ունեն, քան, օրինակ, Երեւանում, որտեղ կարելի է օրը ցերեկով հայհոյել ուզածդ իշխանության:

Որպես Հայաստանի եւ Արցախի միջեւ առաջացած լարվածության պատճառ` նշում են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն Արցախում եւ ընդգծում, որ ՀՀ նախկին ղեկավարները փորձում են իշխանության գալ Արցախում եւ այդ ճանապարհով իշխանափոխություն իրականացնել Հայաստանում: Այս միտքը ոչ ավել, ոչ պակաս, զառանցանք է, որովհետեւ հնարավոր չէ անգամ պատկերացնել, որ արցախյան պետական գործիչներն ունակ են դավադրության մեջ ներքաշել Արցախը` այն հակադրելով իր անվտանգության միակ երաշխավոր Հայաստանին: Համաձայնենք, որ Արցախի գործող եւ նախկին նախագահների դիմումը ՀՀ դատախազությանը` Շուշիի ազատագրման օրվա առիթով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ իշխանությունների մեջ հումանիզմ ծնելու փոխարեն ավելի սաստկացրեց վախը նախորդ իշխանությունների հնարավոր վերադարձի հանդեպ եւ Նիկոլ Փաշինյանին դրդեց անելու մի հայտարարություն, որ ըստ էության դեմ էր ոչ թե Արցախի իշխանություններին, այլեւ այդ իշխանությունը ձեւավորած Արցախի ժողովրդին:

Ի՞նչ է նշանակում` Արցախում էլ հեղափոխություն կանեմ: Եթե այդքան վստահ ես` փորձիր… Իսկ գուցե Արցախում հեղափոխություն անելու մանդատ չունի՞ ՀՀ վարչապետը:
Փաշինյանի մերկապարանոց հայտարարությունները նորություն չեն: Արդեն փաստացի` նրա այդ հայտարարությունների շարքում են Հայաստանում օլիգարխիան վերացնելու, կոռուպցիան արմատախիլ անելու, Մարտի 1-ի գործը բացահայտելու, տնտեսական աճ գրանցելու, արտագաղթը կասեցնելու, ներդրումներ ապահովելու, աշխատավարձ ու թոշակ բարձրացնելու մասին հայտարարությունները: Այդ շարքը լրացվեց եւս մեկով` Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքով, որին պետք է մի կերպ դիմանալ: Իսկ հետո ամեն ինչ լավ կլինի, երբ Հայաստանում նույնպես ժողովուրդը հասկանա, թե ում է վստահել երկրի ղեկն ու ում հետ գործ ունի: Իսկ մինչ այդ բոլորս ականատես կլինենք նոր շուի` մեկնարկում է, այսպես ասած` «մարտի 1-ի գործով» դատավարությունը: Դատում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Արմեն Գեւորգյանին, Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին:

Լրատվամիջոցներից մեկն այս կապակցությամբ գրել էր. «Այդ դատավարությունը գործնականում լինելու է մարտիմեկյան միայն դե յուրե, սակայն դե ֆակտո այն, մեծ հաշվով, նախկին իշխող համակարգի ամբողջական դատավարությունն է, որում ներգրավված են լինելու նախկին 3 նախագահներն ու նրանց պաշտոնավարման ընթացքում կամ նրանց շրջապատում առանցքային դեր ունեցած տարբեր անձինք: Այլ կերպ ասած՝ մենք տեսնելու ենք հին Հայաստանի գործի դատավարությունը»: Հասկանալի է արդեն, թե այս դատավարության հետ կապված մինչեւ որ աստիճան են փորձելու քաղցրացնել Փաշինյանի կենացը, բայց սթափ մտածողությունը հուշում է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը պետք է հանգիստ նստի տեղը եւ սպասի դատավճռին, որովհետեւ այն ամենը, ինչ դուրս է այդ վճռից եւ անհամոզիչ, ընդամենը քարոզչական փուչիկ է:

Ավելին ասենք` Փաշինյանի համար կարող է այս ամենը վատ վերջանալ, եթե պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգ չի տապալել, իսկ Սիլվա Համբարձումյանից էլ կաշառք չի վերցրել: Ի դեպ` դատարաններում երբեմն հրաշքներ էլ են պատահում: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ Սահմանադրության դեմ մեղանչել են 2008թ. նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանն ու նրա հավատարիմ զինակից Փաշինյանը, ապա ընդհանրապես կարող է շաբաթն ուրբաթից շուտ գալ: Եվ ահա, ես մտածում եմ` արդյոք, այս դատավարության` իր համար անցանկալի ընթացքի եւ հնարավոր ցավագին դատավճռի ահից չէ, որ Փաշինյանը հիմա էլ հանրության ուղեղը ծանրաբեռնում է Արցախից եկող «վտանգներով»` բա գիտե՛ք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ուզում են իշխանության գալ «չերեզ Արցախ»: Կներեք, պարոն Փաշինյան, բայց Ձեզ իշխանության բերած ժողովուրդն այս մեկ տարում այնպիսի «բոբոներ» տեսավ, որ նախկին «բոբոներից» այլեւս չի վախենում:

ՀԳ. Վիճակագիրների համար` «Հայաստան-Արցախ հակասությունների» մասին հայ ժողովուրդն առաջին անգամ լսել է Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այդ գծով Փաշինյանն ընդամենը երկրորդն է: Քաղաքական ենթատեքստ մի փնտրեք, այստեղ ամեն ինչ բաց է ասված` Փաշինյանը պետք է զգույշ լինի: