Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլացան

Իրանի դիրքերը տարածաշրջանում թուլացան

Իրան-Իսրայել հարաբերությունների մասին զրուցել ենք իսրայելցի վերլուծաբան Յարոն Վայսի հետ։

- Իսրայելում ի՞նչ են մտածում Իրանի հարձակման մասին, մարդիկ միավորվե՞լ են կառավարության շուրջ։

- Մարդիկ հավատում են, որ պաշտպանությունը հաջող էր։ Դրոնների եւ հրթիռների 99 տոկոսը վնասազերծվել է։ Մարդիկ ոգեւորված էին նաեւ նրանով, որ պաշտպանությունը հնարավոր է եղել` համագործակցելով այլ երկրների հետ։ Իրանի հարձակումը բացարձակապես չազդեց սեփական կառավարության նկատմամբ Իսրայելի հասարակության վերաբերմունքի վրա։ 

- Իսկ քննարկվո՞ւմ է այն, որ Իրանի հարձակումը Նեթանյահուի անհաջող քաղաքականության հետեւանքն է։

- Ոչ, իրանցիները ցանկանում էին զսպել Իսրայելին եւ լռեցնել իրենց ներքին դժգոհությունները, ցույց տալ իրենց հզորությունը պրոքսի կազմակերպություններին, որոնք մարտեր են վարում։

- Հարձակումն ի՞նչ ցույց տվեց, Իսրայելն ի վիճակի՞ է միայնակ պաշտպանել իրեն՝ առանց դաշնակիցների։

- Դաշնակիցների հետ համագործակցությունն Իսրայելի ուժի բաղկացուցիչներից է։ Կարեւոր էր դա ցույց տալ նաեւ ուրիշներին։ Իսրայելն ունակ է ինքն իրեն պաշտպանել, ունի ռազմարդյունաբերության զարգացած ոլորտ, բայց դաշնակիցների ու գործընկերների միջոցով են հումքը եւ որոշ մասեր ձեռք բերվում, որոնք Իսրայելում չեն արտադրվում։

- Ոմանք կարծում են, որ Նեթանյահուին մեծ պատերազմ է պետք՝ իր իշխանությունը պահելու համար։ Իսրայելում ի՞նչ կարծիքի են։

- Իսրայելում էլ են շատերն այդպես մտածում, բայց քաղաքական եւ հասարակական համակարգն Իսրայելում բալանսավորված է։ Բանակի հրամանատարների կարծիքը որոշիչ գործոն է այս պարագայում։ Բնականաբար, այստեղ առկա է նաեւ ԱՄՆ եւ Իսրայելի մյուս դաշնակիցների ազդեցությունը, որոնք փորձում են թույլ չտալ, որ այս բախումները վերածվեն տարածաշրջանային պատերազմի։

- Հասարակությունը կաջակցի՞ Նեթանյահուին, եթե նա որոշի պատերազմ սկսել Իրանի դեմ։

- Իսրայելի հասարակական կարծիքն այս մասով բաժանված է։ Նեթանյահուին ճնշում են իր քաղաքական գործընկերները` ստիպում են հարձակվել Իրանի վրա: Մյուս կողմից՝ դաշնակիցները պահանջում են, որ Իսրայելը պատասխան հարված չհասցնի։

- Իրանի հարձակումն ի՞նչ բացահայտեց։

- Հարձակումը ձախողված էր։ Նախ, հետախուզությունը նախապես տեղյակ էր հարձակման ժամկետների մասին եւ կարողացավ պատրաստել հանրությանը։ Հարձակման 99 տոկոսը հենց օդում է չեզոքացվել։ Իմ կարծիքով, Իրանի հարձակումը զգալիորեն թուլացրեց նրա կարգավիճակը տարածաշրջանում եւ ուժեղացրեց ԱՄՆ, ներառյալ Իսրայելի ու Հորդանանի ազդեցությունը։

- Հնարավո՞ր է, որ Գազայում իրավիճակ փոխվի։

- Իմ կարծիքով, Իրանի հարձակումը չի ազդի Գազայում տիրող վիճակի վրա։ Վստահ եմ, որ շարունակվող ռազմական գործողությունները Գազայում հսկայական վնաս են հասցնում Իսրայելին, պաղեստինցիներին։ Ես շատ նյարդայնացած եմ ու տխուր Գազայում մարդկային կյանքերի կորստի, վիրավորների, տեղահանվածների համար, երիտասարդ իսրայելցի զինվորների կորուստն ահավոր դժբախտություն է մեր հասարակության եւ անձամբ ինձ համար։ Մարտերի ավարտը եւ գերիներին ազատելը բոլորի շահերից են բխում։ Ես աղոթում եմ, որ Իսրայելի կառավարությունն ի վիճակի լինի՝ համապատասխան քայլեր ձեռնարկել։