Ես չիմացա թե ինչու՞, դու չիմացար թե ինչպե՞ս․․․

Ես չիմացա թե ինչու՞, դու չիմացար թե ինչպե՞ս․․․

Մամուլին հաճախ են մեղադրել ու մեղադրում  բամբասանքներ, օդից լուրեր տարածելու մեջ։ Խոսքը վերաբերվում է հատկապես պաշտոնական լրատվությանը։ Նման պարագայում իշխանությունը մամուլին մեղադրելուց առաջ պետք է հարցնի իրեն՝ ի՞նքը չէ պատճառը, որ իրականությունը մամուլի միջոցով միջնորդավորված  չի հասնում հանրությանը։  

Իշխանափոխությունից հետո հանրությանն անծանոթ տարբեր մարդիկ են պաշտոնների նշանակվել,  հետո ազատվել։  Ովքե՞ր են նշանակվողները, ի՞նչ արժանիքի համար են նշանակվել, հանրությունը չի իրազեկվում։ Պաշտոնից ազատում են, էլի նույն կերպ՝ քար լռություն։    Ազգային ժողովում, կառավարությունում մեծ թվով սորոսականներ են ընդգրկվել, այդ մասին հանրությունը չէր էլ պատկերացնում, գոնե իմանային՝ ո՞րն էր դրա կարևորությունը։

Հիմա կասեք՝ մեր ի՞նչ գործն է։ Ասեմ, որ դու՛ք եք ձեր գրպանից  վճարում պատգամավորներին ,  պաշտոնատար անձանց աշխատավարձերը, պարգևատրությունները։  Հանրությունը պիտի իրազեկված լինի, թե ինչի համար է այս կամ այն անձը վաստակում բարձր պաշտոնում նավավարելու իրավունք։ Կամ ինչու չի կատարում իր պարտականությունը։

Հանրությունը կազմված է ես ու դու- ից․ ես ու դու պիտի իմանանք, թե ի՞նչ կադրերի միջոցով է իշխանությունը երկիրը բարեփոխելու մասին խոսում։ Եթե նշանակված կադրերն իրենց չեն արդարացնում, ինչու՞ մեր հաշվին կարճ ժամանակաընթացքում ստանում են ահռելի պարգևատրություններ, աշխատավաձեր, բարձր կոչումներն էլ վրադիր։  Եթե չեն արդարացնում, ինչի  էին նման պրոգրեսով խրախուսանքի արժանանում։ Նույն կերպ էլ ազատումը՝ ոչ իմանում ենք՝ ինչի համար եկան, ոչ էլ հասկանում՝ ինչի համար գնացին։ Ստացվում է պաշտոնական մակարդակով քնարական բանաստեղծություն գրելու պես մի բան։

Ես չիմացա թե ինչու՞,
Դու չիմացար թե ինչպե՞ս։

Հիմա ավելի կոնկրետացնենք։ Սեպտեմբերի 18-ին Վալերի Օսիպյանն ազատվել էր ոստիկանապետի պաշտոնից և  նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նախկին ոստիկանապետն այդ պաշտոնում չէր աշխատել, արձակուրդ էր գնացել։ Թե ինչու՞ էր այդքան գովաբանված, գեներալի կոչում ստացած ոստիկանապետն ազատվել պաշտոնից, հանրությանը չի իրազեկվում։ Ազատվելուց հետո թե ինչու էր նշանակվել վարչապետի գլխավոր խորհրդական, այդ մասին ևս ոչ մի խոսք։  Նշանակվելուց հետո թե ինչու՞ է Վալերի Օսիպյանը գլխավոր  խորհրդականի պաշտոնից ազատվել, էլի ոչ մի խոսք։

Հիմա ասեք՝ մամուլը ո՞ր քարը տա գլխին, երբ հանրության պահանջն է՝ իմանալու, ասենք թե Վալերի Օսիպյանի  պաշտոնի նշանակման, պաշտոնից  ազատելու, նոր պաշտոնի նշանակելու,  նորից ազատման պատճառները։

Իշխանությունը երբ լռում է, խոսում է մամուլը՝ հրապարակելով իր ունեցած տեղեկությունները։ Նման տեղեկատվությունն անհանգստացնում է իշխանությանը։ Այ հենց այդ վտանգը զգալով է իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն ուղղորդում «ոչնչացնելու մամուլը»։

Ընդամենը մի օրինակ նշեցի։ Բոլոր պաշտոնյաների նշանակումն ու ազատումը կատարվում է նույն «քոպի փեսթ» եղանակով։  Հանրությունը, որ իր գրպանից վճարում է պաշտոնյաներին, պետք է հետամուտ լինի իմանալու, թե ինչու են նրանք պաշտոնից ազատվում, եթե, իհարկե, նա իրեն համարում է երկրի կառավարման համակարգի բաղադրիչ։ Էլ չասեմ, եթե յուրաքանչյուրը իրեն համարում է երկրի տեր կամ ինչպես վարչապետն էր ասում՝ վարչապետ։ Իրազեկված լինելու իրավունքը ժողովրդավարական երկրների օդն է, առանց դրա հաց ու ջրի մասին խոսելն ավելորդ է։