ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է աջ ղեկով մեքենաների հարցում ևս մեկ ամիս ավել ժամանակ տալ

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է աջ ղեկով մեքենաների հարցում ևս մեկ ամիս ավել ժամանակ տալ

Ազգային ժողովում ընթանում է արտահերթ նիստ, որով քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը երկարաձգելու վերաբերյալ հարցը։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ներկրել այն աջ ղեկով մեքենաները, որոնք ձեռք են բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը և Հայաստան կներկրվեն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը։ Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն առաջարկեց փոխել ժամկետը և ևս մեկ ամիս ժամանակ տրամադրել։

«Դուք ասում եք՝ մենք ոչինչ չենք փոխում։ Դա նշանակում է, որ դուք պաշտպանում եք նախորդ քաղաքական մեծամասնության այն դիրքորոշումը, որ այդ մեքենաները վտանգում են մարդկանց կյանքը, վնասակար է դրանց օգտագործումը։ Ես էն ժամանակ էլ էս նույն ամբիոնից հարցրեցի՝ բա եթե հիմնավորումը դա է, որ վտանգավոր է, բա մենք ի՞նչ ենք անելու արդեն իսկ էսօր Հայաստանում շահագործվող տասնյակ հազարավոր աջ ղեկով մեքենաների հետ։ Այսինքն՝ դուք չե՞ք մտածել վերանայել ընդհանրապես էս օրենքի ընդունման անհրաժեշտությունը»,-ասաց Պետրոսյանը։

Ապա նա հանդես եկավ առաջարկությամբ՝ ընդամենը մեկ ամիս երկարացնել ժամկետը և օրենքում էլ ամրագրել, որ այս ժամկետը վերջնական է։

«Սրանով հնարավորութուն կտանք մեր ազգաբնակչության մի որոշակի հատվածի` կարողանալ գոնե օրենքի` ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ձեռք բերված մեքենաները տնօրինել որպես իրենց սեփականություն»,-իր ելույթում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը։