«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը խոստումը կատարում է․ հրաժարական տված դատավորը վերադառնում է

«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը խոստումը կատարում է․ հրաժարական տված դատավորը վերադառնում է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, պարզվում է, ոչ միայն լավ ռեժիսոր է, այլեւ սցենարիստ։ Կարեն Անդրեասյանի հրահանգով Դատական դեպարտամենտի պատրաստած տեսանյութից հետո թվում էր, թե Անդրեասյանն այլեւս չի կարող նոր բանով զարմացնել հանրությանը, սակայն այսպես շարունակելու դեպքում նա կարող է նոմինացվել նաեւ Օսկարի «Լավագույն սցենար» անվանակարգում։ Հիշեցնենք, որ օրերս ԲԴԽ-ն պատրաստել էր մի «դետեկտիվ ժանրի» ֆիլմ այն մասին, թե ինչու նախկինները մինչ այժմ բանտում նստած չեն, եւ, ըստ այդ ֆիլմի, մեղավոր են դատավորները, որովհետեւ արագ չեն աշխատում` դատավճիռներ չեն կայացնում, իսկ իշխանությունների սրտի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ ֆիլմում գլխավոր դրական կերպարն է՝ Կարեն Անդրեասյանից հետո, քանի որ Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալուց հետո դատավորները սկսել են «արագ աշխատել», իսկ Մնացական Մարտիրոսյանն «ամենաարագ» դատավոր է ճանաչվել, չնայած նրա վարույթում քննվող գործերով մեղադրյալներից երկուսը՝ Մանվել Գրիգորյանն ու Արմեն Գրիգորյանը մահացել են․ Մանվել Գրիգորյանը՝ ԱԱԾ-ում երկարամյա կալանքի հետեւանքով, իսկ Արմեն Գրիգորյանը՝ հենց դատարանի դահլիճում՝ Մնացական Մարտիրոսյանի ներկայությամբ։

Կարեն Անդրեասյանի հեղինակած ֆիլմերից մյուսը վերաբերում է սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանին։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական եւ սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ էր հարուցել, ու հենց սկզբից էլ պարզ էր, որ լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով հարուցվել են կարգապահական վարույթները։ Որովհետեւ ԲԴԽ-ն այլեւս միատարր եւ իշխանական մարմին է դարձել եւ հնազանդորեն դակում է վերեւից իջեցված որոշումները:

Այդ դատավորներից մեկը Սամվել Թադեւոսյանն է, ում նկատմամբ եւս ԲԴԽ-ն կարգապահական վարույթ էր հարուցել, սակայն նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին եւ որոշմանը ու մեկ քայլ առաջ ընկնելով՝ լքեց դատական համակարգը։ Թադեւոսյանի հրաժարականի մասին հայտարարեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումն օրենքով սահմանված կարգով քննարկվել է խորհրդի կողմից, եւ համապատասխան որոշմամբ դատավոր Թադեւոսյանի լիազորությունները համարվել են դադարած: Այդ նույն ժամանակահատվածում կարգապահական վարույթներ էին հարուցվել քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանի ու Արտակ Բարսեղյանի նկատմամբ:

Բազմաթիվ դատավարական եւ ընթացակարգային խախտումների արդյունքում հուլիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդն Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցրեց, այսինքն, ի տարբերություն Թադեւոսյանի, նրանց լիազորությունները դադարեցվեցին «կարգապահական կոպիտ խախտում» կատարած լինելու հետեւանքով, այն է, թե ՄԻԵԴ վճիռներով արձանագրվել է, որ այս դատավորների կայացրած ակտերի արդյունքում մարդու իրավունք է խախտվել, սակայն պարզից էլ պարզ է, որ Հայաստանում դատավորների գերակշիռ մասն այս հիմքով կարող էր ազատվել պաշտոնից, իսկ արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն վարույթները հարուցում էին ընտրողաբար, իրենց համար անցանկալի դատավորների դեմ։

Այդ կարգապահական վարույթների հարուցման ու քննության ժամանակահատվածում դատական իշխանության մեր աղբյուրներից տեղեկություններ էինք ստանում, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթի թիրախ դարձած որոշ դատավորների առաջարկում է գործարքի գնալ․ հրաժարական տալ, հեռանալ, հետագայում հետվերադարձի խոստումով։ Նման առաջարկի իմաստն այն էր, որ տպավորություն ստեղծվեր, թե դատավորներն ընդունում են իրենց մեղքը, ինքնակամ հրաժարական են տալիս, որ ԲԴԽ-ն խախտում չանի` այս անձանց լիազորությունները դադարեցնելիս, եւ դատական համակարգի հետ չառճակատվի, սակայն բոլոր դատավորները, բացի Սամվել Թադեւոսյանից, մերժել էին այս առաջարկը` իրենց պատվից ցածր համարելով կեղծ դիմում գրելը, ընդունել սեփական մեղքը` սպասելով ԲԴԽ-ի մեծահոգությանը։

Փետրվարի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակը, որի առաջին տողում հենց Սամվել Թադեւոսյանի անունն է։ Նրան հաջորդում են գործող դատավորներ Ժաննա Ասատրյանը եւ Հովհաննես Ղազարյանը։ Այսինքն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում տեղ ազատվելու պարագայում առաջինը հենց Սամվել Թադեւոսյանը կզբաղեցնի այդ պաշտոնը։ Փաստորեն, Սամվել Թադեւոսյանն իր դիմումի համաձայն կես տարի առաջ հեռացել է դատական համակարգից, այժմ մտքափոխ է եղել եւ ուզում է վերադառնալ դատական իշխանություն եւ առավել բարձր պաշտոն զբաղեցնել, քան ուներ մինչ այդ` մեկ ատյան վերեւ բարձրանալով: Մյուս դատավորները, որոնք ոչ միայն ազատման դիմում չգրեցին, այլեւ մինչեւ վերջ փորձեցին ապացուցել իրենց ճշմարտացիությունը, փորձում են իրենց իրավունքները վերականգնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։