Որոշեցի Վանո Սիրադեղյանի հետ այդ հարցազրույցից մի հատված հրապարակել

Որոշեցի Վանո Սիրադեղյանի հետ այդ հարցազրույցից մի հատված հրապարակել

1992թ. հունվարն էր, որպես «Հայքի» թեթի լրագրող, հարցազրույց վերցրեցի ՀՀՇ վարչության նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Վանո Սիրադեղյանից: «Հայք»-ում վեց ամիս էր, որ աշխատում էի, և Վանոյից հարցազրույց վերցնելու համար գործադրեցի բոլոր ներհհշ-ական և իշխանամերձ կապերս: Ի վերջո, հետևողականությունս արդյունք տվեց. Վանոն հարցազրույց տալ համաձայնեց:

ՀՀՇ գրասենյակում հարցազրույց անհնար եղավ անցկացնել, քանի որ անընդհատ ներսուդուրս էին անում տարբեր մարդիկ: Հարցազրույցն, ի վերջո, կառավարական ամառանոցի նրա հարկաբաժնում անցկացրեցի:  Ցուրտ ձմեռ էր, տունն ահավոր սառն էր, հարցազրույցը վարում էի մուշտակով, գլխարկով և միայն մեկ ձեռնոցով, մյուսով ձայնագրիչն էի աշխատեցնում և նշումներ անում: Հարցազրույցի սկզբից Վանոն 10 րոպե անհետացել էր, իսկ ես ուղղակի ցրտից դողում էի ու մտածում, որ արդեն փոշմանել է հարցազրույցին համաձայնելուց: Մեկ էլ Վանոն եկավ սուրճ և մի քանի կոնֆետներ ձեռքին. դրանք դրեց սեղանին, ու ասաց՝ սուրճ չունեի, դե այստեղ քիչ եմ լինում, Լույսյան սուրճը դրեց: Այսպես նախագահի տիկնոջ սուրճն ըմպելով, որ արդեն հասցրել էր սառչել, հարցազրույց վերցրեցի Վանո Սիրադեղյանից: Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիր դա չէ, այլ այն, որ Վանոն խնդրեց հարցազրույցի տեքստը տպագրելուց առաջ նայել: Սովորաբար նման խնդրանքով ինձ չէին դիմում, բայց Վանոն հազիվ էր հարցազրույցի համաձայնել: Հարցազրույցը գրամեքենայով հավաքեցի, և միակ օրինակս տվեցի Վանոյին: Հետո խնդրեց ձայնագրությունը, որ իբր համեմատի, ձայնագրության ժապավենն էլ տվեցի:

Մի քանի օր հարցազրույցը չէր վերադարձնում, մի օր ինձ ասաց, թե՝ լավ չեմ խոսել, արի մի տպիր: Ինչ-որ ազդեցիկ մեկը նրան համոզել էր, որ չտպագրի հարցազրույցը: Երկրորդ օրինակն էլ չունեի, որ տպագրեինք: Կզայրանար՝ կանցներ, բայց հարցազրույցը կմնար:

Վերջերս արխիվումս մի փաստաթուղթ էի փնտրում, տեսա, որ գրամեքենայով հավաքված մի քանի անտիպ հոդվածներիս հետ, որոնք Շարժման առաջին երկու տարիներին չէր տպագրել խորհդային մամուլը, այդ թղթապանակում տեսա Վանոյի հարցազրույցը: Դեռ առիթ կլինի հարցազրույցն ամբողջությամբ տպագրելու, իսկ այսօր որոշեցի Վանո Սիրադեղյանի հետ այդ ծավալուն հարցազրույցից մի հատված հրապարակել: Կարելի է համաձայնել Վանոյի հետ կամ չհամաձայնել, թեկուզ այդ հարցազրույց առումով, սակայն երևույթներն ու իրադարձությունները գնահատելու՝ Վանոյի տաղանդն անուրանալի է:

Հատված Վանո Սիրադեղյանի հետ Նարինե Մկրտչյանի անտիպ հարցազրույցից, հունվար, 1992թ.

Հարց - ԽՍՀՄ հանրապետությունների գրեթե բոլոր ժողովրդավարական ուժերում նույն գործընթացն է. այդ ուժերը հիմնականում պառակտվում են: Ի՞նչ եք կարծում, դա օրինաչափությու՞նն է, ինչու՞ Հայաստանը, ինքնատիպ ուղի մշակելով հանդերձ, չկարողացավ խուսափել այդ պառակտումից:

Պատասխան-    Բոլոր դեմոկրատական շարժումները որևէ խթան ունեին, մերն Արցախն էր: Բայց արցախյան շարժումն այդպիսի թափ չէր ստանա, եթե Միության ժողովուրդների մեջ դեմոկրատիայի կարոտը, հակակոմունիստական կծկված, խեղդված ուժը չպոռթկար, արդարության և քաղաքակրթության ծարավը չլիներ: Բոլոր շարժումներն էլ դեմոկրատական ուղղվածություն ունեին, միայն թե տարբեր հանրապետություններում տարբեր բովանդակություն ընդունեց: 

Մերն առաջինն էր, և արցախյան շարժման համախմբվածությունը կարող էր ստեղծվել միայն ազգային հողի վրա: Բայց կրկնում եմ՝ մեր շարժումը թափ առավ ողջ Միության դեմոկրատական ուժերի ընդվզումից: Եվ դրա համար մերն ամենահզորն էր: Որքան էլ ազգային՝ մեր շարժումն իրականում պոռթկաց Արցախում  մարդու իրավունքների շարունակական ոտնահարման պոռթկումից: Հետագայում Շարժման ազգային բովանդակությունը չափազանցվեց: Հայաստանի՝ Արցախին սատարելու պատրաստակամության մեջ, իհարկե, ազգային երանգը շեշտված էր, բայց արցախցիների սկզբնական ընդվզման հենքը դեմոկրատական էր: Դա ավելի շատ ապստամբություն էր դեմոկրատիայի իրավունքների ոտնահարման դեմ, քան հակաադրբեջանական ընդվզում: Արցախի՝ իմ գնահատականն այսպիսին է: Բայց երբ Արցախին միացավ Հայաստանը, իրարից կտրված և իրար ձգտող ժողովրդի այս երկու հատվածների ոգու միացումից ծնվեց ազգային հուժկու շարժում: Դա ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պայթյուն էր ողջ ԽՍՀՄ-ի մակարդակով: Իսկ ազգային արժանապատվությանը միշտ էլ տեր է կանգնում ժողովրդի ամենադեմոկրատական մասը, և այդ պատճառով էր շարժումը դեմոկրատական:

Հարց -  Քանի որ մենք հարափոփոխ ժամանակներում ենք ապրում, ապա եղածը գնահատելու բացառիկ հնարավորություններ ենք հաճախ ունենում: Այս առումով չորս տարվա հեռավորությունից նայելով Շարժմանը՝ ի՞նչ եք կարծում, որոնք էին այն սխալները, որոնցից կարելի էր խուսափել, որոնք անխուսափելի էին Շարժման համար, և որո՞նք են իրական նվաճումները:

Պատասխան- Սխալնե՞րը… Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Արցախի և Հայաստանի միացման որոշումը սխալ էր, գուցեև՝ անխուսափելի սխալ: Այն մենք ընդունեցինք Արցախի և Հայաստանի ժողովրդի հայրենասիրական բարձր ալիքի վրա. դա այն եզակի դեպքն էր, երբ ոչ թե մենք, այլ ժողովուրդն էր մեզ կառավարում: Այդ որոշման պտուղները ապագայում երևի հնարավոր կլինի քաղել, բայց մենք առիթ տվեցինք մեզ կշտամբելու ագրեսիայի, հողային պահանջի մեջ, մինչդեռ Արցախի հարցը միշտ դիտել ենք որպես ժողովրդի ինքնորոշման իրավունք, ինչպիսին է և այսօր: Հիմնական սխալը դա էր:

Նվաճումները. եթե նախկին ԽՍՀՄ-ում մեծ կատակլիզմներ չլինեն՝ սա արդեն նվաճում է, քանի որ Արցախի ժողովուրդը երեք տարի ապստամբ վիճակում է և գալիք տասնամյակների համար ազգային ինքնագիտակցության բավականին պաշար է կուտակել և ցույց տվել Ադրբեջանին, որ ինքը կուլ չի գնա Նախիջևանի պես: Սա է Շարժման հիմնական նվաճումը, մնացած նվաճումները վերաբերում են Հայաստանին. դեմոկրատական կարգերի հաստատում, հողի սեփականաշնորհում և այլն:

Հարց-      Թեպետ ասում են, որ քաղաքական կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, ձեր կանխատեսումները Հայաստանի առաջիկա 1-2 տարվա համար: 
Պատասխան- Հայաստանում կատարվող փոփոխությունները մեծապես կախված են նախկին ԽՍՀՄ-ում կատարվող փոփոխություններից: Ես կարծում եմ՝ խաղաղ ճանապարհով ենք գնալու: Պատերազմի հավանականությունը քիչ է: Այս նոր ընկերակցությունը  ստեղծման ընթացքը հույս է ներշնչում, որն չնայած  Արցախում առանձին մարտերին՝ Հայաստանը կամրանա խաղաղ ճանապարհով: Բնականաբար, ամեն ինչ կախված է Ռուսաստանի քաղաքական կյանքից, ողջ աշխարհի բախտն է դրանից կախված: Ես Ելցինի և Արևմուտքի ճկուն քաղաքականության մեջ եմ տեսնում այդ խաղաղության երաշխիքները: Արևմուտքը գրեթե միշտ թերագնահատել է Ելցինին: Մինչդեռ նա  ճկուն և համառ դիվանագետ է: Նրա՝ քաղաքական իրադարձությունների արագ արձագանքելը ԽՍՀՄ-ը զերծ պահեց բազմաթիվ աղետներից: Թեպետ Ռուսաստանի մեծապետական շովինիստական թևը միշտ կուզենա վերադառնալ հնին, բայց հանրապետությունները դա թույլ չեն տա: Ես Հայաստանը տեսնում եմ այդ ընկերության մեջ: Մինչև հանրապետություններում վիճակի կայունանալը՝ արտասահմանի մեր հարևանները մեզ հետ հարաբերություններ հաստատելուց կխուսափեն շարունակ: Եվ նաև այդ պատճառով պետք չէ հույս փայփայել, թե կտրուկ միջոցներով Հայաստանը սովի չի մատնվի և ռազմական ներխուժման չի ենթարկվի, Արցախն էլ միշտ մեզ հետ: 

Հարց - Իսկ սեփական ուժերին ապավինելու՝ Շարժման կարևոր գաղափարը իրականանու՞մ է Հայաստանում:

Պատասխան - Մեր հանգամանքում սա նշանակում է՝ հույսը չկապել ռուսական բանակի հետ, միայն Վրաստանի հետ բարեկամանալու հետ և չմտածել, որ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատենք՝ կփրկվենք. այս երեք հանգամանքները միայն մեզ չեն փրկի: Որևէ պետության ատելության կամ սիրո հետ մեր հույսը չպետք է կապենք: Այլ հավասարակշռելով ամեն ինչ, հստակ վերլուծելով քաղաքական իրավիճակը՝ անել հնարավոր ճիշտ քաղաքական քայլը: Այսօր մեզ դա հաջողվում է:

Նարինե Մկրտչյան