Այն, ինչի մասին 44 օր պետք է հիշեցնել

Այն, ինչի մասին 44 օր պետք է հիշեցնել

Այս շաբաթ սեպտեմբերի 27-ի երկրորդ տարելիցն էր: 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ ՀՀ նախագահը խոսեց էքզիստենցիալ թեմաներից, ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ԱՄՆ դեսպանատունը զոհերի հիշատակման մասին հայտարարություն արեց, զոհվածների ծնողները գնացել էին Եռաբլուր՝ թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ այցելի: Երեւի մի քանի այլ ուշագրավ հայտարարություններ, քայլեր էլ եղան շաբաթվա ընթացքում, որոնց տեղյակ չեմ: Սակայն ամեն պարագայում պարզ է, որ ներկա աշխարհաքաղաքական տեղաշարժերի պահին, երբ 170 տարի Հայաստանի շուրջ սեղմված ռուս-թուրքական օղակը փշրվում է, ընթացիկ զարգացումները զբաղեցրել են բոլորին: 

Հիշենք, որ Հայաստանի շուրջ ռուս-թուրքական օղակը սկսել է սեղմվել 1853-56 թթ. Ղրիմի պատերազմից հետո: Երբ ֆրանս-անգլիական ռազմածովային ուժերը Սեւ ծովում համարյա մինչեւ վերջին նավաստին ոչնչացրին ռուսական նավատորմը, ռուսական արքունիքում գիտակցեցին, որ եվրոպական մեծ տերությունները ոչնչով չեն առարկում ռուս-թուրքական պատերազմներին, այդ ծիրում արվող այլեւայլ նվաճումներին, սակայն վճռականորեն կընդդիմանան, եթե ռուսները փորձեն Կոստանդնուպոլիսը գրավել ու Բոսֆոր-Դարդանելի նեղուցներով Միջերկրական ծով դուրս գան: Դրանից հետո ռուսաց արքունիքի հայացքն ուղղվեց Արեւմտյան Հայաստանի կողմը` մտմտալով հայ քրիստոնյաներին պաշտպանելու ցուցանակի ներքո Արեւմտյան Հայաստանի տարածքում ազդեցություն հաստատելու եւ Արեւմտյան Հայաստանը գրավելու կամ ինքնակամ Ռուսական կայսրությանը միացնելու ճանապարհով Միջերկրական ծով հասնելու մասին: 

Արդյունքում, 1856-ի Ղրիմի ճակատամարտով բացվեց մեր պատմության սեւագույն էջերից մեկը, որին մաս կազմեցին 1915-ի մայիսին օսմանյան կառավարության եւ խորհրդարանի կողմից ընդունված հայերի տեղահանման ժամանակավոր օրենքի (Temporary Law of Deportation- Tehchir Law) գործադրմամբ Արեւմտյան Հայաստանից մեկեւկես միլիոն հայության բռնի ու զանգվածային տեղահանությունը, այնուհետ դեպի Դեր-Զոր աքսորի ճանապարհներին հարյուր հազարավոր տեղահանվածերի սպանդը, որպես կանոն` քրդական հրոսակախմբերի հարձակումներից ու քրդերի ձեռամբ, դրանից հետո ցեղասպանությունը վերապրածների վերադարձը հայրենիք արգելափակելը Ռուսական կայսրության եւ նրան հաջորդած բոլշեւիկների կողմից` Սեւրի դաշնագրի վիժեցմամբ:
Այո, թուրքերի կազմակերպած տեղահանությունը, քրդերի կատարած զանգվածային սպանությունները եւ ռուսների կողմից Սեւրի դաշնագրի դեմ նյութված դավադրությունը, Աթաթուրքին զինելն ու Հայաստան ներխուժելը հանգեցրին նրան, որ Արեւմտյան Հայաստանի` Սեւ ծովից մինչեւ Միջերկրական ծով ձգվող տարածքները, որտեղ հայությունն ապրել է նվազագույնը 4 հազար տարի, եւ որի հետ որեւէ այլ ժողովուրդ այս երկրագնդի վրա առնչություն ու քաղաքակրթական կապ չունի (ներառյալ Հեռավոր Արեւելքից վարգով ու գազանություններով Փոքր Ասիա հասած թյուրքական կամ turchik ցեղախմբերը), այսօր Թուրքիայի տիրապետության ներքո են: Բայց դե, ինչպես չինական մի հնամենի ասացվածք է սովորեցնում` «Համբերություն ունեցիր եւ սպասիր գետի ափին, ջրի հոսանքը կբերի հակառակորդիդ դին»: Այսօր վերստին Ղրիմի թերակղզուց սկիզբ առած պատերազմ է, որ միանգամայն սպասելի է` ավարտվի Ղրիմից ռուսական պետության եւ զինուժի անվերադարձ արտաքսմամբ, եւ գետի հոսանքը բերում է Ռուսաստանի ռազմաքաղաքական դին: 

Ինչ տեկտոնական տեղաշարժեր էլ լինեն

Թեմայից փոքր-ինչ շեղվելով ասեմ, որ շատերին, ներառյալ ինձ, հետաքրքիր է, թե ինչպես է պատահել, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով 1991-ի սեպտեմբերին տեսնում եւ միջազգայնորեն բարձրաձայնում էր, որ «ԽՍՀՄ-ն այլեւս քաղաքական դիակ է», այսօր չի տեսնում Ռուսաստանի՝ ռազմաքաղաքական դիակ դառնալը: Տարիները նախագահի մտքի ուժն ու լո՞ւյսն են թուլացրել, թե՞ նրա մշտակա ու ամենակա զգուշավորությունն ու երկյուղները թույլ չեն տալիս իրականությունն ընդունել:  

Ինչեւէ, չինական հնամենի ասացվածքին վստահելով` պետք է հուսալ, որ ռազմաքաղաքական դիակի վերածվող Ռուսաստանը քանի դեռ վերջնականապես այդ հանգրվանին չի հասել,  միջուկային զենքով կամ այլ կերպ դիակի կվերածի եւ իր հետ կտանի նաեւ Թուրքիան: Դատելով Մոսկվայի հայտարարություններից՝ Կրեմլում դիտարկում են ՆԱՏՕ-ի դեմ միջուկային զենք գործադրելու տարբերակներ, ընդսմին, դատելով ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի` ինքնատիրապետումը կորցրած գրառումներից, Մոսկվայից ծրագրում են միջուկային զենքով հարվածել այնպես, որ ՆԱՏՕ-ն այն «կուլ տա»: Դրա համար մեկ երկիր ու տարբերակ կա` հարվածը պետք է հասցվի Թուրքիային: Նախագահներ Էրդողանն ու Պուտինն այնքան երկար են եղել անգլերեն նորահնար՝ bromance բառով կնքված հարաբերությունների մեջ, որ հազիվ թե որեւէ մեկը ցանկություն ունենա այդ հարաբերություններին միջամտել, ինչ է թե` մտերմությունը գժտության է վերափոխվել: Այլեւս չասած՝ եթե Պուտինը որոշի ի սեր ուղղափառ քրիստոնեության կամ սեփական փառասիրությունից դրդված ազատագրել Կոստանդնուպոլիսը (այն, ինչը ո՛չ Եկատերինա կայսրուհուն եւ Պոտյոմկինին, ո՛չ նրանց հաջորդներին չի հաջողվել), ապա ոչ միայն առհավետ պատմության մեջ կմնա, այլեւ գուցե ուղղափառ քրիստոնեության համար Կոնստանդինոս կայսրի կողքին դասվող սրբություն դառնա: 

Ապրենք եւ տեսնենք, թե այս պատմական ժամանակներն ինչ եզրափակում կունենան, ով ում ինչպես կհարվածի եւ ինչ զենքով, թեեւ ցանկալին, ինչ խոսք, այն է, որ զարգացումները միջուկային զենքի գործադրման չհասնեն: Իսկ այն, ինչ Հայաստանը պետք է անի ընթացող աշխարհաքաղաքական շրջադարձերի խորքին, ՀՀ նախկին նախագահներին Էջմիածին ուղարկելն է եւ առանց աղմուկի ու ցուցադրականության, սակայն որոշիչ քայլերով ԱՄՆ հովանավորության ներքո անցնելը:

Ընդ որում, կարելի է վստահ լինել՝ Ռուսաստանը դրան չի դիմադրելու. ըստ իս, Կրեմլից ձեւեր չէին թափում, երբ ասում էին, թե Փելոսիի այցը Հայաստան կողջունեն, եթե այն օգնի իրավիճակը լիցքաթափելուն: Իրականում այդպես էլ կա, որովհետեւ իրերի խորքում ԱՄՆ-ի` Միջերկրական ծով-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով աղեղով հաստատվելը ձեւավորվող նոր աշխարհաքաղաքական իրականությունում համընկնում է Ռուսաստանի կենսական շահերին:     Իսկ ԱՄՆ աջակցությունն ու հովանավորությունն ապահովելուց հետո պետք է ջանալ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի խաղաղապահ կամ թեկուզ դիտորդական մեխանիզմների գործադրմամբ ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունը երաշխավորել, որից հետո հնարավորինս արագ Եվրոպական միությանը եւ Արեւմուտքի մնացյալ հիմնարար կառույցներին ինտեգրվել: 

Ամեն պարագայում՝ արեւմտամետ, չեզոք, թե ռուսամետ, բոլորն էլ զգում են, որ 200-ամյա ռուսական ներկայությունը Հայաստանում մոտ է վերջանալուն, եւ ամենաէականը` ռուս-թուրքական օղակը Հայաստանի շուրջ ԱՄՆ-ի շնորհիվ ճեղքվում է: Այդուհանդերձ, որքան էլ այսօրվա քաղաքական ու ռազմաքաղաքական տեղաշարժերը դարակազմիկ են եւ զբաղեցնում են բոլորին, 44-օրյա պատերազմի տարելիցը չպետք է դրանից ստվերվի: 44-օրյա պատերազմի հիշատակումը չպետք է ստվերում մնա թե՛ այն պատճառով, որ մարդկային կորուստների ցավն է դեռ թարմ եւ անամոք, եւ թե՛ հատկապես այն պատճառով, որ պետության եւ ժողովրդի պարտքը 44-օրյա պատերազմում զոհվածների հանդեպ, Փաշինյանի անձեռահաս ու ապիկար իշխանություն երեսից, բայց նաեւ պետության ու հասարակության թերացման արդյունքում,  չի հատուցվել:
    
Որտե՞ղ են զոհերի հուշամատյանն ու հուշակոթողը

Եթե տեխնիկապես հնարավոր լիներ այս հարցը` «Որտե՞ղ են 44-օրյա պաերազմի զոհերի հուշամատյանն ու հուշակոթողը», ես ամեն օր թերթի էջերից կուղղեի Նիկոլ Փաշինյանին եւ իր անտերունչ կառավարությանը: Այնքան, մինչեւ նախ վիրտուալ հուշամատյան ստեղծեին, որտեղ 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անձնական էջերն ամփոփվեն, յուրաքանչյուրի անուն-ազգանվամբ, լուսանկարով, կենսագրությամբ, նրանց հիշատակին ասված խոսքերով, նվիրված բանաստեղծություններով եւ այլն: Ընդ որում՝ ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն, ֆրանսերեն, որպեսզի հայերենին տիրապետող կամ չտիրապետղ ցանկացած հայ, նաեւ օտարերկրացի աշխարհի որ ծայրից լինի, կարողանա այցելել այդ վիրտուալ հուշամատյան կայքը, թերթել նահատակների անձնական էջերը, նրանց թեկուզ հետմահու ծանոթանալ, ճանաչել, հիշել, գուցե նաեւ հարազատների հետ կապ հաստատել, նրանց մխիթարանքի խոսք ասել, որեւէ կերպ օժանդակել: 

Այնուհետ, ինչն ավելի կարեւոր է․ Երեւանի Բուսաբանական այգու հարեւանությամբ կառուցվող Կենաց պուրակի թեմայով ոչ թե պետք է անամոթաբար կառավարության շենքում խորհրդակցություն գումարել ու պուրակի լանդշաֆտային դիզայնի հարցերը քննարկել, այլ առաջին հերթին քննարկել ու որոշել, թե որտեղ, ինչ կերպ, ինչ ճարտարապետական լուծմամբ 44-օրյա պատերազմում զոհվածների, բոլոր զոհվածների` առանց բացառության, անուն-ազգանուն-հայրանունները փորագրվեն: Ինչպե՜ս կարելի է ամբողջ երկու տարի, ի սեր ձեւականության, զոհերի հիշատակից խոսել, փոխանակ որեւէ կերպ նրանց բոլորի անունները մեկտեղելու, փորագրել-արձանագրելով հավերժացնելու մասին մտածել:

Վիրտուալ հուշամատյանն ու անունների փորագրությամբ հուշակոթողը ոչ միայն զոհերի հիշատակին հարգանքի տուրք կլինեն եւ այն անթեղված կպահեն, այլեւ դրանից էլ կարեւոր մի խնդիր կլուծեն` ակնառու կհաստատեն զոհվածերի թիվը: Ինձ միշտ սարսափեցրել է այն, թե ինչ դյուրությամբ ու մոտավորությամբ են հայերը զոհերի թվեր հոլովում: 1992-94թթ. արցախյան պատերազմում այդպես էլ երբեւէ չհասկացվեց, թե հայկական կողմը որքան զոհ տվեց` երկո՞ւ հազար, թե՞ տասներկու: Երբեք ու ոչ ոք իրեն պարտավորված չզգաց՝ զոհերի թիվ ճշտելու եւ հանրային մտքի ու հիշողության մեջ միֆերի փոխարեն ճշմարտություն հաստատելու: Հիմա յուրաքանչյուրս ու բոլորս թույլ տանք, որ նույն հանցավոր ու անպատասխանատու վարքը շարունակվի՞: 

Ոչ, որեւէ պարագայում չի կարելի դա թույլ տալ: Որովհետեւ զոհերի հանդեպ բարձիթողի վերաբերմունքը, մի քանի հարյուրի ու հազարի տարբերությամբ թվեր շրջանառելը, ճշգրիտ թիվ հրապարակելուն հետամուտ չլինելը միայն նոր կորուստների դուռ են բացում: Եթե մարդիկ 1992-94թթ. պատերազմի իրական պատկերը, զոհերի թիվն իմանային, հնարավոր է շատ ավելի պատասխանատու վերաբերվեին իրականությանը: Այժմ էլ ինչի՞ է նման, երբ 44-օրյա պատերազմում ՊԲ-ն հրապարակում է 3 հազար 50 զոհի անուն, Նիկոլ Փաշինյանը ճառում է, թե զոհերի թիվը 3 հազար 600-ի կարգի է, ոմանք էլ, չգիտես՝ սրտի ցավով, թե բերկրանքով, 5 հազար թիվն են բարձրաձայնում: Գրողը տանի, Փաշինյանին ու իր կառավարությանը մի՞թե այդքան բարդ է գիտակցելը, որ զոհերը քանակ չեն, այլ՝ անուն-ազգանուններ, եւ մի՞թե այդքան բարդ է բոլոր զոհվածների անունները մեկտեղված մի աղբյուրում պաշտոնապես հրապարակելը: