«Իզմիրլյան» ու «Էրեբունի» ԲԿ-ները հրաժարվո՞ւմ են պետպատվերի շրջանակում ինսուլտ եւ քաղցկեղ բուժել

«Իզմիրլյան» ու «Էրեբունի» ԲԿ-ները հրաժարվո՞ւմ են պետպատվերի շրջանակում ինսուլտ եւ քաղցկեղ բուժել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայտնի օնկոլոգները խիստ քննադատության են ենթարկել հայտարարած ծրագիրը, որ քաղցկեղի բուժումը կատարվելու է պետպատվերի շրջանակում։ Ծրագրին մասնակցելուց հրաժարվել են «Էրեբունի» եւ «Իզմիրլյան» ԲԿ-ները։ 

Մեզ հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ դեռեւս դիրքորոշում չունեն․ «Մենք հլը չենք հրաժարվել, մենք դեռեւս քննարկում ենք համ նախարարության հետ, համ մեր ֆինանսիստների հետ, այսինքն՝ հստակ հրաժարվելու բան էլ չկա։ Եթե ես ունենայի պատասխանը՝ մենք կա՛մ կհրաժարվեինք, կա՛մ կհամաձայնեինք, մենք դեռ քննարկում ենք, մեր ֆինանսիստների հետ եւ մեր նախարարության գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե ոնց ենք դա իրագործելու։ Մենք պետք է հստակ պատկերացում ունենանք։ Դրա համար, դեռեւս, մենք դիրքորոշում չունենք»։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ արդեն հստակ պատասխան կարող են տալ այդ հարցին՝ կմասնակցեն ծրագրի՞ն, թե՞ ոչ։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչարյանն էլ այդ հարցը չմեկնաբանեց՝ ասելով՝ «No comment»․ «Դա մեր անձնական գործն ա»։

Հիշեցնենք, որ տարեսկզբին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ այսուհետ ինսուլտն ու քաղցկեղը բուժվելու են պետպատվերի շրջանակներում։

«Չարորակ նորագոյացությունների վիրահատությունները մինչեւ հիմա եւս եղել են պետպատվերի շրջանակում, բայց՝ համավճարով։ Այսինքն՝ շատ փոքր մասն է պետությունը վճարել, մնացածը վճարել են պացիենտները։ Այս տարվա բյուջեով նախատեսել ենք մոտ 700 մլն դրամի աճ ուռուցքաբանության համար, որի մեծ մասն ուղղվելու է հենց այդ համավճարը հանելուն։ Պացիենտները չեն վճարելու համավճար, բայց վիրահատությունները կատարվելու են միայն այն բուժհաստատություններում, որոնք բավարարելու են մեր դրած պահանջները, այսինքն՝ ունենալու են ուռուցքաբանության լիցենզիա։ Մյուս տարի կմտածենք նաեւ քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի վրայից հանելու համավճարը»,- հունվարի 24-ին, կառավարության նիստում, հայտարարել էր Արսեն Թորոսյանը։