Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը վրեժ է լուծում արձաններից

Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը վրեժ է լուծում արձաններից

Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են վանդալիզմի դեպքերը թե՛ Երեւանում, թե՛ Երեւանից դուրս․ օրեր առաջ Հրազդանի Ջրառատ թաղամասի Թուխ մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի Քրիստոսի արձանն էր ենթարկվել վանդալիզմի: Ապրիլի 13-ին անհայտ մեկը մուրճանման առարկայով վնասել էր Մաշտոցի պողոտայի եւ Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը: Իսկ Արաբկիր վարչական շրջանում էլ պոկել-գողացել էին Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տեղադրված Կոմիտասի դիմաքանդակը:

Ինչո՞վ է բացատրում հուշարձանների հանդեպ վանդալիզմի այսպիսի դինամիկան․ հուշարձանների ոլորտը համակարգած նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ հատուկ միտում կամ աճ այդ ուղղությամբ չի տեսնում․ «Գոնե Ազգալդյանի արձանը պղծողի դեպքում, ինչքանով հասկացա, անհավասարակշիռ մարդ էր, այսինքն՝ հատուկ որեւէ բան չեմ տեսնում, որովհետեւ ամեն հասարակություն ունենում է իր չարն ու բարին, իր անհավասարակշիռ ու հավասարակշռված քաղաքացին։ Ես չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մեկը վրեժ է լուծում արձաններից՝ լինի դա Նժդեհի արձանը, թե Ազգալդյանի»։

Սամուելյանն ընդգծում է՝ վանդալիզմի դեպքեր միշտ են եղել մեզանում։ «Տարիներ առաջ, երբ ես աշխատում էի մշակույթի նախարարությունում, պարբերաբար Այվազովսկու վրձինն էր գողացվում։ Նման բաներ միշտ լինում են, եւ դա կապ չունի քաղաքական իրավիճակի հետ, չեմ կարծում, որ տարիներ շարունակ ու անընդհատ Հրաչյա Աճառյանի կիսանդրին գողանալը հատուկ լեզվաբանության դեմ արշավ էր մեր ժողովրդի կողմից»,-ասում է նա ու ցավով արձանագրում, որ վանդալիզմի նման դեպքերի հանդեպ բոլոր ժամանակներում պետությունը շատ նվազագույն տուգանք է սահմանում․ «Ինչքան գիտեմ, Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին հուշարձանների ցանկում չէ, եւ, ըստ այդմ, տուգանքի չափն էլ շատ քիչ կլինի։ Ցավոք, ոչ մի կառավարություն ոչ մի անգամ այդ ռիսկը չունեցավ՝ բարձրացնել տուգանքի չափը։ Հիմա լավ չեմ հիշում, թե մինիմալ աշխատավարձի քանի պատիկն էր այն կազմում, բայց անում էր մոտ 200-400 հազարի չափ գումար, 2-րդ անգամ վնասելու դեպքում՝ ավելի շատ, 3-րդ անգամի դեպքում՝ քրեական հետապնդում»։  

Ի դեպ, Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին վնասած 58-ամյա տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել էր, սակայն, քանի որ ընդունել էր մեղքը, ազատ էր արձակվել։ Գործն այս պահին նախաքննության փուլում է եւ դեռեւս դատարան չի ուղարկվել։