Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 27

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 27

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։  Օր քսանութերորդ՝ ապրիլի 27:

2018թ․ ապրիլի 27

Դեռ տոնվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նոր վարչապետի ընտրության օրը մայիսի 1-ն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. «Հայ ժողովրդի հաղթանակը արձանագրելով՝ ասում եմ, որ այս ժողովուրդն այլեւս երբեք չի պարտվելու: Որեւէ կասկած չկա, որ այս հզոր ժողովուրդը հաղթելու է ղարաբաղյան հակամարտությունը, հաղթելու է կոռուպցիան, աղքատությունը, դադարեցնելու է դեպի արտերկիր իր քայլարշավը եւ դառնալու է իր անզուգական հայրենիք»: Իրականության մեջ եղավ ճիշտ հակառակը: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ պետք է հրապարակել Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հեռախոսահամարները, տան հասցեները, որպեսզի նրանց ընտրողները՝ ժողովուրդը, կարողանա կապ հաստատել իր պատգամավորի հետ եւ հրապարակավ հայտնել իր դիրքորոշումը։ «Ես հույս ունեմ, որ այսօրվա կամ վաղվա ընթացքում կհրապարակվեն նրանց հեռախոսահամարները, ինչու չէ՝ նաեւ հասցեները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան զրուցել իրենց պատգամավորների հետ»։ Եվ սկսվեցին տեռորն ու հալածանքը օրենսդիրների նկատմամբ, նրանց պարտադրեցին իրենց կամքին ու գաղափարներին խորթ քայլեր անել եւ, մասնավորապես, ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Տարիներ անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն օրինական ճանապարհով է եկել իշխանության։ Իրականության մեջ մարդիկ սեռական հայհոյանքներ ու սպառնալիքներ էին հղում հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներին ու նրանց մերձավորներին, սգո պսակներ էին տեղադրում նրանց տների մոտ, փողոցում հանդիպելիս քաշքշում էին: Բռնության մթնոլորտը պատել էր երկիրը։

Լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Հանրապետականը պատրաստ է Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը եւ կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո՝ 2019 թվականի գարնանը։ Վարկած կա, որ ՀՀԿ-ում համոզված էին, որ մեկ տարում Փաշինյանը, չկարողանալով որեւէ ռեալ փոփոխություն իրականացնել երկրում, կկորցնի փողոց ելած մասսայի վստահությունը, կհիասթափեցնի նրանց եւ ընտրություններում չի կարողանա հաղթել։ Սա գիտեին նաեւ Նիկոլ Փաշինյանի թիմում, ուստի ընտրությունն արագացրին եւ նույն շանտաժով ու տեռորով այն նշանակեցին դեկտեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետի աթոռին նստելուց 7 ամիս անց: 

2019թ․ ապրիլի 27

Առաջին անգամ նշվում է քաղաքացու օրը: Նիկոլ Փաշինյանի պայքարի ընկեր Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ Հայաստանի դպրոցներում ամեն տարի 15 միլիոն դրամի Սերժ Սարգսյանի նկար են «ճպպացրել»: Իսկ երբ սկսեցին Նիկոլ Փաշինյանի նկարները փակցվել, Լեւոն Բարսեղյանը լռում էր: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Հիմա իշխանության հանդեպ հանրային մեծ վստահություն կա, ինչը կարեւոր է անվտանգության ապահովման համար: Եթե մեր երկիրը վտանգի կամ պատերազմի առաջ կանգնի, այդ վստահությունն օգնելու է, որպեսզի հանրությունն ավելի կազմակերպված լինի: Այդպես ավելի արագ կարձագանքենք ցանկացած խնդրի»: Մեկ տարի անց պատերազմ եղավ, եւ պարզվեց, որ վստահությունը չի օգնում անվտանգության ապահովմանը, ճիշտ հակառակը՝ վստահություն վայելող իշխանությունը զրոյական մակարդակի հասցրեց մեր պաշտպանությունն ու ձախողեց անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր գործընթացները:

2020թ․ ապրիլի 27

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովին ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թ․ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Օմբուդսմենը խոսեց նաեւ ատելության մթնոլորտի, համացանցում վիրավորանքների մասին. «Վիճակը մտահոգիչ է: Կեղծ օգտատերերից եւ կեղծ խմբերից եկող տարբեր ագրեսիան մեծ է: Չկա գրեթե առողջ քննարկում որեւէ հարցի վերաբերյալ: Անգամ եթե երկու տեսակետ է քննվում, մի խմբին նայում ես՝ վիրավորում, հայհոյում են մյուս խմբին, մյուս խմբին ես նայում՝ վիրավորում ու հայհոյում են մյուս խմբին: Տպավորություն է, որ մարդիկ, խմբերի բաժանված, ինչ-որ բանի են մասնակցում»: Նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայհոյախոսությամբ աչքի ընկավ՝ «վնգստացող դատավորներ» եզրույթը դնելով շրջանառության մեջ:

2021թ․ ապրիլի 27

Օրեր առաջ Սյունիքի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ասպատակություններ էին արձանագրվել՝ անասուններ էին գողացել, մարդկանց ծեծել-ահաբեկել: Սյունեցի թավշյա պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկում է դրան նորմալ նայել. «Բնական է, որ նմանօրինակ միջադեպեր կարող են հանդիպել, այնպես չէ, որ մեր հարեւանը Շվեյցարիան է»: Նա չի խոսում Հայաստանի պետական օղակների անգործության մասին, բայց պնդում է, որ սահմանի ամբողջ երկայնքով տեխնիկական միջոցներ, փշալարեր, տեսահսկման սարքեր են տեղադրվում, թե երբ կավարտեն ողջ երկայնքով կահավորումը՝ պարզ չէ: Սա պարզ սուտ էր, սահմանը կահավորված չէ մինչ օրս:

2022թ․ ապրիլի 27

Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, ասում է․ «Ես այնքան էլ միամիտ չեմ, որ հավատամ, թե դատախազը կատարելու է իմ պահանջները ու ձերբակալի Փաշինյանին։ Ուղղակի ուզում եմ ժողովրդին ցույց տալ, որ հույսը միայն դուք եք, ինքներդ ձեր վրա հույս դրեք, դուք պիտի դուրս գաք փողոց ու ոտքի ելնեք, դրանից հետո այս իշխանությունը կվերանա։ ՀՀ-ն պիտի ունենա իսկապես ազգային իշխանություն։ Ծնողներս, որոնք դուրս էինք եկել, մեր տղաներին վարչապետ կոչեցյալը կանխամտածված սպանել է, ինքը հենց Ազգային ժողովում ինքնախոստովանություն է արել»։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ