Ո՞ւմ բանկային հաշիվը պարարտացրեց պարարտանյութի սուբսիդավորումը 

Ո՞ւմ բանկային հաշիվը պարարտացրեց պարարտանյութի սուբսիդավորումը 

Կառավարության 2022 թվականի մարտի 3-ի նիստում որոշում կայացվեց սուբսիդավորել գյուղացիների կողմից պարարտանյութի ձեռքբերումը: «Ծրագիրն իրականացվելու է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով»,- ասվում է կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման մասին պատմող տեքստում:

Կառավարության որոշման մեջ ասվում է նաեւ, որ «շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր ձեռք են բերելու միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից»։ Սա արդեն կոռուպցիոն մեծ ռիսկ է պարունակում, քանի որ ստացվում է, որ կառավարությունը, ի դեմս էկոնոմիկայի նախարարության, պետք է որոշի, թե ում պետք է բաժին հասնի այդ 9 հազար դրամը:

Արմավիրի մարզում պարարտանյութը գյուղացիներին հասավ 12 հազար դրամով:
Կառավարության այս որոշումը բավական ուրախացրել էր գյուղացիներին, քանի որ անցյալ տարի պարարտանյութի գինը 7 հազար դրամ էր՝ մեկ պարկի համար, իսկ այս տարվա սկզբից այն միանգամից բարձրացավ մինչեւ 20 հազար դրամ, եւ շատերը կառավարության կայացրած որոշումն ընդունեցին որպես փրկություն, չնայած որ անցած տարվա համեմատ ստիպված էին լինելու վճարել 5 հազար դրամ ավելի:

Յուրաքանչյուր փոքր գյուղացիական տնտեսություն տարեկան օգտագործում է միջինը 20-30 պարկ պարարտանյութ: Իշխանության ազդեցության տակ գտնվող հեռուստատեսությունն ու մամուլի մյուս միջոցները երեք-չորս ամիս շարունակ խոսում էին այն մասին, որ պարարտանյութը թանկացել է ամբողջ աշխարհում, որ նույնիսկ ամերիկյան ու եվրոպական ֆերմերներն են նեղվում պարարտանյութերի բարձր գներից, եւ, ահա, Հայաստանի ազգընտիր ու ազգափրկիչ կառավարությունը, գյուղացիների համար այս օրհասական պահին, օգնության է հասնում հայ գյուղացիներին: Նույն՝ մարտի 3-ի կառավարության նիստի մասին պատմող նյութում  այս փրկության տեսարանը նկարագրվում է այսպես. «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ տարվա սկզբից պարարտանյութերի շուկայում կտրուկ՝ 2.5-3 անգամ գնաճ է գրանցվել:

Ըստ նախարարի՝ փոքր ֆերմերները հայտնվել են խոցելի պայմաններում, եւ որոշվել է հանդես գալ նրանց աջակցելու ծրագրով: Վահան Քերոբյանը գյուղացիներին կոչ է արել՝ հնարավորինս շատ հողեր մշակել, քանի որ ակնկալվում է պարենային անվտանգության մարտահրավեր»:

Երկու օր առաջ Վրաստանի Մառնեուլիի շրջանի ագրոքիմիայի վաճառքով զբաղվող խանութներից մեկի վաճառողից հարցրի, թե ինչ արժե մեկ պարկ վրացական ազոտական պարարտանյութն իրենց խանութում: Այն նույն ազոտական պարարտանյութը, որը կառավարության սուբսիդավորումը ստացած մատակարարների կողմից վաճառվել է հայ գյուղացիներին: Ես անկեղծորեն չզարմացա, որ պարարտանյութի մանրածախ վաճառքի գինը մոտ 10 հազար դրամ էր՝ 65 վրացական լարի: Չզարմացա, որովհետեւ գիտեի, որ պարարտանյութը թանկացել է 30-40 տոկոսով, բայց ոչ Հայաստանի նման՝ 3 անգամ: Վրաստանում պարարտանյութի գնից պարզ էր, որ հայ գյուղացիներին պարարտանյութը վաճառվել է 2 հազար դրամ թանկ այն գնից, որով կարող են գնել վրացի գյուղացիները, եւ դա այն դեպքում, երբ միայն Հայաստանի կառավարությունն է իր բացառիկ որոշմամբ  սուբսիդավորել պարարտանյութի գնի 50 տոկոսը: 

Իհարկե, Հայաստանում պարարտանյութը պետք է ավելի թանկ լինի, քան այն արտադրող երկրում, քանի որ Հայաստանում դրա գնի մեջ մտնում են նաեւ տեղափոխման ծախսը եւ մատակարարների կողմից վճարվող հարկերը: Բայց նույնիսկ այդ ծախսերը հաշվելով՝ պարարտանյութի շուկայական գինը Հայաստանում չի կարող բարձր լինել 13-14 հազար դրամից, բայց ոչ մի դեպքում կրկնակի ավելի թանկ, քան Վրաստանում: Իսկ եթե պարարտանյութի շուկայական գինը Հայաստանում լիներ 14 հազար դրամ, իսկ կառավարությունը սուբսիդավորեր դրա 9 հազարը, ապա պարարտանյութը գյուղացիներին կհասներ 5 հազար դրամ՝ մեկ պարկի դիմաց գնով, բայց ո՛չ երբեք 12 հազարով: Սուբսիդավորված գումարի առնվազն 9 հազարը, եթե ոչ ամբողջը, գնացել է այլ տեղ, բաժին է հասել այլ մարդու:

Մենք փորձեցինք հասանելի աղբյուրներից պարզել, թե քանի միլիարդ դրամ գումար է կառավարությունը ծախսել պարարտանյութի սուբսիդավորման համար, սակայն որեւէ տեղ նման տվյալ հնարավոր չեղավ գտնել: Հայաստանում կա 350 հազար գյուղացիական տնտեսություն: Ցավոք, դրանց մի մասն այնքան աղքատ է, որ այդպես էլ հնարավորություն չի ունեցել օգտվել կառավարության «օգնության» այս բացառիկ ծրագրից: Բայց եթե հաշվենք, որ ծրագրից օգտվել է հայ գյուղացիների նույնիսկ 30 տոկոսը, ապա ինչ-որ մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ է պետբյուջեից սեփականացրել, գողացել, յուրացրել, ով ոնց ուզում է, թող հասկանա՝ հայ գյուղացիներին փրկելու, օգնելու, երկրի պարենային անվտանգությունն ապահովելու անվան տակ: 
Եվ այս ծրագիրը մշակվել ու իրականացվել է շատ հետեւողականորեն, ամիսների լուրջ աշխատանքի արդյունքում:

Նախ՝ Հայաստանում արհեստականորեն բարձրացվել են պարարտանյութի մանրածախ վաճառքի գները, որը կարող էր արվել միայն ներմուծողների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու եւ այս ապրանքի շուկայում մրցակցությունն իսպառ բացառելու պայմաններում։ Հետո, արդեն երբ գյուղացիները հարմարվել են 20 հազար դրամ գնին, կառավարությունն իրականացրել է փրկության ծրագիրը եւ, այսպես կոչված, սուբսիդավորել պարարտանյութի ձեռքբերումը, այն էլ՝ իր կողմից հաստատված մատակարարների կողմից: 

Դժվար է ասել, թե հայ գյուղացիներն ինչպիսի եկամուտ կստանան այդ աստղաբաշխական գներով ձեռք բերված պարարտանյութից, որովհետեւ դեռ պարզ չէ, թե ինչպիսի բնակլիմայական եւ այլ մարտահրավերների նրանք կբախվեն, ինչպիսին կլինի նրանց աճեցրած բերքի գինը, եւ կկարողանա՞ն այն իրացնել, թե՞ ոչ։ Բայց որ ինչ-որ մեկը հենց սկզբից ու առանց որեւէ գործարար ռիսկի, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու բերումով իրեն տրված հնարավորությամբ մի ստորագրության միջոցով մի քանի տասնյակ միլիոն գումար ավելացրեց իր արտասահմանյան բանկային հաշվին, ակնհայտ է: Մի մարդուց, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պոպուլիզմի ու դեմագոգիայի միջոցով հարստանալուն, անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ կարգավիճակից, այլ բան սպասել չէր էլ կարելի:

Ավետիս Բաբաջանյան