Պուտինն ընտրեց դեմարշի ամենամեղմ տարբերակը, դիվանագիտական սառույցը հալվեց

Պուտինն ընտրեց դեմարշի ամենամեղմ տարբերակը, դիվանագիտական սառույցը հալվեց

Ամիսներ շարունակ պահպանվում էր ինտրիգը՝ Վլադիմիր Պուտինի Երեւան գալ-չգալու, այստեղ քանի ժամ մնալու եւ վերջապես ՀՀ 2-րդ նախագահի հետ հնարավոր հանդիպման հետ կապված։ Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես օրեր առաջ կանխատեսել էր «Հրապարակը»՝ Պուտինը եկավ մի քանի ժամով, մասնակցեց խորհրդի աշխատանքներին, հանդիպում ունեցավ Փաշինյանի հետ, ով փայլուն որակելով ՌԴ նախագահի հետ իր զրույցը՝ գրեց․ «Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»: Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին ԵԱՏՄ-ում նախագահող երկրի վարչապետին շնորհավորեց գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: «Դրանք իսկապես լավն են ե՛ւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, ե՛ւ, որ ավելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը՝ կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջեւ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաեւ շնորհակալություն հայտնել»,- ասել է նա։ Թվում էր՝ ինտրիգ չէր լինելու, բայց Պուտինի  մեկնելուց հետո հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Մինչ վարչապետի խոսնակը կասկածում էր նման հանդիպմանը, պաշտոնական Կրեմլը հաստատեց դա։ 

Ինչի՞ մասին էր Պուտինի հանդիպումը Բելլա Քոչարյանի հետ, եւ արդյոք այն կարելի՞ է ընկալել որպես դեմարշ եւ միջամտություն Հայաստանի ներքին գործերին։ Վերլուծաբան Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ դեմարշ էր, բայց բոլոր հնարավոր ձեւերից, ըստ նրա, ընտրված էր ամենամեղմը։ «Այդ հանդիպումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ Պուտինը շարունակում է իր աջակցությունը ցույց տալ։ Էլ ի՜նչ պետք է աներ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ տարբեր վարկածներ կային, թե էս հարցի շուրջ ինչ վերաբերմունք կարող է ցույց տալ Պուտինը․ չի գալու, Մեդվեդեւն է գալու, կամ գալու է՝ բանտում է հանդիպելու։ Հիմա այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է արձանագրել, որ այս քայլը՝ ՌԴ դեսպանատան ներսում՝ իր տարածքում, ամենանվազագույնն էր, որ ե՛ւ դեմարշ լիներ, ե՛ւ նաեւ ամենամեղմ տարբերակ ընկալվեր, որովհետեւ մենք գիտենք, չէ՞, թե Ռուսաստանը երբեմն ինչպես կարող է վարվել, երբ որոշում է կոշտ գործել»: Հակոբյանն ասում է, որ դեմարշ էր, որովհետեւ Պուտինը շատ լավ հասկանում է, թե Քոչարյանի «նստելու» թեման ինչ զգայուն է այսօրվա իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար, բայց, այնուամենայնիվ, հանդիպում է Բելլա Քոչարյանին։

Առավել կոշտ կլիներ, եթե Քոչարյանի հետ հանդիպեր բանտում կամ հիվանդանոցում։ Այսինքն՝ ընտրված տարբերակը, իմաստային առումով, նույն մեխին է խփում, բայց մեթոդոլոգիայի առումով ավելի փափուկ դիվանագիտական է։ Հարցին, թե, այնուամենայնիվ, սա վիրավորանք չէ՞ր ՀՀ իշխանությունների համար եւ միջամտություն ՀՀ ներքին գործերին, Վիգեն Հակոբյանը պատասխանեց՝ երեւի թե տհաճ քայլ է իշխանությունների համար։ Ինչ վերաբերում է ՀՀ ներքին գործերին միջամտելուն, ռուսական կողմի բացատրությունը թերեւս այն է, որ «Քոչարյանն իմ ընկերն է, ես հանդիպում եմ իմ ընկերոջ կնոջ հետ»։

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը Երեւանի ուղղությամբ դեմարշի մասին հարցին ի պատասխան ասաց․ «Իսկ ինչ-որ մեկը նրան արգելե՞լ էր դա անել»։ Բայց Պուտինը, շատերի տպավորությամբ, նպատակ էր հետապնդում ցույց տալու, որ դժգոհ է Քոչարյանի կալանավորումից, ասաց, թե նա բազմիցս եւ հրապարակային ասել է այդ մասին։ «Բաց տեքստով։ Եվ տարօրինակ կլիներ, որ չհանդիպեր Քոչարյանի կնոջ հետ։ Այնպես որ, սա նախկին դիրքորոշման բնականոն շարունակությունն է»,-ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ այդ ե՞րբ է Պուտինը հրապարակայնորեն դա ի ցույց դրել։ Պատասխանեց․ «Իր դիրքորոշումը նա արտահայտում էր Քոչարյանին շնորհավորելով։  Սա անձնական ուղերձներ են․ ոչ թե մամուլի քարտուղարի միջոցով, այլ՝ անձամբ իր»։ Ինչ վերաբերում է ոգեւորությանը, որ, այնուամենայնիվ, Պուտինը եկավ Երեւան, ապա Կոլերովն ասում է․ «Նա եկավ՝ Եվրասիական  միության անդամ երկրների ղեկավարներին հարգելով»։

Հայաստացի քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ այս առնչությամբ կարծում է․ «Ոչ, սա դեմարշ չեմ համարում, սա համարում եմ նորմալ մարդկային քայլ, որի մեջ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, ոչ էլ պետք է շահարկել»։ Ինչ վերաբերում է գնահատականներին, որ երեկ առաջին անգամ արժանապատիվ կեցվածք դրսեւորվեց, եւ ինքնաթիռի «տրապի տակից» չդիմավորեց ՀՀ ղեկավարը Ռուսաստանի առաջին դեմքին,  Բաղդասարյանն ասում է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովը շատ ավելի կարեւոր բաներ ուներ, քան այդ դետալները։ «Սովորական արարողակարգային բան է, եթե չդիմավորեր մյուս ղեկավարներին, չպետք է դիմավորեր նաեւ ՌԴ նախագահին, որովհետեւ սխալ կհասկացվեր։ Եվ նորմալ եմ համարում, որ բոլորին նույն ձեւով դիմավորեցին, եւ նորմալ եմ համարում, որ առանձնահատուկ վերաբերմունք ցույց տրվեց արդեն ճանապարհելուց, երբ առաջին դեմքը գնաց առաջին դեմքին ճանապարհելու»։

Սակայն նշենք նաեւ, որ եվրասիական այս միջոցառումներից շարքային հայաստանցիներին ամենահետաքրքրող արդյունքը կլիներ գազի սակագնի վերաբերյալ հստակեցումը, ինչը չեղավ։ Հայտարարվեց, որ «Գազպրոմի» ու Հայաստանի կառավարության միջեւ բանակցությունները շարունակվում են։ Չմոռանանք, որ տնտեսաքաղաքական նման հարցերը, որպես կանոն, հենց առաջին դեմքերի մասնակցությամբ հանդիպումներում են քննարկվում, ինչի մասին հենց տեղում բարձրաձայնվում է։