Զարզանդ Գրիգորյանը չորրորդ անգամ ուզում է գյուղապետ դառնալ

Զարզանդ Գրիգորյանը չորրորդ անգամ ուզում է գյուղապետ դառնալ
Զարզանդ Գրիգորյան

Գրեթե մեկ շաբաթ է՝ արշալույսցիներն «օկուպացրել» են գյուղապետարանը՝ արգելելով համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին եւ աշխատակազմին մտնել վարչական շենք: Գրիգորյանի հրաժարականը պահանջող արշալույսցիները բողոքի այս ձեւը հատուկ են ընտրել՝ համայնքի աշխատանքները կաթվածահար անելու համար:

«Գյուղապետարանը բացելով է գյուղի կյանքը կաթվածահար լինում»,- ասաց Հաբեթ Արամյանը: Ըստ նրա՝ գյուղապետը վարչական լծակներն օգտագործում է՝ իր դեմ բողոքողների «հախից գալու» համար: «Իր հրաժարականը պահանջող ու ստորագրահավաք կազմակերպողներիս նկատմամբ ճնշումներ է գործադրում»,- ասաց Հաբեթը։

Արշալույսում բողոքի ակցիաների հերթական ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ համայնքի ղեկավարն իր հրաժարականը պահանջողներից սկսեց տարիներով կուտակված հարկերն ու գոյացած տույժերը պահանջել:

Առաջինը «հարվածի» տակ ընկավ նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի որդին, որը, ըստ Զարզանդ Գրիգորյանի, իրենից պահանջել է չեղարկել հարկն ու տույժը: «Հիմա էս երկրում ո՞վ ա հարկ տալիս, որ ես տամ: Էդ թղթերը վերացրա՝ պարտք ու պահանջից պրծնենք»,- համագյուղացու հետ զրույցից հատված փոխանցեց գյուղապետը:

Ըստ նրա, երբ ինքը մերժել է, նախկին գյուղապետի որդին՝ Սերոբը, հայտարարել է, որ փակելու է գյուղապետարանը:

Զարզանդ Գրիգորյանը վստահ է, որ վարչական շենքը փակելու գաղափարը տվել է Նազիկ Ամիրյանը՝ Մանվել Գրիգորյանի կինը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի եւ նրա եղբոր ընտանիքների միջեւ վաղեմի թշնամություն կա։ «Իմացել եմ, որ մի քանի օր առաջ իմ նախորդը՝ Գրիգոր Գրիգորյանը, գնացել ա Նազիկի մոտ ու բողոքել: Նա էլ հրահանգել ա գյուղապետարանի շենքը փակեն, որ չկարողանանք աշխատել»,- ասաց Զարզանդ Գրիգորյանը:

Վկայակոչելով հարեւան գյուղերին, որոնց ղեկավարները բնակիչներից հարկեր չեն պահանջում, Արմեն Շահբազյանն ասաց. «Էդ օրենքը մենակ մեր գյուղի համա՞ր ա գործում: Ուզում եմ ջերմոց կառուցեմ՝ հազար ու մի թուղթ են պահանջում»: Մեկ ուրիշի կարծիքով էլ՝ Գրիգորյանն օրենքի պահանջն է կատարում, բայց թե ինչու հիմա, երբ կրքերն այդքան լարված են, չի հասկանում:
«Ճիշտ ա՝ օրենքով ա պահանջում, բայց էդ օրենքով կարար 10 տարի առաջ պահանջեր ու մեզ էսքան չճնշեր: Ինչի՞ նույնը չի անում իր կողմնակիցների նկատմամբ: 10 տարի գյուղապետ ա եղել, նո՞ր ա հիշում, որ ինչ-որ մեկի ջերմոցի պատը 10 սմ էս կողմ ա, ու պիտի էդ մարդու ջերմոցը քանդվի, տնտեսությունը տուժի»,- ասաց Հաբեթ Արամյանը:

Ստացվում է՝ քանի դեռ համայնքի ղեկավարը թերանում է իր լիազորություններում, բնակչի ընկերն ու բարեկամն է, իսկ երբ սկսում է աշխատել օրենքով սահմանված կարգով, դառնում է թշնամին: Սա արտահայտված է հատկապես գյուղական համայնքներում, որտեղ ղեկավար է ընտրվում մեծ շրջապատ ունեցողը: Իսկ շրջապատի ակնկալիքը նախեւառաջ ստվերում գործելու արտոնությունն է: 

Ինչ վերաբերում է Զարզանդ Գրիգորյանին, նրա դեմ բազմաթիվ բողոքներ կան, որոնցով իրավապահ մարմինները դեռ զբաղվում են: 2018-ի հուլիսին նա նույնիսկ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում էր գրել՝ նշելով, որ կհեռանա արձակուրդից վերադառնալուց հետո:

«Խորհրդատուներ ունի, որոնք թույլ չեն տվել վաղաժամկետ գնա: Ասել են՝ քանի դեռ կոնկրետ փաստերով որեւէ բան ապացուցված չէ, քեզ կպնել չեն կարող, նույնիսկ եթե գյուղի կեսը միանա ստորագրահավաքին»,- ասացին իրազեկները:

Իսկ Զարզանդ Գրիգորյանը ոչ միայն հրաժարական չի տալու, այլեւ պատրաստվելու է հաջորդ ընտրությանը, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին: «Առաջադրվելու եմ, 70 տոկոսով էլ հաղթելու եմ: Երեք անգամ կրել եմ, չորրորդն էլ եմ կրելու»,- ասել է նա: