Կուրտ Թուխոլսկի․ Վերարկուն

Կուրտ Թուխոլսկի․ Վերարկուն

Տրամվայում՝ իմ դիմաց, մի կին էր նստած՝ հագին գորշագույն հաստ վերարկու: Վերարկուն տեղ-տեղ մաշված էր. որոշ հատվածներում նկատելիորեն մուգ էր, որոշ հատվածներում՝ ավելի բաց: Այն այլեւս չէր կարելի նորաձեւ համարել: Եվ նախքան մենք նստած էինք դեմառդեմ, ես մտածում էի՝ որտեղ եմ նախկինում տեսել այդ վերարկուն:

Ծանոթ հնամաշ վերարկու: Որտե՞ղ ես դու եղել նախկինում: Գուցե Ֆլանդրիայում են կրել քեզ՝  կավի ու ցեխի մեջ, անձրեւային գորշ օրերին եւ երկար մութ գիշերներին փոստը ստուգելիս, հնարավոր է՝ նաեւ Լեհաստանում կամ Ռումինիայում: Դու հպվել ես մարդկանց գլուխներին, որոնք քո մեջ պատսպարված են եղել, ասենք, ինչ-որ դիմում ներկայացնելիս, եւ կարգով քայլել ես բազմահազար վերջույթավոր այլ վերարկուների հետ «Ձերդ մեծության» կողքով, եւ նրան ուրախություն է պատճառել այն, թե վերարկուների ինչքան մեծ բանակ կա: Մարդիկ չեն նկատել, որ դու ճնշված եւ ընկճված ես եղել: Եվ իբրեւ կցորդ՝ ռազմական արշավանքի ժամանակ ուղեկցել է քեզ մի տարաբախտ մարդ, որն այնպես է կարոտել-տենչացել իր տունը, հանգիստ է փափագել եւ, վերջապես՝ ցանկացել է կրկին մոր կողքին ուղղակի նստել: Ո՞վ է քո մեջ քողարկված եղել, վերարկո՛ւ: Նա, հավանաբար, ծույլ ու ալարկոտ չի եղել, բայց ռազմաճակատը նրան չի դաշունահարել:

Համենայնդեպս, նա տղամարդ է եղել:

Դու լավ տեսք ես ունեցել, ծանո՛թ վերարկու: Դու գուցե չգիտես, բայց ինչ-որ չափով մի զինվորի իդեալ ես եղել: Եվ վերջապես, եթե խորը մտածես, դրսում վերարկուների բանակն ավելի մեծ է, քան ներսում: Փոքրիկ սենյակներում լավ խնամված, հերթով շարված ու հոգատարությամբ պահված վերարկուներ կան: Ու մարդիկ իրավացի էին, իրավացի՝ ինչպես զոհված երիտասարդները Լանգեմարկում…

Հարազա՛տ հնամաշ վերարկու, դու արդեն ամեն բան տեսել ես՝ վայրագություններ եւ նեղություն, սով եւ արյուն, հոգեվարք եւ պայծառ սպաներ, հարմարավետ վագոններ, զորահանդեսներ եւ սո՛ւտ, սո՛ւտ, սո՜ւտ…: Դու աշխարհով մեկ թափառել ես, ու հիմա երեւի քեզ կրում է նրա (ինչ-որ մի զինվորի) կինը կամ քույրը՝ փորձելով քո նուրբ ու հնամաշ կտորով տաքանալ: Պատերազմական տարինե՜րը, այս պատերազմական տարիները յոթնապատիկ են համարվում. ուրեմն, դու արդեն երեսուն տարվա ես: Հանգստացի՛ր, դու շատ ես տանջվել: Տեսել ես՝ ինչպես է մի ամբողջ ժողովուրդ կործանվում, որովհետեւ տասնչորս միլիոն վերարկու դրսում է եւ առանց գլխի: Այդ դեպքում, ասա՛ ինձ, ինչո՞ւ է ծեր պրուսացուն գլուխ պետք:

Մնաս բարո՜վ, արդեն հարազա՜տ ու մաշվա՜ծ վերարկու:

Գերմաներենից թարգմանեց Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ