Վիլյամ Սարոյան․ Պատահական հանդիպումներ․ Նովել N 9

Վիլյամ Սարոյան․ Պատահական հանդիպումներ․ Նովել N 9

Երբեւէ իմացե՞լ եմ այնպիսի մեկին, որին իմանալն իսկապես հաճելի է ինձ։ Դե, ոչ։ Եվ հետաքրքիր է՝ արդյոք գոյություն ունի՞ այդպիսի մեկը, մշտապես։ 

Իմ դուստրը, սակայն, մինչ իր 16 տարեկանը եւ հատկապես մինչ իր վեց տարեկանը, ամեն օր լիովին հիացնում էր ինձ իր գեղեցկության եւ քաղցր անկեղծության պարզությամբ։

Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ եւ փորձել բացատրել դա, քանի որ չի ստացվի, բայց կասեմ, որ թվում էր, թե նա դուրս է մարդկային ցեղից, անդամ է մեկ այլ ցեղի, բայց դե՝ մենք հո գիտենք, որ անհնար է այսպիսի բանը։

Բայց, ինչպես ասվում է, նա ուրիշ էր։  

Նրա շնչառությունը հե՛նց ուրիշ էր: Շնչել այն օդը, երբ ինքը շնչել էր. այն դառնում էր տարբեր: Եվ դա նրա համար այլ դեր էր խաղում, քան օդը՝ ուրիշների համար: Նրա ձայնը, օրինակ, մարդկային սահմաններից դուրս էր: Այն մեղմ էր եւ արտասովոր կերպով սրտաշարժ այնպես, որ այն լսելով՝ ոչ ոք չգիտեր ինչ անել, որպեսզի ցույց տար իր բացարձակ նվիրվածությունն առ վերջինիս, ինչ էլ որ լիներ, այն դարձել էր ձայնի մեկ այլ աստիճան, մարդկային շունչն օգտագործելու մեկ այլ աստիճան:

Եվ անգամ այն ժամանակ, երբ այս փոքրիկ մարմինը, որ ներառում էր անհայտ եւ անգիտակից անձնավորությանը, որ արդեն ամբողջովին իրական էր, եւ դառնում էր տարբեր ամեն օր եւ ամեն օրվա յուրաքանչյուր ակնթարթ, հանկարծ վրդովվում էր իր հանդեպ որեւէ մեկի դավաճանությունից կամ անբարեխիղճ  վերաբերմունքից, օրինակ՝ եղբոր, ով մեծ էր իրենից երկու տարով, եւ այդ փոքրիկ մարմինը շնչում էր ավելի խորը եւ ավելի արագ, որպեսզի բղավեր շիկացած զայրույթով, նրա ձայնը հանկարծ դարձավ ձայնը նրա, ով ակնհայտորեն պատկանում էր մարդկային ընտանիքին, բայց միայն ինչ-որ հաջողակ սխալի պատճառով, հաջողակ, այսինքն՝ բոլորիս, մասնավորապես իմ՝ հոր համար:

Բղավելով սպառնալիքներ եւ անեծքներ իր ճշմարտության դեմ հանցավոր մեկին՝ փոքրիկ աղջիկը դեռեւս բացարձակ հրճվանքի մեջ էր, եւ ես շարունակ զարմանում էի այս ամենի կախարդանքով:

Ինչպե՞ս է պատահում սա:

Դե, եթե մենք չգիտենք, դա իսկապես մեծ նշանակություն չի ունենում, քանի որ, ամեն դեպքում, ինչ էլ որ պատահի, այն կանհետանա ինքն իրեն, եւ ահա, ձեր առաջ կանգնում է երիտասարդ լեդին աշխարհի, իրական աշխարհի, ինչպես ասում են: Իրական, իրական, իրական աշխարհի, որն ինքն իրենով կարող է ավելի ամբողջական եւ ճշգրիտ լինել: 

Ենթադրում եմ, որ ինչ-որ բան այն ամենից, ինչ ես նկատեցի իմ աղջկա մեջ, երբ նա դեռ շատ փոքրիկ էր, հավանաբար՝ նկատած կլինեն նաեւ մյուս հայրիկներն իրենց աղջիկների մեջ, եւ ապա ողջ կախարդանքը հօդս է ցնդում՝ ասես խատուտիկի կոտրված տիեզերականություն:

Փոքրիկ կտորները, ձեւավորելով հավերժության կախարդական շրջապտույտը, փոքր-ինչ առանձնանում են միմյանցից, նրբորեն կոտրվում է կառուցվածքը, եւ դա կյանքի այդ հատվածի եւ մեկ ուրիշ փոքրիկ աղջկա պատմության ավարտն է:

Հավանաբար այն, ինչ տեղի է ունենում, անհանգստացրել է շատ բանաստեղծների, ովքեր ունեին տաղանդ, բայց ոչ շատ իմաստ. անխուսափելիություն:

Եվ այս անխուսափելին, անշուշտ, բավականաչափ սովորական մի բան է, որպեսզի արժանի լինի հարգանքի ամեն մի նշույլի եւ խնամքի, որ կարելի է ցուցաբերել վերջինիս:

Միլիարդ տարվա կուտակված փորձի թռիչքի նման մի բան է տեղի ունենում արտաքին տարածությունից դուրս եկած պստիկ նորեկի մարմնում, այսպես ասած:

Այժմ նա այստեղ է՝ անձի մեջ, ամբողջական, բայց նրա մոտ չկա նույնիսկ ամենափոքր հուշ այդ ուրիշ տեղից կամ ճանապարհից, կամ ճշմարտությունից: Եվ նա չունի այդ ժամանակի եւ տեղի վարքագծից ոչ մի մասնիկ, երեւի բացառությամբ ուշ երեկոյի ցածր եւ փափուկ հոգոցից։ 

Այո, իմ փոքրիկ աղջկան իմանալը հաճելի էր՝ այնպես, ինչպես իմ տղան՝ հիասքանչ, մինչեւ յուրաքանչյուրը դարձավ մարդկային ցեղի լիարժեք անդամ՝ ընտրությամբ, պրակտիկայով, փորձով, դիրքով, նպատակով, ճակատագրով, օրենքով:

Դե իհարկե։ Ահա թե ինչպես է այն ստացվել, ինչպես է աշխարհը մնացել կենդանի, եւ թե ինչպես է մարդկային ցեղը մնում մարդկային եւ հիմար, բայց, միեւնույն ժամանակ՝ անսպառ գրավիչ իր հիմարության, անհեթեթության եւ քաղքենիության մեջ:

Ուրիշ որեւէ մե՞կը։ Դուստր եւ որդի, քիչ թե շատ սպասելի է սա։

Ուրիշ որեւէ մեկը, հատկապես անծանոթնե՞րը։ Դե, եղել են շատերը, որոնց իմացել եմ մի կարճ ժամանակ, ովքեր, կարելի է ասել, ընդհանուր վերցրած՝ հաճելի էին, բայց հնարքը սրա նրանում է, որ այսպիսի մարդկանց իմացել եմ միայն մի կարճ ժամանակ։ Նրանք այն չէին իրականում, ինչպիսին թվում էին։ Նրանք ֆանտաստիկ եւ հրաշալի էին միայն հենց այդ պահի համար։

Թարգմանությունը՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ