Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին

Գրեթե բոլորը, խոսելով 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, այն անվանում են հեղափոխություն: Փորձենք պարզել՝ արդյո՞ք տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե՝ ոչ:

Հեղափոխություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ փոխվում են պետության քաղաքական, տնտեսական կառուցվածքի հիմքերը:

Արդյո՞ք Հայաստանում տեղի է ունեցել պետության քաղաքական, տնտեսական կառուցվածքի հիմքերի փոփոխություն թե՝ ոչ:

Համաձայն քաղաքագիտության՝ ըստ պետական կառավարման ձևի պետությունները լինում
են երկու տեսակի՝ միապետություն և հանրապետություն: Այս երկու տեսակները իրենց հերթին բաժանվում են ենթատեսակների՝ միապետությունն ունի երկու ենթատեսակ՝ բացարձակ և
սահմանադրական, իսկ հանրապետությունը՝ երեք ենթատեսակ՝ նախագահական, խորհրդարանական և կիսանախագահական կամ խառը:

Ըստ պետական կառավարման ձևի Հայաստանը մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունները և դրանից հետո եղել և հանդիսանում է որպես խորհրդարանական-հանրապետական կառավարման ձև ունեցող պետություն:

Այսինքն՝ կառավարման ձևի առումով 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել Հայաստանում: Քաղաքագիտության համաձայն՝ ըստ պետական կառուցվածքի պետությունները լինում են երեք տեսակի՝ ունիտար, դաշնային կամ ֆեդերատիվ և համադաշնային կամ կոնֆեդերատիվ:

Ըստ պետական կառուցվածքի՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2018թ. ապրիլմայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունները և դրանից հետո եղել և հանդիսանում է ունիտար պետություն: ՀՀ-ն շարունակում է ունենալ մեկ միասնական սահմանադրություն, մեկ միասնական օրենքներ, մեկ միասնական պառլամենտ, կառավարություն և այլն:

Այսինքն՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների արդյունքում պետական կառուցվածքի առումով ևս Հայաստանում տեղի չի ունեցել որևէ փոփոխություն:Տեսական վերլուծությունից բացի, դիմենք օրինակներին.

Արդյո՞ք Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը կարելի է համեմատել օրինակ 1789 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության հետ: Ի՞նչ տեղի ունեցավ Ֆրանսիայում. տապալվեց կայսրը, և ֆրանսիան դարձավ հանրապետութուն, այսինքն՝ վերացվեց պետական կառավարման միապետական ձևը և հաստատվեց հանրապետական ձևը:

Արդյո՞ք Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը կարելի է համեմատել օրինակ 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ: Ի՞նչ տեղի ունեցավ Ռուսաստանում. տապալվեց ցարը, և Ռուսաստանը դարձավ հանրապետութուն, այսինքն՝ վերացվեց պետական կառավարման միապետական ձևը և հաստատվեց հանրապետական ձևը:

Արդյո՞ք Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցածը կարելի է համեմատել օրինակ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղափոխության հետ: Ի՞նչ տեղի ունեցավ Պարսկաստանում. տապալվեց շահը, և Իրանը հռչակվեց որպես իսլամական հանրապետություն, այսինքն՝ վերացվեց պետական կառավարման միապետական ձևը և հաստատվեց հանրապետական ձևը:

Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք պնդել, որ Հայաստանում տեղի չի ունեցել պետության քաղաքական կառուցվածքի հիմքերի փոփոխություն: Այսինքն՝ ըստ պետական կառավարման ձևի Հայաստանը ինչպես մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում էր հանրապետական կառավարման ձև ունեցող պետություն, այնպես էլ այսօր շարունակում է հանդիսանալ հանրապետական կառավարման ձև ունեցող պետություն:

Այժմ տեսնենք՝ արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցել է տնտեսական կառուցվածքի հիմքերի փոփոխություն, թե՝ ոչ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Ինչպես մինչ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, այնպես էլ դրանից հետո Հայաստանի տնտեսական կարգի հիմքը եղել և մնում է սոցիալական շուկայական տնտեսությունը: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը օրինակ չի դարձել պլանային, կամ պլանային չի եղել մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, որ հիմա դարձել է շուկայական և այլն:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Հայաստանի տնտեսական կառուցվածքի հիմքերի փոփոխություն նույնպես տեղի չի ունեցել:

Հետևաբար, հիմնվելով վերոնշյալ վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի անվանել հեղափոխություն:

Հիմա հարց. եթե Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն չէր, ապա ի՞նչ էր: Գու՞ցե իշխանափոխություն էր: Պետք է ասել, որ տեղի ունեցածը չի կարելի անվանել նաև իշխանափոխություն: Առհասարակ իշխանությունը երբեք չի փոխվում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ որևէ այլ երկրում, այլ փոխվում են իշխանությունը ստանձնողները: Այս իմաստով Հայաստանում տեղի ունեցածը չի կարելի անվանել նաև իշխանափոխություն:

Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները ո՛չ իշխանափոխություն էին, ո՛չ էլ առավել ևս հեղափոխություն: Հայաստանում տեղի է ունեցել վարչակազմի փոփոխություն:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի վարչակազմը հանրապետական կուսակցությամբ հեռացել է իշխանությունից և իշխանությունը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի վարչակազմը քաղաքացիական պայմանագիր կուսակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ 

Քաղաքագետ