Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կկատարվի միայն 50+1 անհամապատասխանության դեպքում

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը կկատարվի միայն 50+1 անհամապատասխանության դեպքում

Եթե պաշտոնատար անձը կարողանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին վարույթի ժամանակ ապացուցել, որ դրա մի մասը օրինական է, ապա հայց հարուցելիս 50 միլիոն դրամի շեմը չի հաղթահարվում և վարույթը չի շարունակվում։

Այսօր պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ՝ փոխնախարար Սրբուհի Գալյանը, երբ ավագ դատախազներից մեկը նրան հարց ուղղեց։ Այն է՝ նախագծով՝ որպես ուսումնասիրություն շեմ ամրագրված է 50 միլիոն դրամը, սակայն հստակ նշված չէ, թե ինչպես է իրականացվելու ուսումանասիրությունը, եթե հետագայում ապօրինի ճանաչված գույքի նկատմամբ բարելավումներ են իրականացվել, ինչպե՞ս է որոշվելու գույքի չափը։ Նաև լրացնող հարց՝ եթե 50 միլիոնի մի կեսը պաշտոնատար անձը կարողանում է հիմնավորել, իսկ մյուս 25 միլիոնը չի կարողանում, ի՞նչ է լինելու այդ դեպքում։ Ներկաներից շատերն ի նշան համաձայնության տմբտմբացնում էին գլուխները։

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ցանկացած դեպքում բռնագանձումը կատարվում է այն դեպքում, եթե անհամապատասխանությունը  50+1 է։ «Այսինքն՝ եթե դատախազությունը հայտնաբերել է, ենթադրենք, 51 միլիոնի անհամապատասխանություն,և եթե անձը կարողանում է հիմնավորել դրա 20,10 կամ 30 տոկոսը, էս դեպքում վարույթն արդեն շարունակություն չի կարող ունենալ, քանի որ դատարանում հայց հարուցելու շեմը չի հաղթահարվում։