Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց, բայց նա կզրկվի 5 տարի համայնքը կառավարելու իրավունքից։ Ամբաստանյալներից Լուսինե Ավետյանն էլ արդարացվեց։

Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։ 

Գորիսի 30-ամյա քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։ Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպաններն էլ քրեական գործը որակում են որպես քաղաքական հետապնդում։