Ահաբեկչությունների նոր ալիք. «Կրոկուս»-ի ողբերգության դասերը

Ահաբեկչությունների նոր ալիք. «Կրոկուս»-ի ողբերգության դասերը

Այն, որ ահաբեկչությունը գլոբալ չարիք է, ոչ մեկը չի կասկածում։ Քաղաքակիրթ մարդկությունը, աշխարհաքաղաքական մեծուփոքր դերակատարները մշտապես հակաահաբեկչական պայքարի կոչեր են հնչեցնում, գուժում դրա անդառնալի հետեւանքների մասին։ Բայց ահաբեկչությունը՝ ինքնահարաճուն վիշապի պես, շարունակում է երկար ու սուր ճանկերը տարածել մոլորակի տարբեր անկյունների վրա՝ ի հեճուկս համամարդկային պայքարի եւ հուսահատ ջանքերի։

Oրերս հրապարակվեց 2024 թվականի գլոբալ ահաբեկչության ինդեքսը (GTI)․ այն համապարփակ ուսումնասիրություն է, որը վերլուծում է ահաբեկչության ազդեցությունը 163 երկրների վրա: Ահաբեկչության զրոյական ազդեցություն ունեցող երկրների ցանկում Հայաստանը 76-րդ տեղում է` ցածր մակարդակով։ Ադրբեջանը զբաղեցնում է վերջին տեղը՝ 89-րդ։ Ահաբեկչական ամենամեծ վտանգ ունեցող երկրների ցանկը գլխավորել է Բուրկինա Ֆասոն (8571), երկրորդ տեղում Իսրայելն է (8143), երրորդը՝ Մալին (7998)։ Առաջատար երկրների հնգյակը եզրափակում են Պակիստանը (7916), Սիրիան (7,89) եւ Աֆղանստանը (7825):

Վերջին օրերին, եթե կուզեք՝ վերջին ժամերին, ահաբեկչությունը կրկին ակտիվացել է երկրագնդի տարբեր կետերում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում։ Իսկ մարտի 22-ին մերձմոսկովյան Crocus City Hall-ի համերգասրահում կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվեց ավելի քան 140 մարդ, այդ թվում՝ հայազգի Լիլիթ Իսրայելյանը, երեխաներ, անմեղ քաղաքացիներ, շուրջ 200 հոգի էլ վիրավորվեցին։ Ահաբեկչության մեջ կասկածվող չորս անձ` Տաջիկստանի քաղաքացիներ, կալանավորվել են եւ նախնական ինքնախոստովանական ցուցմունքներ տվել։
Ահաբեկչությունից շուրջ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինը հայտարարեց՝ ներում չի լինելու։ Բայց այդ մասին նա խոսեց զինված հարձակումից մեկ օր հետո, ինչը նրա քաղաքական եւ ռազմական հակառակորդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հեգնանքի առիթ տվեց` ասելով, որ Պուտինը մեկ օր լռեց, որպեսզի կատարվածի մեղքը բարդի Ուկրաինայի վրա։ 

Մեղավորների մասով․ արեւմտյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ պնդեցին, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը, թեպետ որեւէ առարկայական ապացույց չի ներկայացրել այդ առնչությամբ։ Թուրքիայում այլ տեսակետներ են շրջանառվում, որ պատասխանատուն ԱՄՆ-ն է եւ անձամբ Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը։ Թուրքական Vatan (Հայրենիք) կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը հայտարարել է միջադեպին Վաշինգտոնի մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ առանց պատճառի չէ, որ Արեւմուտքն ակտիվ որոնումներ է նախաձեռնել արյունալի սպանդի պատվիրատուի համար՝ կատարվածի մեջ մեղադրելով ԴԱԻՇ-ին։ Դրանով Վաշինգտոնը պարզապես ցանկանում է հիմարեցնել բոլորին եւ շեղել կասկածներն իրենից՝ կարծում է նա։ «Սա, անկասկած, «անվտանգության առաքելություն» է` ԱՄՆ պետության եղունգների եւ ժանիքների անվտանգության առաքելություն։ Ահաբեկչական կազմակերպության ինքնության մասին խոսակցություններն իրականում քողարկում են Բայդենի ահաբեկչական ապարատը»,- «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Փերինչեքը։ 
Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, ի թիվս այլնի, հնարավոր է դարձել Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով եւ կարող է կրկնվել ամերիկյան տարածքում՝ նշել է ամերիկյան Սենատի հետախուզության հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն`փոխանցում է ABC-ն։ «Նրանք հազարից էլ քիչ զինյալներ ունեին, իսկ հիմա վերականգնվել են։ Եվ դա՝ մասամբ այն պատճառով, որ հեռանալով Աֆղանստանից, մենք չկարողացանք կանոնավոր հարվածներ հասցնել նրանց»,- ասել է Ռուբիոն:

Ի դեպ, պարզվում է, որ Crocus City Hall-ի ահաբեկչության կազմակերպիչները զուգահեռաբար մեկ այլ ահաբեկչություն էին նախապատրաստում Կենտրոնական Ասիայի երկրներից մեկում, սակայն այն կանխվել է։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը: Աղբյուրը չի նշել երկիրը, սակայն նշել է, որ այն պետք է տեղի ունենար Crocus City Hall-ի վրա կատարված զինված հարձակման հետ մոտավորապես նույն ժամին։ Ուշագրավ է, որ մերձմոսկովյան ահաբեկչությունից առաջ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Գերմանիան եւ այլն, ՌԴ-ում գտնվող իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել անհապաղ լքել դաշնության տարածքը կամ խուսափել հանրային մեծ միջոցառումների, հավաքների վայրեր այցելությունից։ Նաեւ խստորեն զգուշացրել էին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։ Մերձմոսկովյան ողբերգությունից հետո ահաբեկչական բարձր սպառնալիքի մասին իրենց երկրի տարածքում հայտարարեցին Գերմանիան եւ Ֆրանսիան։ Այս տարվա հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 11-ը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերը կարող են դառնալ ահաբեկիչների «հիմնական թիրախը»՝ գրում է The New York Times-ը` վկայակոչելով արեւմտյան հետախուզության աղբյուրներն ու փորձագետների տեղեկությունները։ Ըստ ամերիկյան պարբերականի, հակաահաբեկչության դեմ պայքարի փորձագետները կարծում են, որ մերձմոսկովյան համերգասրահի վրա հարձակումը կարող է դրդել «Իսլամական պետությանը»՝ կրկնապատկելու հարձակումները Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայում, Բելգիայում եւ Մեծ Բրիտանիայում: Հիմնական գործոնները, որոնք կարող են գրոհայիններին ոգեշնչել՝ հարձակվել, Եվրոպայում «քնած բջիջների» առկայությունը եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակն է՝ NYT-ին ասել է արեւմտյան երկրներից մեկի անանուն հետախույզը:

Կրասնոգորսկի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության օրերին ուշագրավ լուր ստացվեց այն մասին, որ Մոսկվայից Երեւան թռչող կին ուղեւորն ագրեսիվ վարք է դրսեւորել օդանավում եւ հայտնել, որ իր ուղեբեռում ռումբ կա։ Դրա հետեւանքով չվերթը հետաձգվեց, բայց պարզվեց, որ կինը սուտ է ասել կամ կատակել է։ Փաստորեն, ահաբեկելը դարձել է սովորական երեւույթ, եւ ոչ մեկն ապահովագրված չէ ո՛չ հնարավոր սպառնալիքից, ո՛չ դրա հոգեբանական տրավմայից։ Նկատենք, որ ՌԴ-ում արդեն սկսել են խոսել միգրանտների նկատմամբ հսկողությունը խստացնելու, ինչպես նաեւ մահապատժի վերականգնման մասին։ Սա արդեն լուրջ մարտահրավեր է, որը կարող է չշրջանցել նաեւ ՀՀ քաղաքացիներին կամ ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերին։

Մարտի 24-ին էլ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժեցին զինված 3 անձ, որոնք, ենթադրաբար, «Սասնա ծռերի» աջակիցներ են։ Նրանք վնասազերծվեցին ՆԳՆ բարձրաստիճան ղեկավարների բանակցությունների եւ դիպուկահարի՝ դեպք վայր ժամանելու արդյունքում։ «Ազգային ժողովրդավարական բեւեռը», որը ձեւավորվել է «Սասնա ծռերի» հենքի վրա, տեղեկացրեց, որ «Ոստիկանությունը մարտի 25-ի վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԱԺԲ աջակիցների բնակարաններում»։ Հիշեցնենք, որ նախքան Նոր Նորքի ոստիկանությունում կատարված միջադեպը, իրավապահները բերման էին ենթարկել «Մարտական եղբայրություն» շարժման ներկայացուցիչներին, ըստ ամենայնի, Ոսկեպարի այցը խափանելու միջոցառումների շրջանակում։
Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ է հայտնում, որ ահաբեկչություն են կանխել․ ըստ գերատեսչության հաղորդագրության, կալանավորվել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք մահափորձ են ծրագրել Լենքորանի քաղաքապետի, ինչպես նաեւ օտար լեզվի ուսուցչի դեմ։ Ադրբեջանի դեպքում, ահաբեկչության մասին խոսելիս, պետք է մեկ էական առանձնահատկություն հիշատակել։ Այն, ինչ Բաքվում, ինչու չէ՝ նաեւ Թուրքիայում, ահաբեկչություն կամ հակաահաբեկչություն են որակում, բոլորովին այն չէ, ինչ նկատի է առնում առաջադեմ աշխարհը։

Ադրբեջանի բնորոշմամբ՝ «իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վերականգնել են 2023 թ․ սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողությունների արդյունքում», մինչդեռ խոսքը հակահայ էթնիկ ու ցեղասպան քաղաքականության մասին է, որի հետեւանքով հայաթափվեց Արցախը, ու 100 հազարից ավելի արցախցիներ բռնի տեղահանվեցին։ Անկարան էլ վերջին օրերին ազդարարում է Սիրիայում եւ Իրաքում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին՝ դարձյալ «հակաահաբեկչության» անվան տակ։ 
Չմոռանանք, որ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը կենաց-մահու պայքար էր մղում ոչ միայն ադրբեջանա-թուրքական տանդեմի, այլեւ ահաբեկչական խմբավորումների եւ վարձկանների դեմ։ Ու քանի դեռ գործ ունենք նման հարեւանների հետ, ահաբեկչության դեմ պայքարը պետք է դառնա Հայաստանի անվտանգային կենտրոնաձիգ գործիքներից ու զենքերից մեկը: